Սահմանադրական դատարանն այսօր ավարտեց «ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» ՀՀ ԿԸՀթիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունը և հեռացավ դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար:
Օգտվելով պատեհ առիթից՝ հպանցիկ ուսումնասիրեցի բարձր դատարանի կողմից իր հիմնադրման օրվանից քննության առնված համապետական ընտրությունների վեճերի արդյունքներով կայացված դատական ակտերը, որոնք յուրովի հետաքրքրություն են առաջացնում ինչպես ժամանակագրության, այնպես էլ բովանդակային առումով։
1995թ․ ՀՀ սահմանադրության ընդունումից և 1996թ․ ՀՀ Սահմանադրական դատարանի հիմնադրումից ի վեր ՀՀ-ում անցկացվել են թվով 5 նախագահական և 7 Ազգային Ժողովի ընտրություններ։
ՀՀ սահմանադրական դատարանն իր ողջ գործունեության ընթացքում քննության է առել թվով 4 նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև ՀՀ Ազգային Ժողովի 1999թ․ մայիսի 30-ի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները թվով 8 ընտրատարածքում անվավեր ճանաչելու, 2003թ․ մայիսի 25-ին մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները թվով 16 ընտրատարածքում անվավեր ճանաչելու, ինչպես նաև 2007թ․, 2012թ․ և 2017թ․ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու մասին դատարան ներկայացված դիմումները։
Կարդացեք նաև
Հատկանշական է, որ ՀՀ-ում անցկացված համապետական ընտրությունների ողջ ժամանակահատվածում չի բողոքարկվել միայն 1998թ․ նախագահական ընտրությունների և 2018թ․ դեկտեմբերի 6-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
1996թ․ նոյեմբերի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-26 որոշումը, որով մերժել է Հանրապետության նախագահի թեկնածուներ Վազգեն Մանուկյանի եւ Աշոտ Մանուչարյանի պահանջը՝ Հանրապետության Նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 22-ի ընտրության արդյունքները եւ ՀՀ Նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ 1996թ․ սեպտեմբերի 29-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին։
2003թ․ մարտի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-408 որոշումը, որով մերժել է ՀՀ Նախագահի թեկնածու Ա. Գեղամյանի պահանջը ՀՀ Նախագահի 2003 թվականի փետրվարի 19-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին։
2003թ․ ապրիլի 16-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-412 որոշումը, որով ընդգծել է, որ 2003թ. ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքում առանձին ընտրատեղամասերում, հատկապես քվեարկության և ձայների հաշվարկման ժամանակ, տեղ են գտել այնպիսի խախտումներ, որոնք իրենց բնույթով անհարիր են երկրի ժողովրդավարական հետագա զարգացումներին, անհամատեղելի են, մասնավորապես, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21 հոդվածով, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի առաջին արձանագրության 3-րդ հոդվածով եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 25 հոդվածով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների հետ։
Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ ․․․իրավական առումով հիմնավոր փաստարկված է, որ տեղ են գտել քվեաթերթիկների լցոնման, ձայների սխալ հաշվարկի, այլոց փոխարեն քվեարկության եւ այլ բնույթի էական խախտումներ, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից անհիմն ձեւով մերժվել է, իսկ ընդհանուր իրավասության դատարանների կողմից օրենքով սահմանված կարգով չեն պաշտպանվել հանձնաժողովների անդամների եւ թեկնածուների վստահված անձանց իրավունքները՝ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում տեղամասային քվեարկության արդյունքների ստուգումներ կազմակերպելու վերաբերյալ։
Բացի այդ, սահմանադրական դատարանը թվով 40 ընտրական տեղամասերի ընտրության արդյունքները համարել է ոչ հավաստի։
Սրանով հանդերձ՝ դատարանն անփոփոխ է թողնել ՀՀ ԿԸՀ 2003թ. մարտի 11-ի թիվ 36-Ա որոշումը՝ ՀՀ Նախագահ ընտրվելու մասին՝ միաժամանակ առաջարկելով ՀՀ նորընտիր Ազգային ժողովին եւ ՀՀ Նախագահին՝ մեկ տարվա ընթացքում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը ժողովրդավարության եւ իրավական պետության սկզբունքներին համահունչ համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 2-րդ՝ փոփոխման ոչ ենթակա, հոդվածի առաջին մասի պահանջներին և որպես նախագահական ընտրությունների ընթացքում խորացած հասարակական դիմակայության հաղթահարման արդյունավետ միջոց՝ ընտրել վստահության հանրաքվեի կազմակերպումը։
2008թ․ մարտի 8-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-736 որոշումը՝ ՀՀ նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ԿԸՀ 2008թ․ փետրվարի 24-ի «Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 24-ա որոշումը վիճարկելու վերաբերյալ՝ մերժելով ներկայացված դիմումները։
2013թ․ մարտի 14-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-1077 որոշումը, որով ՀՀ նախագահ ընտրվելու մասին ՀՀ ԿԸՀ 2013թ․ փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը թողնվել է ուժի մեջ՝ մերժելով ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Ա․ Ղուկասյանի դիմումները։
Անդրադառնալով Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումներին, հարկ է արձանագրել, որ․
1․ 1999թ․ մայիսի 30-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններից հետո թվով 8 հոգի դիմել են Սահմանադրական դատարան՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ներկայացված դիմումներից 2-ը բավարարվել են, 6-ը՝ մերժվել։
2․ 2003թ․ մայիսի 25-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններից հետո թվով 16 հոգի դիմել են Սահմանադրական դատարան՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Ներկայացված դիմումներից 2-ը բավարարվել են, 14-ը՝ մերժվել։
3․ 2007թ․ հունիսի 10-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-703 որոշումը, որով մերժել է «Իմպիչմենտ» դաշինքի, «Նոր Ժամանակներ», «Օրինաց Երկիր» և «Հանրապետություն» կուսակցությունների դիմումները՝ ՀՀ ԿԸՀ 2007թ․ մայիսի 19-ի «ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին» թիվ 149-որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
4․ 2012թ․ մայիսի 31-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-1028 որոշումը, որով մերժել է «Հայ Ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի դիմումը Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին՝ ուժի մեջ թողնելով ՀՀ ԿԸՀ 2012թ․ մայիսի 13-ի՝ ՀՀ ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորներ ընտրվելու մասին թիվ 265-Ա որոշումը։
5․ 2012թ․ մայիսի 31-ին ՀՀ սահմանադրական դատարանը հրապարակել է ՍԴՈ-1028 որոշումը, որով մերժել է 2017թ․ ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ Կուսակցությունների դաշինքի դիմումի հիման վրա ԿԸՀ 2017թ․ ապրիլի 9-ի ՀՀ ԱԺ ապրիլի 2-ի արդյունքներն ամփոփելու մասին թիվ 163-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործով ՍԴ հրապարարակել է ՍԴՈ 1364 որոշումը՝ մերժել է դիմումատուների պահանջը անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
Թե այս ընտրությունների վերաբերյալ ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանն, պարզ կդառնա մինչև ս․թ․ հուլիսի 17-ը, սակայն վերը նշված փաստական նյութերի համակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ․
1․ ՀՀ սահմանադրական դատարանն իր գործունեության ընթացքում որևէ անգամ որևէ համապետական ընտրության արդյունք անվավեր չի ճանաչել։
2․ Սահմանադրական դատարանն իր գործունեության 25 տարիների ընթացքում ընդամենը 4 առանձին դեպքում է անվավեր ճանաչել Ազգային Ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները։
3․ Սահմանադրական դատարանի որոշումներում կարմիր թելի նման անցնում է այն գիծը, որ թեև այս կամ այն ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել այս կամ այն խախտումները, բայց դրանց հանրագումարը հիմք չէ ընտրության արդյունքներն ամբողջությամբ անվավեր ճանաչելու համար։
4․ Առանձին քննության առարկա է 2003թ․ նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՍԴ որոշումը, որով, թեև ֆորմալ առումով ուժի մեջ է թողնվել ԿԸՀ որոշումը՝ ՀՀ նախագահ ընտրվելու մասին, սակայն բովանդակային առումով Սահմանադրական դատարանն, ըստ էության, ընդունում է, որ տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք հարիր չեն եղել ժողովրդավարական երկրներին, և առաջարկել է վստահության հանրաքվե անցկացնել։
Ինչպես գիտենք, այդ հանրաքվեն տեղի չունեցավ, ինչը յուրովի ուղերձ էր, որ սահմանադրական դատարանի որոշումները պատմական այդ ժամանակահատվածում քաղաքական իշխանության համար չեն հանդիսացել այն աստիճան հեղինակավոր, որ դատական ակտը կատարվեր անվերապահորեն։
Ավելի՛ն, սահմանադրական դատարանն իր գործունեությամբ չի կարողացել ապահովել այնպիսի հեղինակություն, որի առաքելության անհրաժեշտությունն այսօր որևէ մեկի մոտ կասկած չհարուցեր։
Ճիշտ հակառակը, գնալով ձևավորվում է համոզմունք, որ սահմանադրական դատարանը սպառել է իրեն, չի կարողանում ապահովել արդյունավետություն, քանի որ իր նկատմամբ նախորդ տարիներին ունեցած ակնհայտ բացասական հանրային վերաբերմունքը չի նվազում։
Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և նրա գործունեության արդյունքը հետևանք է պետականության և պետականաշինության նկատմամբ մեր ժողովրդի ընկալումների, ինչպես նաև պետականության ավանդույթների բացակայության հետ
Իմ տպավորությամբ, բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, պատմական այս ժամանակահատվածում քաղաքական որոշումները հնարավոր չէ բեկանել սահմանադրական արդարադատության իրականացման և դատական ակտերի ընդունման միջոցով։
Պետությունը ծախսում է ահռելի միջոցներ սահմանադրական արդարադատության իրականացման համար, սակայն բարձր դատարանի կողմից ընդունված դատական ակտերը չեն մտնում իրական կյանք, չեն նպաստում ընտրական համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը, չեն ապահավում այնպիսի հեղինակություն, որի կիրառումը չի դրվի կասկածի տակ։
Վերը նշվածը հիմք է տալիս՝ հանգելու հետևության, որ պետք է լրջորեն քննության առնենք սահմանադրական այս մարմնի հետագա գործունեության արդյունավետության բարձրաձման հարցը, սահմանադրական արդարադատության հեղինակության ապահովման հարցը՝ համարելով, որ նրա առաքելությունը չափից դուրս կարևոր է իրավական պետության կառուցման համար։
Նորայր Նորիկյան
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ