Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, տարածաշրջանային կայունության ու տեւական խաղաղության հաստատում:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, սակայն, հետո տեղի ունեցավ և տեղի է ունենում այն, ինչ մենք կանխատեսում էինք, ասելով, որ մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանն ի հեճուկս միջազգային ասպարեզներում արվող խաղաղասիրական հայտարարությունների, ամեն ինչ անելու է խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար և սա անելու մի մարտավարությամբ, որը նույնպես կանխատեսելի է՝ ցույց տալ, թե Հայաստանը կամ Արցախն իբր դեմ են խաղաղությանը, դեմ են սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին եւ այս ֆոնին ագրեսիվ քաղաքականություն կառուցելու կեղծ հիմնավորումներ ստեղծելու, ինչի դրսեւորումները մենք տեսնում ենք նաեւ վերջին օրերին, բայց դա տեսել ենք նաեւ վերջին ամիսներին:
Կարդացեք նաև
Մասնավորապես՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով գործող աշխատանքային խումբը բավականին կառուցողական և արդյունավետ աշխատանք է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ եւ Ադրբեջանի անհասկանալի հայտարարություններն, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին, որևէ կապ չունեն աշխատանքային խմբի կատարած աշխատանքի եւ որ առավել կարեւոր է՝ հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հայտարարության բովանդակության հետ, որը բացահայտում է, թե ինչ է նշանակում և ինչպես պետք է իրագործվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը:
Իմ մեկնաբանությունը միանշանակ է՝ Ադրբեջանը միջանցքի մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու եւ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: Ինչո՞ւ, որովհետև Ադրբեջանի նպատակն է՝ շարունակել Հայաստանի շրջափակման՝ շուրջ 30-ամյա գործընթացը, քաղաքականությունը:
Բայց մենք՝ առանց սեթեւեթելու շարունակելու ենք աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանի շրջափակումը ճեղքելու ուղղությամբ և ռուսաստանցի մեր գործընկերների, միջազգային մեր գործընկերների աջակցությամբ հասնելու ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ապաշրջափակմանը:
Հաջորդը՝ Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե Հայաստանը դեմ է և խոչընդոտում է սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին: Իրականությունն ուղիղ հակառակն է՝ այդ Ադրբեջանն է դեմ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներին, որովհետեւ ասպարեզ է բերել ակնհայտորեն կեղծված քարտեզներ փորձելով հիմնավորել իր զինված ուժերի ներկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածի մի շարք տեղանքներում: Ինչպես միջազգային հանրությունը, այնպես էլ Հայաստանը հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ նույնպես. տվյալ տարածքներից Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերում, սահմանագծից և Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հայելային ետքաշում՝ մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի վրա ռուս սահմանապահների եւ/կամ միջազգային դիտորդների տեղակայում, եւ միջազգային հովանու ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքների նախապատրաստություն և մեկնարկ:
Մեր այս առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ, իսկ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքել այս հայտարարությանը և առաջարկին:
Ադրբեջանը փորձ է անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանը դեմ է խաղաղությանը և խաղաղության պայմանագրին: Մինչդեռ Հայաստանը արդեն մի քանի անգամ հրապարակային ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է՝ մեջբերում եմ. «Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագա, համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին լավ հայտնի սկզբունքների հիման վրա:
Այս առումով նրանք կոչ են անում կողմերին առաջին իսկ հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների»: Մեջբերման ավարտ։
Ուզում եմ հիշեցնել, որ կողմերին լավ հայտնի սկզբունքները, որոնց մասին խոսվում է այս հայտարարության մեջ և որոնք դրված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում, երեքն են՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում եւ տարածքային ամբողջականություն։
Համանախագահների այս հայտարարությունը, այսպիսով, ոչ այլինչ է, քան տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզի առաջարկ, և Հայաստանը, կրկնում եմ, ողջունել է այս հայտարարությունը ու դրական է արձագանքել դրանում նշված դրույթներին, և ուզում եմ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսմանը՝ համանախագահների հայտարարության մեջ նշված ֆորմատով և բովանդակությամբ։ Եվ կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը լավ կանի ապակառուցողական գործողությունների և հայտարարությունների փոխարեն, անսա միջնորդների հորդորներին ու նույնպես հստակ դիրքորոշում հայտնի համանախագահների հայտարարության վերաբերյալ։ Հստակ է, որ մենք նախանձախնդիր հետապնդելու ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը։
Հարգելի գործընկերներ, եթե այս ամենին ավելացնում ենք Ադրբեջանի սադրիչ, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հայտարարությունները, ակնհայտ է դառնում, թե ո՞վ, որ երկիրն է խոչընդոտում տարածաշրջանային կայունության եւ խաղաղության հաստատմանը: Եթե մենք ուշադիր դիտարկենք Ադրբեջանի գործողություններն ու հայտարարությունները, կտեսնենք, որ այդ երկիրը տարածքային նկրտումներ ունի իր հարևանների մեծամասնության նկատմամբ և սա մեր տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը կասկածի տակ դնող հիմնական գործոնն է:
Անկախ ամեն ինչից՝ Հայաստանը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանելու է իր ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, ներառյալ հայ-ռուսական միացյալ զորախմբի և Հավաքական անվտանգության պայմանագրի մեխանիզմների գործարկմամբ, ինչի շուրջ մենք շարունակում ենք մեր խորհրդակցությունները մեր գործընկերների հետ:
Վերջին երկու ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: Ցավակցություն հայտնելով զոհերի հարազատներին եւ մերձավորներին Հավաքական անվտանգության պայմանագրի մեր գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա:
Տարածաշրջանային կայունության և փոխվստահության հաստատմանը խոչընդոտող հաջորդ կարեւոր գործոնն այն փաստն է, որ ի հեճուկս իր ստանձնած պարտավորությունների՝ Ադրբեջանը մինչև օրս չի վերադարձրել մեր բոլոր ռազմագերիներին:
Ամեն դեպքում՝ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչև օրս մենք կարողացել ենք վերադարձնել 104 ռազմագերիների: Մենք շարունակելու ենք աշխատել մեր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ, Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման սահմանների սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են կան և լինելու են մեր առաջնահերթությունների շարքում:
Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։
Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունը այդ ուժերի հետ:
Եվ ընդգծում եմ մեր առանցքային նպատակը՝ իրականացնել և իրացնել ժողովրդից ստացած մեր մանդատը. այն է՝ Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ: Եվ մենք հետևողականորեն շարժվելու ենք հենց այս ուղղությամբ՝ այս մանդատն իրացնելու նպատակով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ