Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպառնալիքներ եղան երկուստեք, ու նաեւ մեր հանդեպ, որի հետեւանքով քրեական գործ է հարուցվել»․ Անահիտ Եղոյան

Հուլիս 14,2021 21:30

«ՍԴ-ի հետ կապված՝ վաղ է կարծիք հայտնելը, համենայն դեպս, չունենք հույսեր, որ որեւէ դրական տեղաշաժ կլինի։ Ամեն դեպքում սպասենք վճռին։ Միանշանակ, ընտրություններն անցել են համատարած ընտրախախտումներով, ընտրակաշառքով եւ վարչական ռեսուրսն օգտագործելով․ դա փաստում են ոչ միայն բողոքարկող ուժերը, այլեւ՝ իշխողները։ Սպասենք վերջնական վճռին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Անահիտ Եղոյանը` «Հայոց հայրենիք» կուսակցության ղեկավարը։

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին կայացավ ՍԴ-ի հերթական նիստը։ Միասնական վարույթում ավարտվեց ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։

Նիստում ելույթի ժամանակ դիմումատուներից «Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը նշել  էր, որ երկրի վարչապետը նախագահ Արմեն Սարգսյանի վրա կոմպրոմատ ունի։ Այս առնչությամբ տիկին Եղոյանն ասաց. «Հստակ որեւէ բացատրություն չեմ կարող տալ ասվածին, բայց այն, որ ՀՀ նախագահը մատնված է անգործության` դա միանշանակ կարող ենք փաստել եւ արձանագրել»։

Այսօր եւս դիմումատուները խոսեցին Նիկոլ Փաշինյանի կողմից, իրենց բնորոշմամբ, քարոզարշավի ընթացքում ատելության խոսք տարածելու եւ բռնության կոչ անելու մասին։ Ավելի վաղ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան հիշեցրել էր ՀՀ  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանին զենքով դուելի հրավիրելը։

Անահիտ Եղոյանը հետեւյալ դիտարկումներն արեց․ «Այն սպառնալիքները, որոնք ՔՊ-ի կողմից են, 2018-թ․ից հետո ենք տեսել, երբ քաղաքապետի ընտրությունները տարանջատեցին սեւերի ու սպիտակների, այնուհետեւ սկսվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց ժամանակ եւս վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը սպառնում էր նրանց, ովքեր կհանդգնեն իր դեմ դուրս գալ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի ձեռագրին մենք ծանոթ ենք դեռեւս 1998 թվականից։ Պետք չէր ՀՀ քաղաքացիներին ընտրության ուղղորդել սպառնալիքներով, 2 կողմերն էլ ակնհայտ սպառնալիքներով են հանդես եկել քարոզարշավի ընթացքում։ Սպառնալիքներ կային ոչ միայն ընտրությունների, այլեւ քարոզարշավի ժամանակ եւ հենց մեր հանդեպ, ինչի արդյունքում ունենք հարուցված քրեական գործ»։

Նկատեցինք՝ այս ընթացքում դիմումատուներից «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը մատնանշել  էր, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ-ում միապետություն է տիրում, սակայն մինչեւ 2018թ․-ի ընտրությունները երկրի իշխանությունն արդյոք ծածուկ միապետական չէ՞ր։ Անահիտ Եղոյանը պատասխանեց. «Նախորդ իշխանությունների տարիներին, օրինակ` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբեք չի եղել որեւէ քաղաքական ուժ, որը նման մեծ թվով ձայներ հավաքեր։ ԱԺ-ում ամենաքիչը եղել են 4-5 կուսակցություններ, որոնց դեպքում միապետության տարբերակը չէր կարող գործել։ 2021 թվականի ընտրություններում էլ տեսանք, որ ՔՊ-ն, չնայած ցածր մասնակցությանը, ունեցավ բարձր ցուցանիշ։ Դա վկայում է այն բանի մասին, որ սա գնում է դեպի միապետություն, որ ամեն բան որոշում է վարչապետը եւ իր որոշումներին հակադարձելու ոչ մի հնարավորություն չկա, ինչպես եղել է այս 3 տարիների ընթացքում»։

Հարցին ի պատասխան, որ եթե 2018 թվականին Սերժ Սարգսյանը, հրաժարական տալուց հետո ժամանակավոր պաշտոնավարեր, ինչպես Նիկոլ Փաշինյանն արեց, ապա ինչպիսի՞ն կլիներ հանրության արձագանքը, մեր զրուցակիցն ասաց․ «Միանշանակ վատ։ Եթե 2018թ.-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տար եւ մնար որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա արձագանքը վատը կլիներ, որովհետեւ իր անձով պայմանավորված՝ ժողովուրդն ուներ բացասական կարծիք, բայց ինչպես հիշում ենք` նա տվեց հրաժարական եւ դուրս եկավ պաշտոնից։ ՍԴ-ում հնչեցվեց այն  կարծիքը, որ բուն հրաժարական նշանակում է` հրաժարվել պաշտոնից, չի լինում հրաժարական, ապա ժամանակավոր պաշտոնակատար եւ կապ չունի դա կլինի նախագահ, թե վարչապետ։ Իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ը դա մեր ազգային ողբերգությունն է, եւ չեմ կարծում, որ կապիտուլացիան կապ ունի այս ընտրությունների հետ։ Ամեն դեպքում, այդ ժամանակվանից հետո պարտված իշխանությունը պետք է հրաժարական տար։ Մենք լեգիտիմացնում ենք մի վարչապետի, որը ողջ պատերազմի ընթացքը տանուլ տվեց եւ պատճառ հանդիսացավ 5000 զոհերի, 10000-ից ավելի հաշմանդամություն ունեցողների։ Կարծում եմ` այսքանից հետո իրավունք չուներ շարունակել պաշտոնավարելը»։

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031