Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյանի՝ բանակի համար քար ու ցեմենտ գնելու հայտարարությանը իմքայլականներն արձագանքեցին, թե ԱԺ-ում բարեգործության համար չեն գալիս

Հուլիս 15,2021 13:26

«Հարգելի պարոն Բագրատյան, ձեզ լսելով՝ հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների ոտքերի կոշիկների կրունկները մաշվել են մարզերի ճանապարհներին»,- ԱԺ նիստում արձագանքելով Սերգեյ Բագրատյանի հաշվարկին, թե ինչքան արագ պատգամավորները կծախսեն 250 հազար դրամը՝ մարզեր գնալով՝ ասաց պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում» փոփոխությունների նախագիծը, որը քննադատության տեղիք է տվել:

Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանի համոզմամբ, 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորները, որոնք չէին գնում մարզեր, գումարի համար չէ, որ խուսափում էին. «Այստեղ զուտ անձնային որակների խնդիր է, ոչ թե ֆինանսավորման»:

Սոֆյա Հովսեփյանին իմքայլականները հիշեցրել են, որ երբ իրենց խմբակցությունում էր՝ այդ ֆինանսավորման հարցը խմբակցության ներսում ինքն էլ էր բարձրացրել: Հովսեփյանն էլ պարզաբանեց, որ այո, բայց նաեւ ասել է, որ եթե բոլորը գնան մարզեր, մի քանիսի վրա չի մնա ծանրաբեռնվածությունը: Իսկ այս պարագայում ստացվում է, որ այն պատգամավորները, որոնք գնում են մարզեր, ընտրողների հետ են հանդիպում, իրենց գրպանի հաշվին են դա անում ու աշխատավարձը ծախսում. «Խոսք գնաց պարգեւավճարների մասին: Ես իմ պատգամավորական պարգեւատրումները, որ եղել է 2019-ի հունիսից մինչեւ 2020-ի մարտը, ամեն ամիս կամ դպրոցի համակարգիչ եմ գնել, կամ բանակի ցեմենտ, կամ քար ու ամեն մեկը ստացականներով կա, կարող եմ հրապարակել: Ես ուզում եմ հասկանալ, մենք այսպես շահարկելով, այն էլ պատերազմից հետո պետք է գումա՞ր բարձրացնենք ու ասենք 100 հոգի են դարձել պատգամավորները»:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը թույլ չտվեց, որ Սոֆյա Հովսեփյանը հատկացված ժամանակից կես րոպե երկար խոսի ու արձագանքեց նրան. «Կարծում եմ մարզերը ցույց տվեցին, թե ում ոտքերի կրունկներն են մաշվել մարզերում՝ իրենց քվեարկությամբ»:

Սոֆյա Հովսեփյանի՝ բանակի համար քար ու ցեմենտ գնելու հայտարարությանը արձագանքեց նաեւ նախագծի հեղինակ Վիկտոր Ենգիբարյանը. «Այն պատգամավորները, որոնք կարծում են, որ ԱԺ են եկել բարեգործություն անելու համար, պետք է վերընթերցեն ՀՀ սահմանադրությունը: Մեր աշխատանքից բխում է մեր ժողովրդի շահերի ներկայացումը եւ օրենքների ընդունումը: Բարեգործություն անելու համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ ու զբաղվել բարեգործությամբ: Կարծում եմ, ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031