Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում գտնվող նորածինն արդեն անուն ունի․ բուժանձնակազմը նրան Հայկ է անվանել, Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներն էլ որոշել են նրա անունը Արեն դնել։
Երեխան արդեն ծննդական ունի։
«Երեխային մանկատուն չենք տալիս, դիմողներ ունենք, կքննարկենք, երկու օրից այդ հարցը կպարզենք, հետո կհրապարակենք, բոլորդ կիմանաք։ Հիմա ուսումնասիրման փուլում ենք, էս պահին դա գաղտնի է։ Երեխան, բնական է, որ հիվանդանոցում չպիտի մնա, խնդրել ենք մի երկու օր պահեն հիվանդանոցում, մինչև այս հարցը պարզենք»,- մեզ հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Նելի Սարգսյանը։
Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ Խաչատրյանն (լուսանկարում) էլ տեղեկացրեց, որ երեխան լիարժեք առողջ է, նրան երկուշաբթի օրվանից կարող են դուրս գրել, սպասում են համապատասխան մարմինների որոշմանը, թե երեխային ուր պիտի տանեն։
Կարդացեք նաև
Հասմիկ Խաչատրյանն ասաց, որ երեխայով հետաքրքրվողները շատ են, բազմաթիվ ընտանիքներ են դիմում՝ նրան որդեգրելու խնդրանքով, իսկ կենսաբանական ծնողները դեռ չեն հայտնվել։
Հիշեցնենք, որ նորածնին գտել էին երկու շաբաթ առաջ՝ Գյումրու Շահումյան փողոցում՝ ավտոկայանից դեպի գերեզման տանող սեփական տներից մեկի ցանկապատերի տակ։ Նա եղել էր սառած, կեղտոտ, բարակ սավանով փաթաթված։ Նրա վրա եղել էին խոտի մնացորդներ։
Երեխայի մայրը դեռ հայտնաբերված չէ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ