Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հումանիտար գիտելիքը «խոսելու վրա» չի

Հուլիս 15,2021 10:00

Վերջերս զրուցում էի արտասահմանում դասավանդող իմ ընկերներից մեկի հետ, եւ նա ինձ շատ հետաքրքիր մի փաստ հայտնեց. պարզվում է, արեւմտյան առաջատար բուհերում, եթե անգամ ուսանողը պետք է ստանա բնագիտության, բիզնեսի կամ, ասենք, ՏՏ ոլորտի դիպլոմ, պարտադիր ժամերի (կրեդիտների) 25 տոկոսը հումանիտար առարկաներն են՝ այն, ինչ նրանց մոտ կոչվում է liberal sciences: Իհարկե, այստեղ, ինչպես եւ այլ դասընթացների դեպքում, կա ընտրության հնարավորություն՝ ուսանողը կարող է ընտրել լեզուն, գրականությունը, պատմությունը, փիլիսոփայությունը եւ այլն, բայց առանց այդ բնագավառում ստացած կրեդիտների նա դիպլոմ չի ստանա: (Ի դեպ, մեր կրթության բարեփոխիչներն այդ փաստը նույնպես պետք է հաշվի առնեն):

Հիմնավորումներն այստեղ առնվազն երկուսն են: Նախ՝ եթե դու դառնում ես միջուկային ֆիզիկոս, գենետիկ կառուցվածքի մեջ խորացող կենսաբան կամ արհեստական բանականությամբ զբաղվող ՏՏ մասնագետ, քո գիտության, քո գործունեության էթիկական բաղադրիչը, հատկապես 21-րդ դարում, դուրս է գալիս առաջին պլան: Երկրորդ՝ այդ նույն գիտության մեջ առաջ գնալու համար անհրաժեշտ է քննադատական մոտեցումը, այսինքն՝ դու չպիտի ընդունես որեւէ պնդում որեւէ տեսություն «հալած յուղի տեղ», դու պիտի այն համադրես այլ պնդումների եւ տեսությունների հետ, որից հետո միայն կգաս քո միջանկյալ (բայց երբեք՝ ոչ վերջնական) եզրակացության: Իսկ ի՞նչը քեզ կարող է այդ հարցում օգտակար լինել, եթե ոչ հումանիտար գիտելիքները:

Այո, բայց ա՛յն հումանիտար գիտությունները, որոնք դպրոցում եւ բուհում դասավանդվում են ոչ այնպես, ինչպես որ դա արվում էր Հայաստանում վերջին առնվազն 50 տարվա ընթացքում: Այսինքն՝ եթե դու պատմության կամ գրականության շարադրությունը գրելիս իրար վրա շարում ես մի քանի ճոռոմ նախադասություններ «բազմաչարչար հայ ժողովրդի դառը ճակատագրի» մասին, դու հաստատ դրական գնահատական չես ստանա ամերիկյան որակյալ ավագ դպրոցում: Դու պետք է հիմնավորես քո ասածները՝ հավաքելով բազմաթիվ, հաճախ՝ իրար հակասող փաստեր: Այլ կերպ ասած, գրականությունը կամ պատմությունը «խոսելու վրա չեն», ինչպես որ մենք կարծում էինք տասնամյակներ շարունակ. հումանիտար գիտությունը (եւ, հետեւաբար, դրա դասավանդման ձեւը) նույնքան «խիստ» մոտեցումներ են պահանջում, որքան ոչ-հումանիտարը: Եվ ամենակարեւորը՝ պահանջում է քննադատական մտածողություն, որը չի դաստիարակվել մեր մեջ, իսկ մենք չենք կարողացել ներարկել դա մեզնից հետո եկողների մեջ:

Արդյոք այս սխալ, արխայիկ, ձեւական-հայրենասիրական մոտեցումների մեջ չէ՞ պատճառներից մեկը, որ մեր քաղաքացիները, եթե անգամ անգիր գիտեն Հովհաննես Շիրազի կամ Պարույր Սեւակի հայրենասիրական տողերը (որոնք ժամանակին հսկայական դրական դեր են կատարել), ցավ չեն ապրում կորցրած հայրենիքի առիթով: Կամ, երբ երկրի ղեկավարն, ըստ էության, ասում է, որ ժողովուրդն իր ընտանիքն է, իսկ ինքը՝ դրա «պապան» եւ այդ «ասույթը», պաշտոնական կարգախոսի կարգավիճակ ձեռք բերելով, դառնում է գովազդային պաստառ, դա ոչ մի ներքին դիմադրություն չի առաջացնում հասարակության մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ձեր վերջին պնդման մեջ սխալվում եք պարոն Աբրահամյան
    Նիկոլ Փաշինյանի ձեր նշած մտքի գովազդ-քարոզը ներքին դիմադրություն առաջացրեց: Կարող եք նայել այդ օրերի քիչ թե շատ ազատ լրատվամիջոցները, այդ թվում՝ ձեր լրատվամիջոցը: Ճիշտ է այդ դիմադրությունը առավելապես սոցկայքերում գրառումների տեսքով էր, բայց կար: Այլ հարց է, որ վերջին 30 տարում Հայաստանում իշխանությունը չի էլ նայում ներքին դիմադրության ուղղությամբ: Ասացվածք կա՝ շատ տեղ չդնել: Իշխանությունը ոչ ոքի շան տեղ չի դնում ու ամեն ինչ անում է սեփական ճաշակով: Սա է մտահոգիչը: Այ այստեղ կարող է հարց լուծել կրթական համակարգի, այդ թվում՝ առարկաների փոփոխությունը:

  2. Լավատես says:

    Հաճախ ժողովրդին մեղադրում են քաղաքական անչափահասության մեջ, այս ժողովրդավարական ընտրություն կոչվածը քաղաքական մարգինալ են դարձնում ժողովրդից, ինչպես ասենք, եթե ժողովուրդը որոշում կայացներ Գիտությունների ակադեմիայի ղեկավարի ընտրություններում: Նման դեպքում ժողովուրդը միշտ քվեարկելու ուժեղի օգտին, մեր ազգային ուժերը պետք է իրենց սխալն ու պարտությունը ընդունեն եւ մյուս անգամ ավելի պատրաստ լինեն ապազգայինների դեմ քաղաքական պայքարին:

  3. Anonymous says:

    Ինչ գնահատականի է արժանի ընտանիքի հայրը, եթե նա փորձում է կզցնել, շինել ընտանիքի այն անդամներին, որոնք իրեն քննադատում են վատ պապայություն անելու համար։ Քաղաքակիրթ հասարակությունը այդպիսի հորը զրկում է ծնողական իրավունքներից։ Իսկ մեր պապան նման դեպքում սիրում է արտասանել.
    – Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ,
    Ախր ուրիշ տեղ ես ինչպես մնամ։

    Ու որպեսզի պապան վեր չկենա ու չգնա, նա շարունակում է իր ընտանիքի պահանջկոտ անդամներին բերման ենթարկել, կալանավորել, նրանց վրա գործեր կարել։

  4. Հայ մարդ says:

    Ինչ գնահատականի է արժանի ընտանիքի հայրը, եթե նա փորձում է կզցնել, շինել ընտանիքի այն անդամներին, որոնք իրեն քննադատում են վատ պապայություն անելու համար։ Քաղաքակիրթ հասարակությունը այդպիսի հորը զրկում է ծնողական իրավունքներից։ Իսկ մեր պապան նման դեպքում սիրում է արտասանել.
    – Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ,
    Ախր ուրիշ տեղ ես ինչպես մնամ։

    Ու որպեսզի պապան վեր չկենա ու չգնա, նա շարունակում է իր ընտանիքի պահանջկոտ անդամներին բերման ենթարկել, կալանավորել, նրանց վրա գործեր կարել։ Օդում կախված լուրերի համաձայն, իշխանությունների այսպիսի ձեռագիրը 2018թ. առաջ անխնա քննադատում էր ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031