«Երասխում տեղի ունեցած միջադեպը շարունակական է լինելու այնքան, քանի դեռ նոր պատերազմ չի սկսվել»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային վերահսկողության համակարգ ՀԿ նախագահ, պահեստազորային սպա Արթուր Գրիգորյանը:
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի՝ Երասխի հատվածում ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող:
Արթուր Գրիգորյանի ձևակերպմամբ՝ այս իրավիճակը սպասելի էր: Նա շարունակեց. «Դե դեռ վերջնականը չի լինելու. էլի կլինեն նման միջադեպեր, մինչև, որ կլինի այն իրավիճակը, երբ նորից սկսվի պատերազմ: Պատերազմ կլինի այս, թե հաջորդ տարի, չեմ կարող ասել, բայց ժամանակը շատ կարճ է»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Արթուր Գրիգորյանն ասաց. «Իլհամ Ալիևը Հայաստանում՝ Սիսիանում է ծնվել, ու ըստ իր պատկերացրածի՝ ցանկանում է ծննդավայր վերադառնալ: Ալիևը երազում է Սյունիքը կտրելու, Նախիջևան մտնելու մասին»:
Կարդացեք նաև
Սյունիքի համայնքապետերի հետ կատարվողը Արթուր Գրիգորյանը համարեց քաղաքական հետապնդում: Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական վարույթ սկսելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով: Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կալանավորվել է: Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ևս կալանավորվել է: Այս առիթով Արթուր Գրիգորյանն ասաց. «Վստահ եմ՝ իշխանությունները Սյունիքից Ադրբեջանին ինչ-որ բան են փորձում զիջել: Դրա համար էլ հետևում են համայնքապետերին, ձերբակալում են, տանում ԱԱԾ, ոստիկանություն, շինծու գործեր հարուցում նրանց նկատմամբ»:
Մինչդեռ, ըստ Արթուր Գրիգորյանի, իշխանությունները ոչինչ չեն անում գերիներին վերադարձնելու համար: Նա պարզաբանեց. «Եթե գերիների դիմաց տրամադրում ես անվտանգության նշանակության քարտեզներ… գերիները մեր եղբայրներն են, բայց ՀՀ անվտանգությունը դնել վտանգի տակ՝ ինձ համար ընդունելի չէ: Ուրիշ տարբերակներ կան գերիներին վերադարձնելու: Ժնևյան կոնվենցիաներում կետ կա գերիների փոխանակման: Կարելի էր ՀՀ ներխուժած ադրբեջանցի զինծառայողներին գերեվարել, հետո մեր գերիների հետ փոխանակել, ինչը չարեցին: Ավելին, սահմանների անվտանգությունն ապահովող տղաները նրանց գերեվարեցին, բայց հետո եկան, այդ անձանց հետ վերադարձրին Ադրբեջանին՝ առանց նախապայմանների»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ