Այսօր ԱԺ արտահերթ նստաշրջանում ուշագրավ նախագիծ քննարկվեց՝ քաղաքական ենթատեքստով:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի, մոլիբդենի խտանյութի համար՝ ներկայիս գնի 15%-ի չափով:
Քերոբյանը նաեւ հայտնեց, որ շուտով ռոյալթիների համակարգի կտրուկ վերանայում են անելու, որ Հայաստանի համար շատ կարեւոր ընդերքի պաշպանությունը ճիշտ իրականացնեն ու ավելի եկամուտներ ստանան:
Այս նախագիծը ուշագրավ է, քանի որ ինչպես գիտենք, նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սպառնացել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատողներին. «Դո՛ւք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»:
Հետո բացատրեցին, որ այդ «չագուճը» օրենքի դիկտատուրա հաստատելն է: Հիմա արդեն պարզ է դառնում, թե ինչ կարգի օրենքի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Իմքայլական Սիսակ Գաբրիելյանը Քերոբյանին հարցրեց՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ 5 խոշոր հարկատուներից է եղել, տարեկան մոտավորապես ինչքա՞ն հարկ է վճարել ու այս տուրքի արդյունքում ինչքան գումար է ավելի մուծելու. «Նախընտրական շրջանում Սյունիքի մարզում ՔՊ-ն շատ էր խոսում ԶՊՄԿ-ն ազգայնացնելու մասին, հիմա կարո՞ղ ենք ասել, որ բուն ընկերությունը չի ազգայնացվում, բայց հաշվի առնելով տուրքի ծավալը, մենք է՛լ ավելի ենք ազգայնացնում ՀՀ ընդերքը»:
Քերոբյանը պատասխանեց. «Այս օրենքը չի ընդունվում ինչ-որ մի տնտեսվարողի համար կամ հանդեպ, այլ ընդհանուր ոլորտի հանդեպ: Այս օրենքով մոտակա 6 ամիսներին պետական բյուջե կմուտքագրենք մոտավորապես 35 մլրդ դրան գումար, որը շատ անհրաժեշտ է մեր բյուջեին ու մեր առջեւ կանգնած խնդիրներն այնպիսին են, նաեւ մեր նախընտրական ծրագրի խոստումները այնպիսին են, որ կենսական անհրաժեշտություն կա ընդերքի նկատմամբ վերաբերմունքը փոխել ու ընդերքից ստացած եկամուտը հավասարաչափ բաշխել տնտեսվարողների ու ՀՀ քաղաքացիների միջեւ»:
Սիսակ Գաբրիելյանը նաեւ հարցրեց՝ հաշվի առնելով կոմբինատի վնասակար ազդեցությունը այդ շրջակա միջավայրի վրա, քննարկվո՞ւմ է տարբերակ, որ փոխհատուցում տրվի հարակից բնակավայրերին, օրինակ, մանկապարտեզներին, ենթակառուցվածքներին: Քերոբյանը պատասխանեց, որ անցյալ տարի քննարկվել է ռոյալթիների մի մասը համայնքներին տալու նախագիծ, բայց չի ընդունվել այն: Ըստ այդ նախագծի, պետք է ռոյալթիների 2%-ը գնար ազդակիր համայնքներին:
«Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ հիմա միջազգային շուկայում պղնձի գները բարձր են, եթե կտրուկ ընկնեն, ի՞նչ տեղի ունենա: Քերոբյանը պատասխանեց. «Տնտեսվարողները վայելում են այս բարենպաստ միջավայրը բավականին երկար ժամանակ: Մոտ ապագայում չի նախատեսվում պղնձի գնանկում: Բայց եթե նույնիսկ անկում լինի, կուտակված գերշահույթն այնքան է, որ իրենք այս 6 ամսյա ժամկետը, որը նախատեսված է այս ժամանակավոր միջոցի կիրառման համար, միեւնույն է, կունենան բավարար չափով եկամտաբերություն ու իրենց տարեկան եկամուտները չեն վնասվի»:
Քերոբյանը վստահեցրեց, որ որեւէ նախադրյալ չկա պղնձի գների անկման, ավելին, այսօրվա 9200-ից գինը հասնելու է մոտ 15 հազար դոլարի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ