Դեռ դպրոցական տարիներից աշխույժ, հարցասեր ու եռանդուն պատանին ակտիվորեն մասնակցում էր տարբեր միջոցառումների, սիրում էր խաղալ, նոր ընկերներ ձեռք բերել եւ միշտ շարժման մեջ էր, առաջադեմ էր ուսման մեջ՝ մանկության անհոգ լավ կամ վատ օրերի «հարահոսի» պատմություններում։ Ճիշտ է, տարիքին բնորոշ չափով նա հետեւում էր իրենց ընտանիքի նիստուկացին, ավագների կյանքին, բայց միշտ չէր, որ ամեն ինչ իր սրտովն էր լինում։
Հանգամանքների բերումով ընտանիքը Պարսկաստանից տեղափոխվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այստեղ մթնոլորտը, բնականաբար, այլ էր եւ նոր միջավայրից ստացած տպավորությունները Օգսեն Բաբախանյանի նման զգայուն ու կողմնորոշվող խառնվածքը չէր կարող անտարբեր լինել իր առջեւ բացվող բազմատեսակ «հմայքների» հանդեպ։ Օգսենը շրջապատում տեսնում է շատ բան, զգում է շատ բան, բայց չգիտի դեռ, որ ինքը արդեն տիրապետում է որոշակի ինֆորմացիայի եւ որոշ իմաստով հասունացած պատանին սկսում է ճանաչել կյանքը՝ իր հակասություններով, տագնապներով, խորքերով։
Անհատականության ձեւավորման աստիճանական ընթացքը Օգսեն Բաբախանյանին ուղեկցեց դեպի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Եվ հաջողությամբ ավարտելով այն՝ բարձրորակ շինարար-ճարտարագետի վկայականով մեծ կյանք մտավ, լեցուն երազանքներով, նպատակներով ու ծրագրերով։ Բայց մի միտք, մի գաղափար, մի զգացողություն, այնուհանդերձ, նրան հանգիստ չէր տալիս, քանի որ արդեն կարդացել էր Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու ստեղծագործություններից մի քանիսը եւ ամբողջովին համակված էր հայրենի պատմությամբ, հայրենիքին օգտակար լինելու իրեն այրող զգացմունքներով։ Այսինքն՝ ուներ իրականության ընկալումների իր խառնվածքին բնորոշ հստակ պատկերացումները, որը նշանակում է տիրապետել մտավոր-ստեղծագործական ապրելակերպին՝ գիտակցելով աշխատանքի կարեւորությունն ու արժեքը:
Այսպես, հարուստ կենսափորձով, գիտելիքներով, նվիրական երազանքներով զինված, հիմնականում ԱՄՆ-ի եւ զարգացած այլ երկրների տնտեսագիտական միտքը, բիզնեսի բարդ ու նրբին համակարգը, ղեկավարման արվեստի սկզբունքներն ուսումնասիրած մեր Էտյուդի «հերոսը» ստեղծում է շինարարական-ճարտարագիտական իր բիզնեսը՝ խորհրդատվական գրասենյակը եւ շուրջ 30 տարի ղեկավարում է այն։ Հընթացս Օգսեն Բաբախանյանը Երեւանում գնում է բնակարան եւ յուրաքանչյուր տարի ընտանիքով այցելում է Երեւան, ներկայանում է համայնքներ, պետական այլ կառույցներ ու իր նախագծերի, մտահղացումների, ծրագրերի մասին զրուցում պատասխանատու պաշտոնյաների հետ, բարեգործական աշխատանքներ ծավալում շրջապատում, կարիքավորների, հարեւանների շրջանում։
Հայրենազգաց ու երդվյալ ճարտարագետը միաժամանակ ուսումնասիրում է տնտեսության տարբեր ճյուղերի կենսունակության պատկերը, բիզնեսի մասին մարդկանց պատկերացումների աստիճանակարգը, հոգեբարոյական որակները՝ ծանր ու թեթեւ անելով իր ծրագրերի, նպատակների իրագործման իրական հնարավորությունները: Եվ հասկանում է, որ եկել-հասել է այն կետին, ուր հրատապ է հայության միաբանության, ինքնաճանաչման, ոգեղեն ու նյութական արժեքների գերակայության, հայ մարդու գիտակցության ու բարոյական պոտենցիալի բարձրացման ժամանակները։ Այստեղ, իրավամբ, բոլորիս խնդիրն է սեւեռվել հայրենիքի զարգացման, հզորացման, հանրության բարեկեցիկ ու անվտանգ կյանքի ապահովման խնդրականին՝ ձեռներեցություն, գործարարություն սերմանելով հանրության յուրաքանչյուր անդամի մեջ։
Այս համապատկերի ֆոնին հատուկ քննության նյութ է Օգսեն Բաբախանյանի գիտապրակտիկ, արդիական եւ հենց Հայաստանի Հանրապետության առանձնահատկություններից բխող, այսպես կոչված, «ստեղծագործական լաբորատորիան», այս հասկացության այն իմաստով, որ նա փորձ արեց եւ կարողացավ գործարարության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման արդիական միտումները, իրատեսական սկզբունքները համադրել մեր գոյապայքարի, ինքնության, ազատության արժեքների համակարգին եւ ասպարեզ բերել «Զարթոնք եւ Վերածնունդ» նշանաբանով երեք գրքույկներ՝ ներկայացնելով Հայաստան աշխարհի զարգացման ու հզորացման, արտագաղթի կասեցման, համայն հայության միավորման, ծնելիության խթանման, եկեղեցու դերակատարության բարձրացման գաղափարի իրատեսական ուղիներն ու մեթոդաբանությունը՝ փիլիսոփայական, քաղաքական երանգով։
Վերջին՝ «Մշակութա-տնտեսական հեղափոխության 44 նախագիծ» (Երեւան, «Լուսաբաց հրատարակչատուն», 2021) դրույթների, կոնկրետ առաջարկների, նախագծերի, հարցադրումների ու պատասխանների ծրագրային հավաքածուն իրավամբ արդիական հնչեղություն ունի:
Բավական է հիշատակել գրքի բանալի-ենթավերնագրերից մի քանիսը («Մեր զարթոնքի նպատակները», «Մեր առաքելությունը», «Ես հայ եմ», «Հայկական բանկ», «Արեւային էներգիա», «Մարշալի պլան կամ կորոնաճարակի ֆոնդ», «Հայ եկեղեցին», «Ստեղծել առեւտրի պալատներ», «Ստեղծել սփյուռքյան ստարտ-ափեր», «Պատմական վայրեր, եկեղեցիներ ու զբոսաշրջություն», «Մշտական ճամբարներ», «Վարկեր փոքր ու միջին բիզնեսի համար», «Գովազդային վահանակներ», «Հայկական ծիրանը», «Սփյուռքում ստեղծել հայկական ապրանքների տոնավաճառներ», «Նոր բնակարաններ», «Սփյուռքի ձայն հեռուստաալիք», «Բնական ռեսուրսներ») եւ այլ նախագծեր ու թեզեր։
«Մեր զարթոնքը» հենց այն համակարգն է, ինչը մանրամասն մշակվել է ստեղծելու մի պաշտոնական ու կառույցաբաժան հաղորդակցության մեթոդաբանություն, որ լինելու է գործողությունների մի ծրագիր՝ ողջ աշխարհով մեկ սփռված հայազգի բոլոր մարդկանց համար թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքում։ Եվ սա կոչված է դադարեցնելու Հայաստանից այս անմիտ արտագաղթը, նպաստելու Հայաստանի բնակչության աճին ու նրա բնակչության թիվը բազմապատկելու ու հասցնելու մինչ 7 միլիոնը, որ մենք կարող լինենք ունենալու բազմամարդ, հարուստ ու հզոր մի երկիր՝ լի հույսով ու հավատով, սիրով՝ հանուն մեր գալիք սերունդների», – գրում է Օգսեն Բաբախանյանը:
Հենրի ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.07.2021