Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանցից մեկի օրոք հոկտեմբերի 27 է եղել, խնդիր չեք տեսնո՞ւմ, ԱԺ-ում թնդանոթներ չպետք է հայտնվեն»․ Աղազարյան

Հուլիս 15,2021 15:38

«Պետք է արձանագրել, որ ԱԺ են մտնում երկու ընդդիմադիր ուժեր, որոնցից մեկի ղեկավարը հոկտեմբերի 27-ի ժամանակ ՀՀ ղեկավարն էր, իսկ մյուսի ղեկավարը՝ ԱԱԾ պետը։ Դուք այստեղ խնդիր չեք տեսնո՞ւմ։ Ակնարկում եմ, որ պետական պահպանությունն ավելի հստակ պետք է իրականացնի իր գործունեությունը, որպեսզի ԱԺ-ում թնդանոթներ չհայտնվեն․․․իհարկե, կա վտանգ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով այն հանգամանքին, որ կառավարության որոշմամբ՝ պետական պահպանության ծառայությանը 113 միլիոն դրամ կտրամադրվի՝ պետական պահպանության ծախսերի իրագործման համար, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հարցին ի պատասխան, թե ինչի մասին է ակնարկում, նա կրկնեց․ «Պարզ հայերենով եւ ինձ ոչ հատուկ դանդաղությամբ կրկնեմ՝ նրանցից մեկի ժամանակ հոկտեմբերի 27 է եղել, մյուսը ԱԱԾ նախարար էր։ Կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն այստեղ են գալիս օրենսդրական աշխատանքի համա՞ր։ Ոչ, գալիս են իշխանություն տապալելու, որպեսզի իրենց հետ կապված գործերը լղոզվեն»։

Հարցին՝ «կարծում եք, խորհրդարան են գալիս, որ պատգամավորական անձեռնմխելիությունից օգտվե՞ն», Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Անձեռնմխելիության հարց չկա, որովհետեւ մենք ցանկացած պահի կարող ենք ցանկացած մեկին դատախազի միջնորդությամբ զրկել անձեռնմխելիությունից։ Մենք ունենք այդ մեծամասնությունը»։

Մեր հարցադրմանն ի պատասխան՝ «քաղաքական մեծամասնությամբ անձին անձեռնմխելիությունից զրկելն իրավակա՞ն որոշում է, թե քաղաքական», Հովիկ Աղազարյանը շեշտեց․ «Դե, ԱԺ-ում ցանկացած որոշում էլ քաղաքական է։ Բայց կարեւոր է, թե որն է հիմքը։ Երբ դատախազը դիմում է անձեռնմխելիությունից զրկելու համար, դա չի նշանակում, որ այդ մարդուն ձերբակալելու են։ Դա նշանակում է թույլտվություն, որպեսզի պատգամավորի հանդեպ իրավական գործընթաց սկսվի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031