Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռեկտ խոսեք մեր երկիր ժամանած հյուրերի մասին». Անահիտ Ավանեսյանը պատվաստվելու համար Հյուսիսային պողոտայում գիշերող իրանցիների մասին

Հուլիս 15,2021 15:46

Հարցին՝ որքա՞ն իրանցու ենք պատրաստ պատվաստել, քանի որ ցանկացողները շատ են եւ մեր երկիր պատվաստվելու նպատակով ժամանող իրանցիների հոսքը չի դադարում, առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ի պատասխան ասաց՝ չեմ կարող ասել, կախված՝ ինչքան կունենանք պատվաստանյութ. «Կախված՝ սահմանափակումները կբացվեն, կփակվեն եւ շատ ճկուն կերպով մենք պետք է կառավարենք մեր մնացորդները, որպեսզի մեր քաղաքացիները որեւէ պահի չունենան պատվաստանյութի պակաս»:

Անահիտ Ավանեսյանը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Լրագրողների հարցին՝ երբ ասում էին՝ բժշկական տուրիզմը պետք է զարգացնել` նկատի ունեին օտարերկրացիների պատվաստումնե՞րը:

Նախարարի ուշադրությունը հրավիրեցին Հյուսիսային պողոտայում ստեղծված իրավիճակին, երբ իրանցիները պատվաստվելու համար գիշերում են պողոտայում եւ այն կարծես վերածվել է «անօթեւանների բնակատեղիի», ի պատասխան Անահիտ Ավանեսյանը հորդորեց մեր երկիր ժամանած հյուրերի նկատմամբ լինել կոռեկտ եւ զգույշ ձեւակերպումների մեջ. «Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ այդ ծառայությունները ստանալիս կուտակումներ չլինեն, հերթեր չառաջանան` դրա համար էլ կազմակերպում ենք, որ լինեն հերթագրման մեքենաներ»:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում օտարերկրացիների՝ Հայաստանում լինելու տասնօրյա պայմանը, որի դեպքում միայն նրանք կարող են մեր երկրում կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվել: Այդպիսի որոշումն, ըստ տիկին Ավանեսյանի, պայմանավորված է մեր երկրում առկա պատվաստանյութի պաշարներով: Երկրորդ դեղաչափը ստանալու պայմանը նույնն է՝ տասը օր: Անահիտ Ավանեսյանի խոսքով, գուցե վերանայեն այդ պայմանը, եթե պատվաստանյութի քանակներն ավելանան:

Նրա տվյալներով, այսօրվա դրությամբ մեր երկրում պատվաստվել է 111 հազար քաղաքացի:

Դիտարկմանն ի պատասխան, որ Հայաստանը ձեռք է բերում պատվաստանյութեր պետբյուջեի հաշվին եւ այդ գումարներով ՀՀ-ում պատվաստվում են օտարերկրացիները՝ անվճար հիմունքներով, իսկ ՀՀ քաղաքացիների համար արտերկրում պատվաստանյութերը վճարովի են, Անահիտ Ավանեսյանը նշեց, որ սա մարդասիրական նպատակ ունի. «Մեր նպատակն է՝ ե՛ւ քովիդի բուժման ժամանակ ե՛ւ, դրանից հետո պատվաստումը հասանելի դարձնել Հայաստանում գտնվող օտարերկրացիների համար: Այն կրել է մարդասիրական եւ զուտ հակահամաճարակային հստակ նպատակ։ Քովիդը չի ճանաչում ո՛չ քաղաքացիություն, ո՛չ կարգավիճակ, ո՛չ տարիք։ Պետությունը հնարավորինս պետք է անի՝ վարակի տարածումը կանխելու համար»։

Նա նաեւ ասաց, որ կառավարությունը պետք է հաշվարկի եւ նժարի վրա դնի՝ ինչն է ձեռնտու՝ մի փոքր վճարի պատվաստանյութի ձեռքբերման համար, բայց արդյունքում տնտեսական արդյունքն ավելի մեծ լինի, երբ օտարերկրացին գալիս է Հայաստան, գումար ծախսում, նաեւ ճանաչում մեր երկիրը եւ վարկանիշը բարձրացնում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031