Լրահոս
Օրվա լրահոսը

«Համայնքների ղեկավարներն անկախ են, ոչ ոք նրանց չի կարող պարտադրել լիազորությունները դադարեցնել». Էմին Երիցյանը՝ 4 համայնքապետերի հրաժարականների մասին

Հուլիս 14,2021 21:01

«Համայնքների ղեկավարներն անկախ են, ոչ ոք նրանց չի կարող պարտադրել լիազորությունները դադարեցնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով Արագածոտնի մարզի 4 համայնքի ղեկավարի եւ մեկ համայնքի ղեկավարի պաշտոնակատարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցին:

Հիշեցնենք, որ 2021 թ. հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Արագածոտնի մարզի Հացաշեն, Օթեւան, Արտաշավան, Դաշտադեմ համայնքի ղեկավարները եւ Դդմասարի համայնքապետի պաշտոնակատարը լիազորությունները դադարեցնելու դիմումներ են գրել, ինչից հետո նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: Մեր հարցին՝ ինչպե՞ս է մեկնաբանում այս փաստը, պարոն Երիցյանն ասաց՝ դա անհատական պահվածք է, եւ հատուկ մեկնաբանություն անելու կարիք չկա. «Որովհետեւ ոչ ոք չի ասում, որ իրեն պարտադրել են: Կամ, նույնիսկ, պարտադրելու դեպքում, նա ընտրված համայնքի ղեկավար է, քաղաքական գործիչ է եւ իրավական առումով պաշտպանված է, կարող են հրաժարական չտալ: Եթե մարդիկ իրենք իրենց չեն պաշտպանում, պետք է հասկանանք ինչումն է խնդիրը»:

Էմին Երիցյանն ասաց, որ Հայաստանի համայնքների միությունը համայնքների ղեկավարներին միշտ պաշտպանել է, եւ այս տարիների ընթացքում այդ պաշտպանվածությունը իրավական բարձր մակարդակի է բերել, որպեսզի նրանք ունենան ինքնուրույնություն ու լինեն պաշտպանված:

Դիտարկմանը, թե իշխանության ներկայացուցիչներ՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Թորոսյանը , Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  հայտարարել էին, որ իրենց համայնքներում պարտություն կրած համայնքապետերը պետք է հեռանան պաշտոնից, Էմին Երիցյանը պատասխանեց. «Դրանք ընդամենը հայտարարություններ են, դրանից այն կողմ, իրավական հարթակում որեւէ գործիքակազմ չունեն ոչ մեկը»:

Արդյոք այդ հայտարարությունները հոգեբանական ճնշումնե՞ր չեն՝ մեր հարցին պարոն Երիցյանը պատասխանեց, որ դրանք քաղաքական փոխհարաբերություններ են. «Եթե համայնքի ղեկավարը հոգեբանական ճնշման պետք է ենթարկվի… Նրա հետեւում ընտրողներն են, համայնքն է: Նրա հետ համայնքի բնակիչն էլ կարող է կոշտ-կոպիտ խոսել, պետք է արդեն սովոր լինի»:

Էմին Երիցյանը համայնքապետերի հրաժարականների փաստը, ընդհանուր առմամբ, գնահատեց բացասական, քանի որ, ըստ նրա, աշնանը սպասվում են ՏԻՄ ընտրություններ, եւ հրաժարական տալով՝ համայնքները կանգնում են խնդիրների առաջ. «Ստեղծվում է մի վիճակ, որ նրանց փոխարեն նշանակվում են պաշտոնակատար, եւ ստեղծվում է մի վիճակ, որ համայնքը զրկվում է ինքնակառավարման իրավունքից: Պաշտոնակատարը չունի նույն լիազորությունները, ինչ համայնքի ղեկավարը, որն ընտրված է»:

Aravot.am-ը զրուցեց նաեւ հրաժարականի դիմում ներկայացրած Արտաշավան համայնքի արդեն նախկին ղեկավար Ղազար Կարապետյանի հետ, որը համայնքը ղեկավարում էր 1999 թ.-ից: Վերջին անգամ պարոն Կարապետյանն ընտրվել է երեք տարի առաջ՝ 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից առաջ: Պարոն Կարապետյանը խիստ վիրավորվեց, երբ հարցրինք՝ ճնշումներ եղե՞լ են մարզային իշխանությունների կամ որեւէ մեկի կողմից, որ նման որոշում է կայացրել:

Aravot.am-ի հետ զրույցում Արտաշավանի նախկին համայնքապետն ասաց. «Ես հոգով, սրտով, արյունով, մսով դաշնակցական եմ: Ես կամավոր, իմ դիմումի համաձայն եմ հեռանում, ոչ ոք չէր կարող ինձ ստիպել, ոչ էլ իրավունք ունեին: Երեք պատերազմներին մասնակցել եմ: Վերջին պատերազմից հետո արդեն որոշել էի դիմում գրել: Դիմում եմ գրել, դուրս եմ եկել, որովհետեւ էս կառավարության հետ չունեմ աշխատելու, որովհետեւ մենք կրվել ենք, մեր ազգը կրվել է»:

Մեր հարցին՝ ունե՞ք տարաձայնություն գործող իշխանության հետ, Ղազար Կարապետյանն ասաց՝ «Տարաձայնության հարց չէ, ժողովուրդն իմ տեսակին չի ընդունում: Ազգ, հայրենիք, սրբություն չի ընդունում»: Մեր դիտարկմանը, թե՝ դուք ընտրված ղեկավար եք, պարոն Ղազարյանն ասաց. «Ընտրողներն ինձ ձայն են տվել 3 տարի առաջ, մեծամասնությունով ընտրվել եմ գյուղապետ: Հետո եղավ ԱԺ ընտրություններ, ես պաշտպանեցի Դաշնակցությանն ու Ռոբերտ Քոչարյանին, իսկ իմ ընտրողները պաշտպանեցին Փաշինյանին: Ինձ ընտրած մարդիկ այսօր արդեն ուրիշ ձեւ են մտածում: Ես ասում եմ՝ կաթը սպիտակ է, իրենք բոլորով ասում են՝ չէ, սեւ է: Սաղ գյուղն ուրիշ ձեւ է մտածում»:

Հրաժարականի դիմում ներկայացրած մյուս համայնքի ղեկավարները մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031