Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան, պատասխանելով Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, թե խաղաղության պայմանագիր չի լինի, քանի դեռ Արցախի կարգավիճակը որոշված չէ, հայտարարել է, թե Հայաստանը դասեր չի քաղել պատմությունից:
«Ավինյանը կարծես թե մոռացել է, որ ընտրություններն անցյալում են, և այսօր պետք է զբաղվել ոչ թե պոպուլիզմով, այլ իրական գործերով: Ընդհանրապես, Հայաստանի պաշտոնական դեմքերի հայտարարությունները, որոնք չեն համընկնում տարածաշրջանում ձևավորված նոր իրողության հետ, առաջին հերթին ուղղված են հենց իրենց դեմ: Տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և առաջընթացի հասնելու լավագույն միջոցը հարաբերությունների կարգավորումն է՝ հիմնված հարգանքի և միջազգային իրավունքի սկզբունքներին հետևելու վրա: Դա այն դիրքորոշումն է, որը միշտ ցուցաբերում է Ադրբեջանը»,- ասել է Աբդուլլաևան:
Նրա խոսքով՝ «Ադրբեջանը կառուցողականության կողմնակից է», և այդ պատճառով էլ «իր տարածքների օկուպացման գործոնը չեզոքացնելուց հետո» պատրաստակամություն է հայտնել կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:
Ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ըստ Աբդուլլաևայի, իրենք բազմիցս հայտնել են իրենց դիրքորոշումն այդ հարցում:
Կարդացեք նաև
«Հուլիսի 14-ի իր ելույթում մեր պետության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է. «Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր: Լեռնային Ղարաբաղ չկա, կա Ղարաբաղ»,- հիշեցրել է Աբդուլլաևան՝ ափսոսանք հայտնելով, որ այնուամենայնիվ, որոշ միջազգային ներկայացուցիչներ առաջ են քաշում տեսակետ, որը մոտ է Հայաստանի դիրքորոշմանը:
«Ցավոք, դատարկ խոստումներն ու պատրանքները, որոնք հնչեցնում են այդ մարդիկ, Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում: Հայաստանը պետք է դա հասկանա և եզրակացություն անի անցյալից և պատմությունից»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ