Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատգամավորների ձեռքի ծախսը բյուջեի հաշվին 5 անգամ ավելացնում են՝ հիմնավորելով, թե ծանրաբեռնված են աշխատելու

Հուլիս 15,2021 12:55

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկման ներկայացվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Վիկտոր Ենգիբարյանի ներկայացրած նախագիծը, որը երեկվանից բուռն քննարկումների ու քննադատությունների տեղիք է տվել:

Խոսքը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքում» փոփոխությունների նախագծի մասին է: Այս նախագծով առաջարկվում է պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, ԱԺ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։

Ենգիբարյանը, զեկուցելով նախագիծը՝ ասաց, որ դա բխում է ՀՀ հանրային լավագույն շահից. «ՀՀ-ն խորհրդարանական պետություն է ու պատգամավորի նյութատեխնիկական ծառայության, տարբեր ծառայություններից օգտվելու, վառելիքի ծախսից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ: Այս փոփոխությունը պայմանավորված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»:

Ըստ Ենգիբարյանի, մարդիկ կարծում են, որ պատգամավորական անձեռնմխելիությունը հավելյալ առավելություն է, բայց պատգամավորի չեզոքությունը ապահովելու համար պետք է այս նախագիծն ընդունեն. «Հատկապես այն պատգամավորները, որոնք մարզերից են ու հաճախ պետք է գործունեության ընթացքում ճամփորդեն, հանդիպեն իրենց ընտրողների հետ, կարող են այս միջոցներն օգտագործել»:

Սոֆյա Հովսեփյանը հարցրեց. «Արդյոք 7-րդ գումարման ԱԺ-ի ընթացքում բոլո՞ր պատգամավորները մեկնեցին մարզեր, թե՞ ոչ: Մարզի պատգամավորներին մյուսների հետ եք համեմատում, դիվանագիտական գործունեության ընթացքում պատգամավորները ա՞յս գումարից են օգտվում եւ ոչ հավելյալ ծախսերից: Ինչո՞ւ ենք գումար ավելացնում մի բանի համար, երբ առանց այն էլ այդ ծախսերը հոգում են»: Ըստ Սոֆյա Հովսեփյանի, այս գումարման ընթացքում տեսանք, որ շատ պատգամավորներ կա՛մ չայցելեցին մարզեր, կա՛մ դա ձեւակերպեցին գործուղում ու դրա համար հավելյալ վարձատրվեցին:

Ենգիբարյանը պատասխանեց, որ կոնկրետ Սոֆյա Հովսեփյանը, որը Շիրակի մարզից է, բազմաթիվ այցեր է կատարել մարզ ու հանդիպել ընտրողների հետ: Երբ պատգամավորները մեկնում են արտասահման, ինքնաթիռի տոմսի, մնացած ծախսերը ծածկվում են բյուջեից: Բայց երբ Հայաստանի ներսում է դա լինում, պատգամավորը կարիք ունի նյութատեխնիկական աջակցության:

Սոֆյա Հովսեփյանը արձագանքեց, որ պարգեւավճարի միջոցով կարելի է խրախուսել կոնկրետ այն պատգամավորին, որը կգնա մարզեր, ոչ թե բոլորին հավասարաչափ կտան այդ 250 հազար դրամները. «Մի քանիսը կվերցնեն իրենց վրա ծանրաբեռնվածությունը, մյուսները դա կհամարեն իրենց աշխատավարձի մի մասը»:

Ենգիբարյանը պատասխանեց, որ 2019-ին 2018-ի համեմատ ԱԺ ներկայացուցչական ծախսերը նվազել են շուրջ 33%-ով, այն կազմում է մոտ 33 մլն դրամ եւ այս հաշվարկն իրականացվել է նաեւ այն հիմքի վրա, որ ԱԺ պատգամավորների թիվը կրճատվում է, ավելանում է ծանրաբեռնվածությունը:

Ինչ վերաբերում է պարգեւավճարներին, Ենգիբարյանն ասաց, որ պատգամավորը պետք է անկաշկանդ գործունեություն ծավալի ու պատգամավորին ասել՝ այ դու լավ ես աշխատել, իսկ դու լավ չես աշխատել՝ դա կարող է անել միայն ժողովուրդը՝ ընտրությունների միջոցով:

Իմքայլական Բաբկեն Թունյանը հորդորեց Ենգիբարյանին ցրել մարդկանց այն մտահոգությունը, որ պատգամավորները իրենց պարգեւավճարները հիմա էլ այս նախագծով են ուզում փոխարինել ու գումարներ ստանալ: Ենգիբարյանն ասաց, որ դա ԶԼՄ-ների ոճն է, այնպիսի վերնագրեր են գրում, թե իբր ԱԺ-ն պարգեւավճար է ստանում, մինչդեռ վերջին տարվա ընթացքում որեւէ պատգամավոր պարգեւավճար չի ստացել: Վերջին պարգեւավճարը ստացել են 2020-ի մարտին:

Հետաքրքիր էր կառավարության դիրքորոշումը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ներկայացված նախագծի վերաբերյալ կառավարությունը ժամանակ չի ունեցել սահմանված կարգով հարցը քննարկելու եւ որոշում ընդունելու, այնուամենայնիվ, հարցի վերաբերյալ կառավարությունում քննարկումներ եղել են եւ կառավարությունը չունի առարկություններ. «Հիմնավորումները բավարար են եւ ընդունելի են համարվում, հետեւաբար, կառավարությունն ունի դրական դիրքորոշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031