Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» ՉԼ առաջին որակավորման պատասխան խաղում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել է Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին»: Նախապես տեղեկացնենք, որ խաղն ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով: Լրացուցիչ ժամանակում հայկական թիմը հաղթեց Ուելսի չեմպիոնին 1:0 հաշվով:
Aravot.am-ը հանդիպումից առաջ «Հանրապետականում» զրուցեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Ջոն Պատրիկ Գալահերի հետ:
–Պարոն դեսպան, այս խաղին ձեր ներկա գտնվելը արարողակարգայի՞ն է, թե՞ դուք սիրում եք սպորտը, մասնավորապես, ֆուտբոլը եւ անձնական նախաձեռնությամբ եք եկել երկրպագելու Ուելսի չեմպիոնին:
-Ես առաջին հերթին այստեղ եկել եմ, որովհետեւ Բրիտանիայի Միացյալ Թագավորության ներկայացուցիչն եմ եւ պիտի գայի եւ երկրպագեի բրիտանական թիմին: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ես ֆուտբոլի մեծ սիրահար եմ եւ ուրախ եմ գտնվել այս գեղեցիկ մարզադաշտում: Սա Հայաստանում ֆուտբոլային իմ առաջին դիտումն է լինելու: Կարծում եմ, որ մեծ դիմակայություն կլինի ինչպես «Ալաշկերտի», այնպես էլ Ուելսի չեմպիոնի համար, ինչից կշահեն, թե ֆուտբոլը, թե ֆուտբոլասերները:
Կարդացեք նաև
-Դուք գերադասում եք սպորտին առնչվել ավելի շատ երկրպագուի՞ կարգավիճակով, թե՞ անձնապես ակտիվ եք:
-Երկուսն էլ: Սիրում եւ դիտել, եւ խաղալ: Մանկությունից, ինչպես բոլորը, սիրել եմ ֆուտբոլ խաղալ: Նաեւ այն երկրներում, որտեղ եղել եմ ի պաշտոնե: Նաեւ թենիս եմ խաղում: Հույս ունեմ, որ Հայաստանում էլ այդ հնարավորությունը կունենամ: Սպորտը նաեւ տեղացիներին ճանաչելու, շփվելու հիանալի միջոց է:
–Արդեն հետաքրքրվե՞լ եք, թե այստեղ պայմաններն ինչպիսին են: Նաեւ ձեր մարզվելու համար: Եթե այո, հասցրե՞լ եք ընդհանուր պատկերացում կազմել մարզաբազաների առկայության եւ որակի մասին: Թեեւ, ցավոք, Հայաստանի մարզաբազաների վիճակը չես համեմատի Մեծ Բրիտանիայի հետ:
-Ընդամենը երեք ամիս է, ինչ Հայաստանում եմ եւ չեմ հասցրել ուսումնասիրել: Բայց հիմա այս ստադիոնում եմ, եւ այն շատ տպավորիչ է: Դատելով տեսածիցս, այստեղ սպորտով եւ առողջ ապրելակերպով զբաղվելու պայմաններ, անշուշտ, պետք է լինեն: Ես հույս ունեմ, որ վերջին շրջանում Հայաստանի ազգային թիմի հաջողությունները երիտասարդներին եւ աղջիկներին կխրախուսեն, կոգեւորեն ավելի շատ զբաղվել սպորտով:
–Որպես կանոն, որեւէ երկիր առաքելության մեկնելուց առաջ դիվանագետները նախապես ուսումնասիրում են այդ երկրի պատմությունը մշակույթը, տնտեսությունը, սպորտը, ծանոթանում անվանի մարզիկներին: Դուք Հայաստանի անվանի մարզիկներով հետաքրքրվե՞լ եք, կամ գուցե, շատերին ճանաչո՞ւմ եք: Թեկուզ՝ հեռակա:
-Հանդիպել եմ թեկուզ իսպանացի, բայց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Շատ լավ տեղեկացված եմ Հենրիխ Մխիթարյանի մասին, որը խաղում էր անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» եւ «Արսենալում»: Բայց անձնապես մենք չենք հանդիպել: Հուսով եմ, որ ապագայում ավելի շատ հայ մարզիկներ կգնան Անգլիա, կխաղան անգլիական թիմերում: Հույս ունեմ, որ այսօրվա խաղում էլ կտեսնեմ հետագայում Անգլիայի թիմեր մեկնող խաղացողներից մի քանիսի:
-Սպորտը բարեկամություն է, սպորտը մտերմացնում է մարդկանց: Դուք նպատակ ունե՞ք այստեղ ձեր առաքելության ընթացքում նպաստել հայ եւ բրիտանացի մարզիկների, թիմերի փոխայցելություններին, կապերի հաստատմանն ու ամրապնդմանը:
-Հենց այսօրվա հանդիպումը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող է սպորտը հանդիպեցնել երկու երկրների: Հույս ունեմ, որ սպորտը հնարավորություն կտա բրիտանացիներին եւ հայերին ավելի կապվել, Բրիտանիայի սպորտը ցույց տալ Հայաստանում, հայկական սպորտը՝ Բրիտանիայում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ