44-օրյա պատերազմի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները մեղմելու համար Արցախում հաշվառված կամ փաստացի բնակվող քաղաքացիներին սոցիալական օգնություն կտրամադրվի: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Նարեկ Մկրտչյանը: Այդ նպատակով փոփոխություն կատարվեց 2021 թվականի պետական բյուջեի մասին օրենքում, որպեսզի անհրաժեշտ ֆինանսական միջոցները տրամադրվեն:
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ հաստատվել է Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը։ Միջոցառման շրջանակներում դրամական օգնությունները շահառուներին արդեն իսկ վճարվել են մարտ-մայիս ամիսների համար։ Այդ փոփոխությամբ շահառուներին կվճարեն վերջին՝ հունիս ամսվա գումարը: Իսկ դրամական օգնության իրավունքը առաջին անգամ հունիս ամսին ձեռք բերած անձանց կվճարեն նաեւ նախորդ ամիսների դրամական օգնությունը:
Խոսքն, ըստ Նարեկ Մկրտչյանի, 68-հազարական դրամների մասին է. «Պահանջվող գումարը կազմում է 7 մլրդ 744 միլիոն դրամ, որից պետական բյուջեից հատկացվող գումարը կազմում 5 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ պահուստային ֆոնդից պահանջվող գումարը՝ 2 միլիարդ 200 միլիոն է, իսկ մնացած 3 միլիարդ 684 միլիոն դրամը կտրվի նախարարության միջոցով իրականացվող միջոցառումների հաշվին»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է Արցախում աստիճանաբար աջակցության ծրագրերից անցում կատարել զարգացման ծրագրերին, տնտեսության ակտիվությունը խթանող ծրագրերին:
Կարդացեք նաև
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ միայն սոցիալական բլոկով կառավարությունը ծախսել է 61,8 միլիարդ դրամ, որը հասնելու է 80 միլիարդ դրամի: Նա նաեւ ասաց, որ արցախցիներին բնակարաններով ապահովելու համար «Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ պետք է մոբիլիզացնեն 104 միլիարդ դրամ, ինչը նշանակում է, որ 3 տարվա կտրվածքով կառավարության ծախսը կկազմեն 52 միլիարդ դրամ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ