Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այնքան էլ ողջամիտ ժամկետ չէ, այդպես ուղղակի կդադարեն Հայաստան գալ». Մեխակ Ապրեսյան. «Փաստ»

Հուլիս 15,2021 10:56

Տպավորություն է, թե այս օրերին մեր երկիրն առողջապահական տուրիզմի մի կղզյակի է վերածվել, ինչն ինքնին վատ բան չէ: Բայց այս կոնտեքստում առաջ են գալիս նաև հարցեր, որոնց լուծումը մեծ ջանքեր չի պահանջում: Օրինակ՝ պատվաստվելու համար անասելի հերթեր են գոյանում Հյուսիսային պողոտայում, իսկ գուցե խնդիրը կարելի էր լուծել շրջիկ կայանների քանակն ու աշխարհագրությունը մեծացնելով հատկապես մարզերում: Խնդրահարույց է նաև հուլիսի 15-ից ուժի մեջ մտնող որոշումը, որի համաձայն, մեր երկիր ժամանող զբոսաշրջիկներին կպատվաստեն այն դեպքում, եթե նրանք Հայաստանում բնակվեն առնվազն տասն օր:

Ստացվում է, որ մեր երկիր ժամանող զբոսաշրջիկը երկու օր կկորցնի ժամանման հենց ամենասկզբում, երբ կկատարվի ՊՇՌ հետազոտություն, որի արդյունքների ստացման համար կպահանջվի 48 ժամից ոչ ավելի ժամանակ: Եթե նա ցանկանում է պատվաստվել, պետք է Հայաստանում 10 օր էլ բնակվի: Ընդ որում՝ պատվաստվելուց հետո նա պետք է մի քանի շաբաթ էլ սպասի երկրորդ դեղաչափը ստանալու համար: Արդյո՞ք սա հավել յալ անհարմարություններ չի ստեղծի պատվաստվելու համար Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար և այս որոշումը հակառակ էֆեկտը չի ունենա: Այս և այլ հարցերի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանից: Նա նշում է՝ Հյուսիսային պողոտայում նման կուտակումներից խուսափելու համար պետք էր ընդամենը մի շարք հարցեր ճիշտ կազմակերպել:

«Դրանք տարրական հարցեր են: Կարելի էր պատվաստման համար նախատեսված շրջիկ կետերի քանակն ավելացնել նման կուտակումներից ու հերթերից խուսափելու համար: Նման կետեր կարող էին նաև մարզերում գործել, ինչու ոչ: Կարելի էր շահագրգիռ քննարկում կազմակերպել այս հարցերի շուրջ: Ուղղակի մարզերի դեպքում կարող է նման հարց առաջանալ: Օրինակ՝ եթե Մեղրիում և Ագարակում լինում են շրջիկ պատվաստման կետեր, եթե չեմ սխալվում՝ դրանք կան, մարդիկ գալիս են Հայաստան, պատվաստվում ու վերադառնում են իրենց երկիր: Դրանից, ըստ էության, զբոսաշրջային առումով որևէ օգուտ չի լինում, հասկանալի է, որ այդ մարդիկ չեն բնակվում այստեղ, գումար չեն ծախսում: Այսինքն, կան մի շարք նրբություններ, բոլոր հարցերի շուրջ պետք է քննարկումներ իրականացնել: Ընդհուպ, ես սա չեմ ասում որպես փորձագետ, այս առումով «կարելի է-չի կարելի» տիրույթում միայն առողջապահության նախարարությունը կարող է հստակ մեկնաբանություն տալ, բայց կարող ենք օտարերկրացիների համար պատվաստումը վճարովի անել, իհարկե, խոսքը ողջամիտ գումարի մասին է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ապրեսյանը:

Ինչ վերաբերում է հուլիսի 15-ից ուժի մեջ մտնող փոփոխությանը, ֆեդերացիայի նախագահը կարծում է, որ Հայաստանում բնակվելու և հետո միայն պատվաստվելու համար սահմանված օրերի քանակը շատ է: «Դա այնքան էլ ողջամիտ ժամկետ չէ, այդպես ուղղակի կդադարեն Հայաստան գալ: Եթե մտածում են՝ շատ են գալիս Հայաստան, դե, ուրեմն, թող երկար ժամանակով մնան, շատ գումար ծախսեն, նույն սկզբունքով կարող էին ավելի երկար ժամկետ նշել, ասենք՝ քսան օր: Որպես ժամկետ կարելի էր երեք կամ հինգ օր սահմանել: Ի վերջո, փորձը ցույց է տալիս, որ առանց նման սահմանափակումների այդքան ժամանակ զբոսաշրջիկներն անցկացնում են մեր երկրում: Շատ տուրօպերատորներ առաջարկում են 3-5 օրանոց փաթեթներ, շատերը գալիս են մեր երկիր, շրջագայում այստեղ և նաև պատվաստվում են: Ի վերջո, պատվաստվում են, մի քիչ հանգստանում, օրգանիզմն ընդունում է պատվաստանյութը, բնականաբար, մարդը չի հասնի Երևան, պատվաստվի և նույն օրը հետ գնա: Գալիս են, մեր երկրում շրջում, վայելում այն, շատ քչերը կլինեն, որոնք Հայաստան կգան բացառապես պատվաստվելու համար»,-նշում է մեր զրուցակիցը:

«Ցանկացած որոշում կայացնելիս պետք է ամեն ինչ հաշվի առնել, նման կարգի որոշումներ ընդունելուց առաջ շահագրգիռ քննարկումներ կազմակերպել: Հիմա, երբ պատվաստվելը խթան էր դարձել մեր երկրում զբոսաշրջիկներ ընդունելու համար, չստացվի այնպես, որ կայացված որոշումները հակառակ արդյունքն ունենան»,-եզրափակում է Մեխակ Ապրեսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031