Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենակ մարզեր գնալով չի, Երեւանում քաղաքացին սրճարան է հրավիրում, մի անգամ էլ դու պետք է հաշիվ փակես»․ Աղազարյան

Հուլիս 15,2021 15:20

«Ես դրական եմ վերաբերվում այդ նախագծին։ Անուններ չտամ, բայց եղել են պատգամավորներ, շատ արժեքավոր քաղաքական գործիչներ, որոնք նյութական խնդիրներից ելնելով՝ հրաժարվել են իրենց գործունեությունից, եւ այդ խնդիրները շարունակական կարող են լինել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով պատգամավորների ծախսերին հատկացվող գումարը 50 000 դրամից 250 000 դրամ դարձնելու վերաբերյալ իշխանության հեղինակած նախագծին՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Ինչ վերաբերում է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի նկատառմանը, թե մարդիկ կմտածեն՝ պատգամավորների կոշիկները մաշվել են մարզեր գնալով, Հովիկ Աղազարյանն ասաց, որ համաձայն չի նման կարծիքների հետ․ «Իրեն թվում է, թե մենակ ինքն է ակտիվորեն շփումներ ունեցել քաղաքացիների հետ, իհարկե, ունեցել է, բայց ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ինքս շատերին գիտեմ, որ ակտիվ են շփվում։ Այդ շփումները միշտ նյութական ծախսերով են ուղեկցվում»։

Նկատառմանն ի պատասխան, որ ոչ բոլոր պատգամավորներն են ամեն ամիս մարզեր մեկնում, Աղազարյանն ընդգծեց՝ պարտադիր չի, որ մարզ գնան․ «Երեւանում ընտրողների հետ շփումներ չեն լինո՞ւմ։ Կներեք, բայց կենցաղային մակարդակ իջնեմ։ Մի անգամ քեզ սրճարան են հրավիրում, հաշիվն իրենք են փակում։ Հաջորդ անգամ գեղեցիկ չի լինի, եթե նորից իրենք փակեն։ Ուստի պետք չէ ասել, թե միայն մարզերով է պայմանավորված»։

Լրագրողների զարմանքին ի պատասխան, որ ստացվում է՝ այս նախագիծը սրճարան գնալու համար է, Հովիկ Աղազարյանն ասաց․ «Հա, մի անգամ դուք եք հրավիրում, հաշիվը փակում, հաջորդ անգամ․․․գիտեք, աշխարհի շատ խորհրդարաններում այդ լրավճարն ավելի մեծ է, քան աշխատավարձը»։

Հովիկ Աղազարյանը նաեւ շեշտեց, որ խմբակցությունում այս նախագծի շուրջ թեժ քննարկումներ են եղել, ի վերջո, մեծամասնությունը կողմ է արտահայտվել․ «Ծանր, դժվար որոշում էր»։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է իշխանությունը նման քայլի գնում այս նախագծով՝ այն իշխանությունը, որ նախարարություններն օպտիմալացրեց, որպեսզի սուրճ խմողներն այլեւս աշխատավարձ չստանան։ «Գիտեք, նախկին խորհրդարաններում իշխանության ներկայացուցիչները ծրարներով գումարներ են ստացել, պատգամավորներն իրենց օգնականների քարտերն իրենց գրպանում են պահել։ Դուք դա գիտեք։ Այսօր նման բաներ չկան»,-պատասխանեց Հովիկ Աղազարյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031