Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ է պետությունը թույլ տվել, որ 3 ընկերություն օգնեն ստվերում աշխատել տասնյակ հազարավոր տաքսիստների». ինչ է կատարվում այս շուկայում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 15,2021 11:33

Օնլայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները դարձել են ամենօրյա խնդիր հանրության համար: Բանն այն է, որ ոչ կայուն գների պայմաններում օրվա ցանկացած ժամին անգամ առանց տեղումների եղանակի ժամանակ մինիմալ սակագինը կարող է կրկնակի, որոշ դեպքերում անգամ եռակի բարձրանալ:

Իսկ տաքսի ծառայություններն ու անհատ տաքսիները անհամեմատ քչացել են: Արդյունքում օնլայն ծառայությունները նորմալ գներով մտնելով շուկա՝ դուրս են մղել սովորական տաքսիներին դաշտից: Այս ոլորտն, ըստ էության, մենաշնորհային չի համարվում եւ այդ պատճառով չի վերահսկվում: Տեղեկություններ կան նաեւ, որ շատ վարորդներ չեն ցանկանում համագործակցել եւ վերջին շրջանում հաճախ խզում են համագործակցությունն այս ընկերությունների հետ:

«Yandex GO» ընկերության տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ սակագների հավելավճարը ավտոմատ կերպով կիրառվում է այն դեպքում, երբ տվյալ բնակավայրում տվյալ պահին առաջարկի ու պահանջարկի շուկաների անհավասարակշռություն է տեղի ունենում. «Վերջին շրջանում, մի շարք գործոններ, մասնավորապես՝ բարձր ջերմային ֆոնը, տուրիստական մեծ հոսքը, հատվածական խցանումները, անսպասելի անձրեւները անհամամասնորեն նպաստում են պահանջարկի ավելացմանը, որի արդյունքում բարձրանում է հավելավճարը՝ ինչպես հատվածական, այնպես էլ ընդհանուր տրամաբանության մեջ»:

Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի կարծիքով՝ Հայաստանում օնլայն տաքսի ծառայություններ գոյություն չունեն, իսկ հեռախոսային հավելվածներն ավելի շատ դիսպետչերական կետերի են նման:

«Այդ ծառայություններ մատուցողները հիմա դարձել են մոնոպոլ: Այդ բազմահազար տաքսիներից ոչ մեկն օրինական չէ: Ինչո՞ւ է պետությունը թույլ տվել, որ 3 ընկերություն օգնեն ստվերում աշխատել տասնյակ հազարավոր տաքսիստների»:

Սահակյանն ասաց, որ այդ ընկերություններից մեկի տեղեկացմամբ՝ Հայաստանում 60 հազար օնլայն տաքսի կա. «Պատկերացնո՞ւմ եք՝ այդքան մարդ պետությանը ոչ մի կոպեկ չի վճարում եւ միայն այդ ընկերություններին են ինչ-որ տոկոս վճարում»: Նրա կարծիքով՝ օնլայն հավելվածները դաշտից դուրս են մղել սովորական տաքսիներին. «Ես ժամանակին 2 տարի զանգում էի այն ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ ասում, որ բացահայտ դեմպինգ են անում: Օնլայն ծառայությունները վարորդին իրենց գրպանից ավելորդ գումար էին վճարում՝ ասում էին հաճախորդին՝ 100, 200 դրամով տեղափոխիր: Դրա դեմը այն ժամանակ չառան եւ այսօր այդ ծառայությունները մոնոպոլ են դարձել»: Նա ընդգծեց՝ եթե այդ ընկերությունների նշած օնլայն տաքսիների թվերը ճիշտ են, ապա օրական 1 մլն դոլար շրջանառություն է ստացվում, որի 15 տոկոսը ընկերությունն է ստանում, իսկ մնացած աշխատողները հարկ չեն վճարում պետությանը:

Նա այս ամենում տեսնում է պետության մեղավորությունը, քանի որ, ըստ նրա՝ «Սկզբում հանեցին ավտոմեքենաների տարիքային սահմանափակումը, ինչը հարված էր տաքսի ընկերություններին, մարդիկ սկսեցին էժան մեքենաներ վերցնել եւ մտնել գծի մեջ ու անօրինական աշխատել: Հետո հանեցին տեխզննումն ու բուժզննումը: Իսկ վերջում խաչ քաշեցին լիցենզիայի վրա, չնայած օրենքով պարտավոր են լիցենզիա տրամադրել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031