Հուլիսի 14-ին ժամը 21-ին ԿԸՀ-ն պետք է քններ դատախազության ներկայացրած միջնորդությունը՝ Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը (լուսանկարում), նիստը տեղափոխվել է հուլիսի 15-ի առավոտյան 9:30, այդ մասին ծանուցում են ստացել: «Պարոն Սարգսյանը ծանուցում էր ստացել 17:10-ին: Մենք հայտնել էինք, որ պատրաստ ենք ժամը 21-ին պարոն Սարգսյանի հետ միասին ներկայանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նիստին մասնակցելու համար, ինչի մասին նաեւ ֆեյսբուքում էի գրառում արել, որպեսզի որեւէ մեկի մոտ տարընթերցում չառաջանար, դրանից հետո արդեն պետք է մոտենայինք, նոր ծանուցում ենք ստացել ժամը 8-ի կողմերը, որ տեղափոխվել է, որեւէ պատճառաբանություն չկար: Ամեն դեպքում մեզ համար էական տարբերություն չկա»:
Մեր հարցին՝ ի՞նչ կանխատեսում ունեն, հարցն ինչ հանգուցալուծում կստանա ԿԸՀ-ում, Էմին Խաչատրյանը այսպես արձագանքեց. «Ես սուբյեկտիվ կարծիք ունեմ, որովհետեւ մի քանի օր առաջ մեր գրասենյակի փաստաբանը մեկ այլ գործով մասնակցել է նմանօրինակ նիստի, մեր կարծիքով այն շատ ձեւական բնույթ է կրել: Ամեն դեպքում վաղը եւս կփորձենք մեր ծանրակշիռ փաստարկներով բացատրել, համոզել նիստի անդամներին, որպեսզի դեմ քվեարկեն, քանի որ քրեական հետապնդում սկսելու կամ կալանավորելու որեւէ պատճառ եւ առիթ չկա: Ու պարոն Սարգսյանը բազմիցս հնարավորություն ունեցել է իր դիրքորոշումը հայտնելու, որ ինքը որեւէ քրեորեն պատժելի արարք չի գործել, եւ այս ամենը գնահատել է արդեն իսկ բոլորին հայտնի տեղի ունեցող քաղաքական հետապնդումների մի մաս»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ