Բազմաթիվ դեսպաններ իրենց համերաշխությունը ցույց տվեցին Ալիեւին, դա նաեւ հայկական դիվանագիտության ձախողումն է
Հուլիսի 9-10-ը Ադրբեջանում հավատարմագրված քառասունվեց դեսպաններ այցելել են Շուշի, սակայն նրանց շարքում չեն եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները։ Ադրբեջանում կրքերը բորբոքվել են: Ադրբեջանական մամուլում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դեսպանների սույն քայլը որպես դեմարշ է որակվում, ադրբեջանցի լրագրողներին ու վերլուծաբաններին առավելապես վրդովեցրել է ռուս դեսպանի բացակայությունը։
Միջազգային հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիմքեթ Հաջիեւը հայտնել է, որ դեսպանների այցը Շուշի՝ Ալիեւի նախաձեռնությունն է եղել ու հիմա ըստ ադրբեջանական մամուլի գնահատականների՝ ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող պետությունների դեսպանների քայլը՝ «ընդգծված դեմարշ է՝ հաղթող նախագահ Ալիեւի դեմ»։
Ալիեւի համար Շուշին, առհասարակ, «իդեա-ֆիքսն» է դարձել: Նա ամեն առիթով ցանկանում է ցույց տալ աշխարհին 44-օրյա պատերազմի իր հիմնական «ձեռքբերումներից» մեկը: Վերհիշենք Էրդողանի այցը Շուշի եւ այնտեղ թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի կնքումը:
Կարդացեք նաև
Շուշի այցելած դեսպանների թվում են եղել նաեւ ՀԱՊԿ անդամ երեք պետությունների՝ Ղազախստանի, Տաջիկստանի եւ Բելառուսի դեսպանները, ինչպես նաեւ Ավստրիայի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Կորեայի, Քաթարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալայզիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդեռլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Բելգիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի եւ Վենեսուելայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։ Ի դեպ, Շուշի հրաժարվել է այցելել նաեւ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը հաստատել է, որ Բաքվում բրիտանական դեսպանության ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել հուլիսի 9-10-ը Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղ կազմակերպված այցին, որն ուշադրության արժանի քայլ է՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի խորը հարաբերությունների մակարդակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ:
Այսպես, Ադրբեջանում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունների քայլը, մեղմ ասած, վրդովեցուցիչ է համարվում, իսկ Հայաստանում՝ գրեթե հաղթական տրամադրություններ են, որն էլ իր հերթին, արդարացված մոտեցում չէ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունները տվյալ դեպքում ցուցաբերել են միասնական դիրքորոշում, ինչը նշանակում է, որ նրանք ցանկանում են պահպանել իրենց չեզոք միջնորդի իմիջը: Ու որքան էլ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ունեն իրենց առանձին շահերը մեր տարածաշրջանում՝ նրանց համար այս փուլում շահավետ է հանդես գալ միասնական դիրքերից:
Իսկ սա իր հերթին նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններն իրենց առաքելությունն ավարտված չեն համարում, որը հայկական կողմի համար միանգամայն դրական է: Սակայն, մյուս կողմից, անհասկանալի է հայկական տիրույթում ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունների նշյալ քայլի առթիվ ցնծության տոնայնությունը:
Պաշտոնական Երեւանը պետք է բացատրություն տա, թե ինչու աշխատանք չի տարել այն բոլոր երկրների հետ, որոնց դեսպաններն այցելել են Շուշի: Եթե դրսեւորվել է անգործություն, ապա մեղմ ասած՝ ոչ արդարացված են հիացական տոնայնությամբ բացականչությունները՝ տեսեք, ինչ արեցին ԵԱՀԿ ՄԽ-ի եռանախագահող երկրները: Նրանք ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափը, իրենց մանդատը պահպանելու հարցում լիովին սպասելի քայլ են արել:
Մինչդեռ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է աշխատանք տաներ, որպեսզի հնարավորինս քիչ թվով դեսպաններ այցելեին Շուշի: Սակայն դա չի արվել, նշանակում է, որ մի շարք պետություններ, եթե պատերազմի ժամանակ «չեզոքություն» էին պահպանում, չէին դատապարտում թուրք-ադրբեջանական դաշինքի սանձազերծած պատերազմը, արգելված զինատեսակներով խաղաղ բնակչության դեմ ահաբեկչությունը, ապա այսօր նրանք իրենց լիովին ազատ են զգացել եւ իրենց քայլով, այսպես ասած՝ իրենց համերաշխությունն են ցույց տվել Ալիեւին, մի բան, որ հայկական դիվանագիտության լիակատար ձախողում պետք է որակվի:
Հաջորդը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններն իրենց քայլով մեկ անգամ եւս հասկացնել են տալիս, որ ղարաբաղյան բանակցությունները շարունակելու կողմնակից են, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քննարկումներ պետք է ծավալվեն, մի բան, որը բացարձակապես չի տեղավորվում թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգում:
Հիմա, Բաքվից ԵԱՀԿ Մինսկի խմբի ուղղությամբ քննադատական նոտաներն էլ ավելի կուժգնանան, որը նույնպես բխում է Ալիեւի շահերից: Բանը կարող է նույնիսկ հասնել նրան, որ անգամ Բաքվից հնչեն կոչեր՝ առհասարակ հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ-ի հետ համագործակցությունից: Ալիեւն, այսպիսով, լրացուցիչ առիթ է ստանալու դժգոհել ԵԱՀԿ ՄԽ-ից ու այդ համատեքստում նա հետագա բանակցություններից կխուսափի: Իսկ այս մթնոլորտը, բնականաբար, ձեռնտու է հայկական կողմի համար, որը տարիներ շարունակ համարվել է կառուցողական կողմ, իսկ Բաքուն՝ ընդհակառակը:
Եվ այստեղ առաջ է գալիս այլ հարց՝ պաշտոնական Երեւանը ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող բոլոր պետությունների հետ առանձին աշխատանք տանո՞ւմ է, ունի՞ օրակարգ: Ընդհանրապես, եթե, օրինակ` բանակցությունները վաղը վերսկսվեն՝ ինչի՞ց են մեկնարկելու, ո՞ր հնարավոր հարցերի շուրջ է, որ հնարավոր կլինի բանակցություններ վարել:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 14.07.2021