Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունը՝ տալով համաձայնություն Սիսիան համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ ։
Մեր տեղեկություններով, Արթուր Սարգսյանն օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2019-2020թթ. ընթացքում կազմակերպել է համայնքապետարանի կողմից հայտարարված մրցույթներում իր հետ փոխկապակցված որոշ կազմակերպությունների, մասնավորապես «Հիդրո» եւ «Վավ Շին» ՍՊ ընկերությունների հաղթող ճանաչվելու կամ նրանց հետ մեկ անձից գնումներ կատարելու՝ շինարարական աշխատանքների եւ մատակարարման ծառայությունների մատուցման-գնման շուրջ 1.000.000.000 դրամ արժողությամբ պայմանագրերի կնքման գործընթացը։ Արդյունքում, ըստ նախնական համաձայնության մատուցված ծառայությունները կամ իրականացված աշխատանքները ողջ ամբողջ ծավալով չիրականացնելու պայմաններում նշված կապալառու կազմակերպություններին են փոխանցվել պայմանագրերում նախատեսված ամբողջ գումարներն եւ այդ կերպ յուրացման կամ վատման եղանակով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Մասնավորապես, Սիսիանի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):
Արթուր Սարգսյանը Սյունիքի թվով 4-րդ համայնքի ղեկավարն է, որի նկատմամբ քրեական վարույթ է սկսվել։ Մեղրիի արդեն նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը երկու ամսով կալանավորված են։ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մի մասով երեկ՝ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պիտի սկսվեր դատավարությունը, սակայն նիստը հետաձգվեց 15 օրով։ Չնայած այս գործով Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին, նշենք՝ ԿԸՀ–ն հուլիսի 15-ին բավարարել է դատախազության միջնորդությունը՝ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Ընտրակեղծիքներ կատարելու մեղադրանքով կալանավորված են նաեւ Գորիսի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանն ու Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ