«Ադրբեջանի կողմից հող է նախապատրաստվում ՀՀ-ից պատերազմի սպառնալիքի տակ անարյուն եղանակով տարածքներ բռնազավթելու: Այն չստանալու դեպքում, Ադրբեջանը լեգիտիմացնելու է պատերազմի վերսկսման իր շարժառիթները: Պատերազմի վերսկսմանը պատրաստ լինելու մասին կոչն այս դեպքում նշանակում է ՀՀ-ի դեմ պատերազմ, քանի որ Արցախի Հանրապետության հարցում Ադրբեջանը կաշկանդված է խաղաղապահությամբ»,- «Առավոտի» զրուցակիցն է ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը:
– Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ հերթական ագրեսիվ հայտարարություններն արեց խաղաղության համաձայնագրի, փախստականների վերադարձի եւ պատերազմի վերսկսման մասին. ի՞նչ նպատակ են հետապնդում նման հայտարարությունները`առկա իրողությունների պայմաններում:
– Իլհամ Ալիեւը որեւէ նոր բան չասաց, քանի որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը զբաղված է զինանոցի համալրմամբ՝ տանկեր, ԱԹՍ-ներ, զենիթահրթիռային համակարգեր, որոնց գնումները բավականին մեծ խմբաքանակներով են: Միաժամանակ ՀՀ սահմանի երկայնքով տեղակայվում են նոր զորամասեր, ընթանում է պատերազմի ընթացքում կորցրած մարդուժի լրացումը պայմանագրայիններով: Ընդ որում, դա որեւէ կերպ չի քողարկվում: Իլհամ Ալիեւն այսօր արդեն խոսում է փախստականների, այսպես կոչված, «վերադարձի» մասին իրենց, այսպես կոչված, «հայրենի տարածքներ»՝ Երեւան, Սեւան, Զանգեզուր: Սրանք քարոզչական ոտնձգություններ կարելի է անվանել: ՀՀ տարածքային ամբողջականությունը գործնականում արդեն իսկ վտանգված է եւ ամենօրյա ռեժիմով ագրեսիվ տարածքային հռետորաբանությունը Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից շարունակվում է: Այս ամենով հանդերձ Ալիեւը խոսում է խաղաղության համաձայնագրի կնքման` Ադրբեջանի պատրաստակամության, եւ հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշման մասին: Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանի կողմից հող է նախապատրաստվում ՀՀ-ից պատերազմի սպառնալիքի տակ անարյուն եղանակով տարածքներ բռնազավթելու: Այն չստանալու դեպքում, Ադրբեջանը լեգիտիմացնելու է պատերազմի վերսկսման իր շարժառիթները: Պատերազմի վերսկսմանը պատրաստ լինելու մասին կոչն այս դեպքում նշանակում է ՀՀ-ի դեմ պատերազմ, քանի որ Արցախի Հանրապետության հարցում Ադրբեջանը կաշկանդված է խաղաղապահությամբ:
– Հուլիսի 13- ի երեկոյան Ադրբեջանը կրակել է Շուշիից, հուլիսի 14-ին Երասխից. Ինչպե՞ս բացատրել այս գործողությունները:
– Շուշիից արձակված ադրբեջանական կողմի կրակոցները, ըստ հրապարակված տեղեկությունների, դեպի օդ կրակոցներ էին, ինչը հրադադարի ռեժիմի կոպիտ խախտում է, սադրիչ գործողություն: Կրակոցների ուղղվածությունը մեղմացուցիչ հանգամանք չէ, ուղղակի այս անգամ, բարեբախտաբար, դրանց արդյունքում կորուստներ չունեցանք: Երեկ դրանք իրենց շարունակությունն ունեցան Երասխում, որտեղ ադրբեջանական կողմի հրաձգության արդյունքում հայկական կողմն ունի զոհ: Փաստորեն, թնդանոթները լռել են, բայց փոքր տրամաչափի զենքերը շարունակում են կրակել: Փաստացի, սրանք են նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ կողմից վկայակոչվող, այսպես կոչված, «տարածաշրջանային նոր իրողությունները»:
Կարդացեք նաև
– 46 երկրների դեսպաններ վերջերս այցելեցին Շուշի, փաստորեն լեգիտիմացնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան Արցախի նկատմամբ: Շուշի չէին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ միայն. ի՞նչ սպասել առաջիկա զարգացումներում:
– Եթե փորձում ենք ըստ ցուցակի հասկանալ, տվյալ պետությունների դեսպանների Շուշի այցելելու շարժառիթները, որոշների դեպքում կան ակնհայտ գերակա տնտեսական շահեր: Դրանց շարքում են Ադրբեջանում խոշոր ներդրումներ ունեցող պետություններ, մասնավորապես՝ Մալայզիան, Ճապոնիան, Վրաստանը, ԱՄԷ-ն եւ այլն: Երկրորդ կարեւոր պատճառն այն է, որ Իլհամ Ալիեւը հատկապես Արցախի Հանրապետության ժամանակավոր օկուպացված հայկական տարածքների թեմայով լայնածավալ քննարկումների պրակտիկա ունի նորանշանակ դեսպանների եւ, ընդհանրապես, դեսպանական կորպուսի հետ, ինչը, փաստորեն, եւս ունեցել է իր ազդեցությունը: Երրորդ պատճառն այն է, որ ցուցակի պետությունների գերակշիռ մասի հետ ՀՀ-ն ունի դիվանագիտական հարաբերություններ, բայց հայկական դաշտում այս պետությունների ներկայացվածությունը կամ զրոյական է, կամ ուղղակի դիվանագիտական հարաբերություններ են, առանց հավելյալ ամրապնդող կապերի: Որոշ պետությունների դեպքում այս քայլին ՀՀ դիրքերից կարելի է հետեւյալ բնորոշումը տալ. «Ինքն իմ ընկերն է, բայց ես նրա ընկերը չեմ»: Շատ իրատեսական մակարդակում քննարկելով այս հարցերը, նշյալ պետությունները ՀՀ հարցում կորցնելու ոչինչ չունեն: Այսօր քիչ է այն պետությունների թիվը, որոնք կարող են իրենց քաղաքական հաշվարկները ստորադասել տնտեսական հաշվարկներին: Ի դեպ, հետեւելով Ադրբեջանի պետական քաղաքականությանը` բռնազավթված տարածքներում, եւ դատելով մեդիադաշտում առկա քննարկումներից, չի բացառվում, որ առաջիկայում Շուշիում կարող են բացվել, օրինակ՝ Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Պակիստանի դիվանագիտական կառույցները եւ հաշվի չեն կարող առնվել այն բոլոր բռնի եւ միջազգային իրավունքին հակասող հանգամանքները, որոնց հետեւանքով Ադրբեջանը հաստատվել է Արցախի Հանրապետության այդ տարածքներում:
Ինչ վերաբերում է ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի դեսպանների Շուշի չայցելելուն, ապա, անկասկած, դա ներքին պայմանավորվածության արդյունք էր, քանի որ այցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կզրոյացներ իր ներազդման սահմանափակ կապիտալը եւ վերջնականապես դուրս կմղվեր, որպես հակամարտության կարգավորմամբ զբաղվող միակ կառույց: Սա հերթական ուղերձն էր Ադրբեջանին, որ հակամարտությունը կարգավորման փուլում է: Ո՞րն է ելքը. կրկին վերադառնում ենք բոլոր խնդիրների լուծման ելման կետ՝ ՀՀ-ն պետք դառնա ռազմաքաղաքական գործոն տարածաշրջանում, իսկ Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը պետք է բարձրանա:
– Ի՞նչ դեր պետք է կամ կարող է ունենալ ԵԱՀԿ Մինսկի խումբը Արցախի հարցի կարգավորման հետագա գործընթացում, մանավանդ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին հայկական դիվանագիտությունը, ըստ էության, բացակա է. Հայաստանը մեկ ամսից ավելի ոչ ԱԳ նախարար, ոչ փոխնախարարներ չունի:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը շարունակում է մնալ այն միակ կառույցը, որն ունի հակամարտության կարգավորման մանդատը: Շուշի չայցելելով նրանք կրկին վերահաստատեցին իրենց դիրքորոշումը. հակամարտությունը լուծված չէ: Ստիպված ենք արձանագրել, որ ցայսօր համանախագահության կողմից սահմանված կարգավորման հելսինկյան տրամաբանությունը գործել է միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ուղղությամբ, ի դեպ այս սկզբունքը տասնամյակներ շարունակ սեփականվել է Ադրբեջանի կողմից եւ ադրբեջանա-արցախյան 3-րդ պատերազմի հետեւանքով «լեգիտիմացվել է»` ի հաշիվ այն տարածքի, որի սահմաններում ԼՂՀ-ն ինքնորոշվել է: Այսինքն, համանախագահության կողմից հիմք ընդունված ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի ճանաչումը շարունակում է անկատար մնալ: Հայկական դիվանագիտության համար Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է ելման կետ լինի հակամարտության կարգավորման բոլոր դիվանագիտական գործընթացներում:
– Ի դեպ, ՀՀ-ում ԱԳ նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ազգային անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա նշանակումը ԱԱԽՔ-ի պաշտոնում ՀՀ ռազմավարական գործընկեր եւ Մինսկի խմբում բավական անկյունաքարային տեղ ու դեր ունեցող ՌԴ-ում բացասական ընկալվեց, անգամ ամենաբարձր մակարդակներում քանիցս ուղիղ ասվեց այդ մասին: Ի՞նչ սպասել:
– Անկախ նրանից, թե, ով որտեղ է նշանակվում եւ դեպի ո՞ր պետություններն են ուղղված նրա անձնական համակրանքը, կարեւոր է իրատեսորեն մոտենալ ստեղծված իրողություններին: Տարածաշրջանի բոլոր պետությունները սպառազինվում են, դա վտանգավոր տենդենց է: Ադրբեջանը համալրում է իր սպառված զինանոցը եւ դա անելու է կարճաժամկետ կտրվածքով՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում, նպատակ ունենալով ՌԴ խաղաղապահության ժամկետը լրանալուն պես կտրուկ քայլերի գնալ: Այժմ Ադրբեջանը Թուրքիա է, այդ մասին ասել եմ նաեւ 44-օրյա պատերազմի ընթացքում: Թուրքիան մտել է տարածաշրջան եւ կարիք չունի անգամ փակ խաղաքարտերով խաղալու: Այս բաց իրողությունները եւ բոլոր զարգացումները հնարավոր է զսպել ՌԴ կողմից ռազմատեխնիկական աջակցությամբ եւ նրա հետ համագործակցությամբ: Իսկ ՌԴ-ի համար համահայկական դաշտի՝ ՀՀ-ի եւ Արցախի Հանրապետության կորուստը կարող են վերջին նրա ֆորպոստը լինել Հարավային Կովկասում: ՀՀ դիվանագիտական կորպուսը մեկ խնդիր ունի՝ դիմակայել եւ չեզոքացնել արտաքին սպառնալիքները եւ գործել միայն ազգային շահի գերակայության սկզբունքով:
– ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը եւս ճանաչեց Արցախի անկախությունը: Այն 10-րդն է թվով: Իհարկե, հստակ չէ, թե ի՞նչ սահմաններում է ճանաչումը` նախկին ԼՂԻ՞Մ, թե՞ ներկայիս: Ամեն դեպքում, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների ֆոնին ի՞նչ հնարավորություն է սա Հայաստանի եւ Արցախից մնացած հատվածի համար, ունի՞ Հայաստանի եւ Արցախի ներկայիս իշխանությունն այն իրագործելու կարողություն, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն:
– Նյու Ջերսիի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման բանաձեւի բովանդակությունը համապարփակ եւ իրավական առումով նպատակային էր մշակված: Ճանաչման գործընթացն ապահովել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը: Տարածքի մասին բանաձեւում չնշելը եւս նպատակային էր, քանի որ հասկանալի է, որ խոսքը վերաբերում է 1991 թ. հռչակված ԼՂՀ տարածքին եւ 1994 թ. հրադադարով իսկ այնուհետեւ նաեւ Սահմանադրությամբ ամրագրված հայկական ազատագրված տարածքներին: Այն շատ բարձր է գնահատվել Արցախի Հանրապետության կողմից, քանի որ համահայկական դաշտի միասնական պայքարի ցուցիչն է եւ համահունչ է մեր արտաքին քաղաքական օրակարգին: Սա նշանակում է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը շարունակվում է եւ աշխարհի բոլոր ծայրերի հայությունը ինքնակազմակերպման եւ նման խնդիրներ լուծելու ներուժ ունի:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.07.2021