Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդեւանյանը՝ «շինել» բառի Լենա Նազարյանի բացատրության, «կապույտ չագուչը դատարկ գլուխներին ջարդելու» ու ՍԴ-ի մասին

Հուլիս 15,2021 15:00

Արամ Վարդեւանյանը կարծում է, որ դատախազների տրամաբանությամբ շարժվելու դեպքում՝ շատ մոտ ապագայում մարդիկ կվերցնեն շատ մեծ քար եւ կասեն, որ այս քարը տալու եմ չգիտեմ ում գլխին, բայց այդ քարը սիմվոլն է արդարության:

Երեկ արդեն 6-րդ օրն էր՝ Սահմանադրական դատարանը բանավեճերի, իրավական վիճաբանությունների ուղեկցությամբ շարունակում էր քննել 20.06.2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման հարցը՝ 4 քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումի հիման վրա:

«Առավոտը» այս առնչությամբ զրուցել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանի հետ:

Վերջին նիստերից մեկի ժամանակ պարոն Վարդեւանյանը Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին հարցրել էր. «Մանրամասն նկարագրում եք, թե մուրճը իրենից ինչ է ենթադրում, բա «դրանց սաղին բռնելու եմ շինեմը» ի՞նչ է ենթադրում»:

Մեր հարցին՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը բացատրել էր, որ այդ «շինեմը» նշանակում է 2500 կմ ճանապարհների կառուցում, այս բացատրությունը ձեզ ինչքանո՞վ է բավարարում: Վարդեւանյանը պատասխանեց. «Կարծում եմ, նման բացատրությունը պետք է մեղմ ասած լուրջ չընդունել: Նման պաշտոն զբաղեցնող անձը նման խոսքեր, մտքեր պետք է որ չարտահայտի: Այսինքն, կանխավարկածը պետք է լինի այնպիսին, որ մենք շատ ավելի բարձր մակարդակի դիսկուրսի ենք արժանի Հայաստանի Հանրապետությունում: Նաեւ խնդիրն այն է, որ առհասարակ այդ արտահայտությունը պետք է չլիներ: Մուրճը պետք է չլիներ: ՀՀ քաղաքացիները արժանի չեն նման իրավիճակի ու նման մթնոլորտի»:

Հարցին երբ որ դուք այդ արտահայտություններն ասում եք, մեջբերում եք, ձեզ հակադարձում են, որ մյուս քաղաքական ուժերի առաջնորդներն էլ են կոշտ բառապաշար օգտագործել, այդ երկուսը կարո՞ղ ենք նույն նժարի վրա դնել՝ Վարդեւանյանը պատասխանեց. «Նախ, չենք կարող նույն նժարի վրա դնել, որովհետեւ ցանկացած արարքում առաջինը պետք է դիտարկել, թե ով է նախաձեռնողը, ով է առաջինը նման վարքագիծ դրսեւորել: Սա՝ մեկ: Երկրորդը՝ արդյոք մյուս ուժերը հանդես են եկել գործադիր իշխանության լծակներն ունենալու դիրքերից, թե՞ ոչ: Դա միայն մեկ ուժ է եղել: Այդ մեկ ուժի կողմից նման արտահայտությունները մենք իրական կյանքում էլ ենք տեսնում: Մխիթար Զաքարյանին (Մեղրիի նախկին համայնքապետ,-Հ. Ջ.) այնպես, ինչպես խոսք էր տրվել նախընտրական քարոզարշավի ընթացքում, որ պետք է փռեն ասֆալտին, հենց այդպես էլ արել են: Մենք խնդրել ենք, որ Սահմանադրական դատարանը այդ տեսանյութը վերցնի: Շատ հետաքրքիր կլինի, որ այդ տեսանյութն էլ մասը կազմի այս պրոցեսի»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, դուք գտնում եք, որ երբ Փաշինյանն ասում է՝ «կապույտ չագուճը ջարդելու եմ ձեր դատարկ գլուխներին», այդտեղ իրական սպառնալի՞ք կա ու հնարավոր է դրա՞ն էլ մենք ականատես լինենք՝ Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Եթե մենք առհասարակ նման կերպ նայենք, որ դա իրենից թույլատրելի արարք է ենթադրում, իսկ դատախազները փաստորեն դա են պատկերացնում, պետք է մենք ունենանք մի իրավիճակ, որ շատ մոտ ապագայում մարդիկ կվերցնեն օրինակ շատ մեծ քար եւ կասեն, որ այս քարը տալու եմ չգիտեմ ում գլխին, բայց այդ քարը սիմվոլն է արդարության, այդ քարը Սահմանադրության սիմվոլն է, պետք է տանենք ջարդենք մարդկանց գլխներին:

Հասկանո՞ւմ եք, չի կարելի: Դա աբսուրդ է, մենք ունենք որոշակի իրավական կարգեր, պահպանենք այդ կարգերը: Պետք չի քաղաքական իրավիճակով պայմանավորված իրավապահ մարմինները վերածվեն քաղաքական իշխանության փաստաբանների դերն ստանձնողների»:

Խոսելով ՍԴ նիստերից ստացած տպավորությունից, Վարդեւանյանը դժգոհեց անարդյունավետությունից. «Բավականին ծանր աշխատանք ենք ունենում ՍԴ-ում, միջնորդությունների քննությունը ավելի վաղ ժամանակահատվածում կազմակերպելը կարող էր ավելի օգտակար լինել:

Կարծում եմ, կարող էինք հենց բուն նիստերի աշխատանքներն ավելի շուտ սկսել: Աշխատում ենք արտակարգ ռեժիմով: Շատ լուրջ ընտրախախտումներ ենք բարձրացրել: Որոշ ընտրախախտումների վերաբերյալ, որոնք մենք բարձրաձայնել էինք, արդեն իսկ հաստատվեցին, դրանք արձանագրված փաստ են: Այլ հարց է, թե դրանք ինչ պատճառով են եղել՝ տեխնիկական է եղել, տեխնիկական չի եղել, անձը Հայաստանում չի եղել, իր փոխարեն տեխնիկակա՞ն է, որ ստորագրվել է: Սրանք հարցեր են, որոնց գնահատականը արդեն ՍԴ-ն կտա: Հաշվի առեք, որ ՍԴ-ն չի նայում թվաքանակներով: ՍԴ-ն ընդհանուր գնահատական է տալիս»:

«Հայաստան» դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ մանդատների բաշխման կարգը փոխել, կամ երկրորդ փուլ նշանակել: Սակայն նրանց հակադարձում են, որ երկրորդ փուլ առանց մանդատների վերաբաշխման հնարավոր չէ, այսինքն, դրանք իրար ածանցյալ են: Վարդեւանյանը արձագանքեց. «77-րդ հոդվածով նախատեսված հնարավոր 3 տարբերակներն էլ մենք ներկայացրել ենք եւ ունի հստակ տրամաբանություն: Այս երեք տեսակի որոշումներով համակցությունը առաջին անգամ է իրացվում Հայաստանի պատմության մեջ: Երկրորդ փուլն ու մանդատների վերաբաշխումը առանձին են: Դա կլինի ուղղակի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի տարրական պատկերացում չունենալ, որովհետեւ դրանք հենց առանձին որոշումներ են: Այլ հարց է, որ նույն մանդատների բաշխումը կամ երկրորդ փուլը կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը ածանցյալ են ընտրությունների արդյունքներով որոշման անվավեր ճանաչումից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031