Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Էրիկ Ալեքսանյանը դեմ չէ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը քննարկի մեղադրող կողմի միջնորդությունը`սահմանադրական կարգի տապալման գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ դիմելու միջնորդությունը, բայց չի տեսնում դրա լուծումը այս փուլում:
Վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները:
Այսօր կայացած նիստում պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանն այսպես հիմնավորեց իր դիրքորոշումը. «Եթե ընդունի `հաստատելու է երկու հանգամանք, որ կան հիմքեր ՍԴ դիմելու եւ, որ առաջին ատյանի դատարանը եղել է սխալ, որ չի դիմել ՍԴ»: Նա գտնում է, որ Վերաքննիչի որոշումը կանխորոշելու է սույն գործի քննության արդյունքում կայացվող որոշումը, ինչը անթույլատրելի է եւ իմաստազրկելու է գործի քննությունը: Ըստ պաշտպանի, նույն իրավիճակն է լինելու նաեւ մերժելու դեպքում, քանի որ այդ դեպքում էլ կանխորոշվելու է քննության արդյունքում կայացվող որոշումը: «Հարցը խնդրահարույց է, եւ դատարանն այս հարցը պետք է լուծի խորհրդակցական սենյակում`գործի քննությունն ավարտելուց հետո`կողմերի հետ միասին`պատասխանելով հարցերին`արդյոք առկա են ՍԴ դիմելու հիմքեր եւ արդյոք առաջին ատյանի դատարանը սխալ է եղել, որ չի դիմել ՍԴ»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը`հավելելով, որ իր կարծիքով, ՍԴ դիմելու հիմքեր չեն եղել` թե այն ժամանակ, թե հիմա եւ առաջին ատյանի դատարանը որեւէ նորմ չի խախտել`ՍԴ չդիմելով, մանավանդ, որ քրեադատավարական նորմերի համաձայն, առաջին ատյանի դատարանը ունեցել է իմպերատիվ պարտականություն`քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործը կարճելու:
Ավելին, Էրիկ Ալեքսանյանի գնահատմամբ, Գեւորգ Բաղդասարյանը փորձում է Վերաքննիչ դատարանին օգտագործել, որպես գործիք, մեղադրանքի փոփոխման համար, քանի որ քրեական գործը հարուցելիս եւ, առհասարակ, բոլորի, այդ թվում նաեւ պետության համար ընդունելի է եղել 35-րդ հոդվածը`քրեական վարույթի կարճումը հանցակազմի բացակայության դեպքում, իսկ այս գործի շրջանակներում այդ հոդվածը դարձել է խնդրահարույց:
Կարդացեք նաև
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ բովանդակազուրկ է համարում միջնորդությունը եւ երկու մոտիվացիա է տեսնում դատախազության կողմից` ցույց տալ ակտիվ աշխատանք կամ նախապես իմանալով գործի թերությունները, ռիսկերը, ըստ այդմ նաեւ գործի տապալման հավանականությունը, այսպիսով փորձում է դատական ատյանների հետ`տվյալ պարագայում Վերաքննիչ դատարանի հետ, պատասխանատվության բեռը կիսել`տպավորություն ստեղծելով, թե դատախազությունն աշխատում է, ջանքեր է գործադրում, իսկ ՀՀ դատարանները խոչընդոտում են դրան: «Այս միջնորդությունը ուղղված է ՀՀ դատարանների դեմ, միտում ունի նրանց անկախության սահմանափակման»: Հորդորեց մերժել միջնորդությունը:
Վկայակոչելով միջնորդության հիմքերը, որոնցում առկա չէ առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկումը, պաշտպանական կողմը գտնում է, որ, այսպիսով` ստացվում է մի իրավիճակ, որ մեղադրողը ցանկանում է, որ Վերաքննիչ դատարանը դիմի ՍԴ, որպեսզի հասնեն օրենքի փոփոխության եւ իրենք առաջին ատյանի որոշումը բողոքարկելու հնարավորություն ստանան, ինչը իրավական նոնսենս է`նաեւ այն տեսանկյունից, որ եթե անգամ այդ փոփոխությունները լինեն, դրանք այս գործով չեն կարող կիրառվել:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը պաշտպանական կողմի առարկությունները որակեց «դատարանի վրա տպավորություն գործելու» նպատակ հետապնդող եւ հակափաստարկներից շատերը համարեց զուտ «իրավաբանական հնարքներ», մի մասն էլ որակեց «քրեական իրավունքի հետ առնչություն չունեցող»: Նա տարօրինակ է համարում, որ ըստ պաշտպանների, որոշում կայացնելով դատարանը կանխակալ վերաբերմունք է դրսեւորելու, նկատելով, որ դատավարության ցանկացած պահին կողմերը կարող են ՍԴ դիմելու միջնորդություններ ներկայացնել, ինչը պաշտպանական կողմը քանիցս է կիրառել: Նա նաեւ հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը չի էլ քննարկել ՍԴ դիմելու իրենց միջնորդությունը, մերժել է այն եւ պարզաբանեց, որ մեղադրանքի վերաորակման անհրաժեշտություն առաջացել է, քանի որ այն նորմը, որով եղել է որակված մեղադրանքը, վերացվել է:
Նիստին ներկա տուժողներից Պետիկյանի նյարդերը տեղի տվեցին պաշտպաններ-դատախազ երկար իրավական վեճից. «Էս երեք տարի է՝ նույն բանն ենք լսում, շախմատային պարտիայի նման ձգձգվում է, մինչեւ ե՞րբ պիտի խաղացվի եւ ո՞վ պիտի պատասխան տա իմ աչքի եւ ականջի համար»:
Պաշտպանական կողմը վստահ է, որ մեղադրողները շատ ճիշտ են հասկացել, թե պաշտպանները ի՞նչ են ներկայացրել ու ինչո՞ւ, ուստի Հայկ Ալումյանը տարակուսեց, թե ո՞ւմ համար են մեղադրողները նենգափոխում իրենց հակափաստարկները, դրանք հնարքներ կամ մանիպուլյացիաներ համարում. «Դա արվեց տեսախցիկների համար»:
Միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի այսօր ժամը 16.00-ի սահմաններում:
Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին եւ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Մեղադրող կողմը միջնորդություն էր ներկայացրել`գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին`հիմնավորելով, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո արարքին տված ճիշտ իրավական որակում արտահայտող նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող եւ այլեւս չի գործում, մեղադրյալների նկատմամբ արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի այլ նորմերին: Առաջին ատյանի դատարանը միջնորդությունը թողել էր առանց քննության:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ