Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր վերգետնյա ջրային ռեսուրսների մոտ 70-80% -ը տալիս ենք հարեւան երկրներին

Հուլիս 15,2021 16:01

«Պատերազմի հետեւանքով Քարվաճառում Թարթառ, իսկ Լաչինում՝ Հագարի գետերն իրենց վտակներով կորցրել ենք։ Այդ գետերը հիմնականում օգտագործում էին էներգետիկ նպատակներով եւ Սարսանգի ՀԷԿ-ի հետ միասին արտադրում էին գրեթե երկու անգամ ավելի էլեկտրաէներգիա, քան Արցախում պահանջվում է։ Թարթառից ոռոգվում էին նաեւ որոշ տարածքներ եւ արդեն մեծ ծրագրեր էին սկսվել իրականացվել նոր ոռոգելի տարածքներ ներգրավելու համար»,-այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում քննարկման ժամանակ ասաց տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանը։

Քննարկման մյուս մասնակիցը՝ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանն էլ նկատեց՝ խնդիրն է այն է, թե արդյոք մենք կարող ենք ջրային ռեսուրսները նորմալ կառավարել, կարո՞ղ ենք այնպես օգտագործել, որպեսզի մեր ջրային անվտանգությունն ապահովված լինի․« Մենք մեր վերգետնյա ջրային ռեսուրսների մոտ 70-80% -ը տալիս ենք հարեւան երկրներին։ Այսինքն՝ ինչպե՞ս ենք պահում մեր ջուրը։ Այս հարցը քանի տարի է՝ բարձրացնում ենք ոլորտի պատասխանատուների մոտ։ Ասում են՝ այո, պետք է պահենք մեր ջուրը ու միշտ լղոզված պատասխաններ են տալիս»։

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն էլ նշեց՝ ունենք խնդիրներ, որոնք տարիներ առաջ կային, այսօր էլ սրվում են եւ հիմա կլիմայի փոփոխությունը մանրադիտակի տակ է դնում մեր ջրային ռեսուրսների կառավարման բոլոր խնդիրները, սկսած նրանից, որ պատշաճ չենք օգտագործում առկա աղբյուրները, պատշաճ չենք ամբարում․ «Եթե մենք ջրամբարներում հավաքում ենք, ապա այդ ջրամբարներն որքանով են ապահովված եւ որքանով ենք մենք ջրային թույլտվություններ տալիս, գնահատում խնդիրները, որոնք կան ստորերկրյա ջրերի օգտագործման հետ կապված։ Ազգային զեկույցի համաձայն, եթե նախկին տարիներին ջրօգտագործման մասնաբաժինները տարբեր աղբյուրներից, հիմնականում ոռոգման ջուրն էր, ապա վերջին տարիներին ոռոգման ջրին գրեթե հավասար ձկնաբուծությունն է ջրային թույլատվություն ստացել, օրինակ՝ 2017 թվականի տվյալով, որը երեւի թե շարունակվում է հիմա էլ»։

Տիկին Հարությունյանի ներկայացմամբ՝ կլիմայի փոփոխությունն ավելի է սրել ջրամբարաշինության, ջրի ճիշտ պահեստավորման եւ ջրախնայող տեխնոլոգիաների, կորուստների նվազեցման խնդիրները եւ ավելի մեծ ռիսկի տակ է դնում մեր ոռոգման եւ խմելու ջրի անվտանգությունը։

«Գյուղատնտեսությունը, գյուղական վայրերի անվտանգությունը, գյուղերից միգրացիայի ռիսկը կախված է նրանից, թե որքանով է շահավետ զբաղվել գյուղատնտեսությամբ։ Օրինակ՝ սկսված 2000 թվականից մինչեւ 2017-ը երաշտի դեպքերի քանակը երկու անգամ ավելանում է։ 2000 թվականի երաշտը հանգեցրել էր պարենային այնպիսի անվտանգության, որ մենք հացահատիկի օգնություն ենք խնդրել ՀԲ-ից եւ ստացել: Այս եւ նախորդ տարիներին նույնպես երաշտ կա եւ խնդիրը միայն հողում խոնավության պակասը չէ, կա մթնոլորտային խոնավություն, որը երեսուն աստիճան ջերմաստիճանի բարձրացման դեպքում, որքան ուզում ես՝ ոռոգի, միեւնույն է բուսականությունը սթրեսի է ենթարկվում, բերքատվության անկում է լինում։ Այս խնդիրները սրվել են այս վերջին տարիներին»։

Տիկին Հարությունյանն ասաց, որ ջրամաբարաշինությունը միշտ եղել է կարեւոր խնդիր, տարիներ առաջ մշակվել էր ջրամբարաշինության ռազմավարություն, բայց դրա իրականացումը շատ թերի էր։ Վերջին տարիների փոփոխությունը Վեդիի ջրամբարի կառուցումն էր, որը նախատեսվում էր ավարտին հասցնել հաջորդ տարի, սակայն տիկին Հարությունյանը կասկածում է, որ այն ժամանակին կավարտեն, նույնն է իրավիճակը Կապսիկի ջրամբարի դեպքում․ «Տեսնում ենք՝ ինչ է կատարվում Ախուրյանի ավազանի եւ Շիրակի հարթավայրի տարածքներում, այնտեղ երաշտն ու ոռոգման ջրի պակասը երկար տարիներ է, որ լուրջ խնդիր է, եւ հիմա սրվել է նաեւ Ախուրյան գետի հոսքի պակասի հետ կապված՝ Թուրքիայի տարածքում խոշոր ջրամբարների կառուցման։ Եվ եթե մենք նայում ենք ջրամբարներում կուտակումների հնարավորություններն ու համեմատելով հարեւան երկրների հետ՝ 4,5 անգամ ավելի քիչ է, քան Թուրքիայում, քիչ է, քան Ադրբեջանում, քիչ է, քան Վրաստանում»։

Ինեսսա Գաբայանն էլ հավելեց՝ ջրային սակավությունը, երաշտը կապել միայն գլոբալ տաքացման հետ՝ նման է ջայլամի քաղաքականության․ «Ինչ երաշտի մասին է խոսքը, եթե մեր ջրատնտեսական համակարգերում կորչում է ջրի 70-80%-ը։

Այսօր առաջարկվում է վերանայել ոռոգման համակարգը, նոր տեխնոլոգիաներ ներդնել։ Դա լավ է հնչում, սակայն դա իրականացնել չի նշանակում միայն գյուղացու հողատարածքի վրա կաթիլային համակարգը դնել։ Վերջերս հարցազրույց էի նայում, եւ ոլորտի պատասխանատուներից մեկն ասաց՝ կաթիլային համակարգերի երեք տարվա ներդրումից հետո մենք բացահայտեցինք, որ անհրաժեշտ է նախ ունենալ ջրավազան։ Ցանկացած մասնագետ, որը նախագծում է կաթիլային համակարգ, գիտի, որ այդ համակարգի գլխավոր օղակներից մեկը ջրավազանն է»։

Տիկին Գաբայանը նույն հարցազրույցի մեկ այլ մասնակցի էլ անդրադարձավ, ասաց, որ ներկա էր Ջրային կոմիտեի նախագանը, եւ նա փոխանակ խոսեր պետական նշանակության ջրային ոլորտի հիմնախնդիրներից՝ խոսում էր ընդամենը ջրօգտագործողը պայմանագիր կնքե՞լ է, թե՞ ոչ․ «Կոմիտեի նախագահը գլխավոր հարցերն ու անհանգստությունը պետք է ուղղի ջրամբարների, մայր ջրանցքների, ջրի հաշվառման խնդիրներին, որոնց պատասխանատուն պետությունն է։ Շատ կարեւոր է քաղաքական կամք արտահայտել այդ խնդիրները լուծելու համար»։

Դիանա Հարությունյանն էլ նշեց, որ ջրային համակարգը հնացած է եւ այն շատ մեծ ներդրումներ է պահանջում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031