Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նախորդ 30 տարիներին այն հարստությունը, որ պետք է գնար մեր երեխաներին, մեր թոռներին, թույլ ենք տվել, որ մտնի անհատ մարդկանց գրպանները». Վահան Քերոբյան

Հուլիս 15,2021 12:38

Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի համար՝ ներկայիս գնի 15%-ի չափով:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց ինչո՞ւ 15% եւ ոչ 20%: Նա ասաց, որ նախագծում պղնձի խտանյութի համար են տուրք սահմանում, բայց չափի համար վերցնում են պղնձի գնի 15%-ը, ոչ թե խտանյութի: Քերոբյանը պատասխանեց. «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պղնձի հանքավայրերից գոյացած շահույթը տարբեր ուղղություններով սկսում են լուծվել: Կոնկրետ ԶՊՄԿ-ն 2019-ին մեծ վնաս է ցույց տվել ու 2020-ին, ըստ էության, հարկերից հետո մաքուր շահույթը ընդամենը 820 մլն դրամ է, որը ծիծաղելիորեն փոքր թիվ է»: Նա ասաց, որ չափը սահմանելիս այլ երկրների փորձն են հաշվի առել:

Իր ելույթում «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց Քերոբյանին այս նախագծի համար. «Տարիներ շարունակ սպասված է եղել այս նախագիծը: Այն նախագծերը, որոնք կենթադրեին հանքերից ստացած եկամուտների թեկուզ չնչին նվազեցում, նախկինում չեն բերվել, ես կարծում եմ մի պարզ պատճառով, որովհետեւ այդ հանքի սեփականատերերը դահլիճի այս հատվածում են նստած եղել ժամանակին ու սեփական գրպանին չհարվածելու համար նման նախագծեր չեն բերվել»:

Նա ասաց, որ լավ է ԶՊՄԿ-ն չազգայնացվեց, որովհետեւ հետո կառավարման հետ կապված գուցե խնդիրներ լինեին, բացի այդ, դա վատ ուղերձ կլիներ օտարերկրյա ներդրողներին: Իսկ այս տարբերակով ազգայնացվում է ՀՀ ընդերքը:

Սերգեյ Բագրատյանն ասաց, որ եթե 600 մլն է պետք թոշակները կրկնապատկելու համար, դա հանգիստ կարող են անել՝ ԶՊՄԿ-ից ստացած այս տուրքերի միջոցով:

Իմքայլական Գեւորգ Պապոյանն ասաց, որ Հայաստանում այս ոլորտի հարկերը ամենացածրերից են աշխարհում: Պղինձ արտահանող Չիլիում հարկերը անհամեմատ ավելի բարձր են, քան այս նոր պետտուրքը սահմանելուց հետո կլինի ՀՀ-ում:

Եզրափակիչ ելույթում Վահան Քերոբյանն ընդգծեց. «Նախորդ 30 տարիներին այն հարստությունը, որ պետք է գնար մեր երեխաներին, մեր թոռներին, թույլ ենք տվել, որ մտնի անհատ մարդկանց գրպանները: Սա առաջին քայլն է, բայց վերջինը չի: Միգուցե որոշ այլ գործիքներ սկսենք կիրառել, նոր նախագծեր ստեղծենք, որ կուտակենք մեր հարստությունը, որը պետք կգա թե՛ մեր երկրին, թե՛ հաջորդ սերունդներին»:

Ինչ վերաբերում է Սիսակ Գաբրիելյանի ասածին՝ ազգայնացնելու մասնավոր ընկերությունը՝ Քերոբյանն ասաց. «Մեր կառավարությունը նման հոգեբանական արգելք չունի կառավարելու պետական ընկերություններ: Ըստ էության, պետական ընկերությունները կառավարում են մարդիկ ու եթե ճիշտ բանաձեւ ու ճիշտ մարդիկ ընտրվեն, պետական ընկերությունները կարող են լինել գերհաջող, ինչպես մասնավոր ընկերություններն են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031