Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոնց որ դատարանում հայտնվեմ Սյունիքի չարաշահումներով զբաղվող համայնքապետերի գործով». Համբարձում Մաթեւոսյան

Հուլիս 14,2021 19:34

Արմավիրի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Համբարձում Մաթեւոսյանը Սյունիքի համայնքապետերի քրեական գործերի մանրամասներին տեղյակ չէ, բայց վստահ է, որ եթե կա քրեական գործ, ապա այն արդյունք է ուսումնասիրությունների եւ որոշակի փաստերի:

Այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Համբարձում Մաթեւոսյանը`պատասխանելով Սյունիքի համայնքապետերին վերաբերվող քրեական գործին, որի շրջանակներում արդեն կալանավորվել են Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու դիմում է ներկայացվել ԿԸՀ : Այդ գործով անցնում է նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը : Այս համայնքապետերը «Հայաստան» դաշինքի անդամներ են, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամներ: Նրանք մեղադրվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնելու մեջ, որոնք, ըստ մեղադրանքի իրականացվել են «Հայաստան» դաշինքին քվե տալու պահանջով:

Ուշագրավ է, որ ընտրություններից առաջ սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացրել նաեւ իշխող ՔՊ-անդամ մարզպետները: Այսպես, ըստ մարզպետարանների կայքէջերի, Արարատի մարզպետի պաշտոնակատար Ռազմիկ Թեւոնյանի հրամանով, հունիսի 4-ի որոշմամբ, 1 մլն 825 հազար դրամ է հատկացվել սոցիալապես անապահով 33 ընտանիքների՝ 20-200 հազար դրամ։ Մարզպետի հունիսի 21-ի որոշմամբ, խորհրդարանական ընտրություններից մեկ օր անց, սոցիալական աջակցության նպատակով մեկ միլիոն չորս հարյուր տասը հազար դրամի միանվագ օգնություն է բաժանվել 28 հոգու: Մարզպետի մեկ այլ որոշմամբ՝ պարգեւատրվել են մարզպետարանի աշխատակիցները:

Արմավիրի մարզպետի ԺՊ Համբարձում Մաթեւոսյանի հրամանով հունիսի 8-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է մեկ միլիոն հարյուր քառասուն հազար դրամ՝ որպես 35 քաղաքացու միանվագ դրամական օգնություն` 20-60 հազար դրամի սահմաններում։

Գեղարքունիքի մարզպետի ԺՊ Գնել Սանոսյանի հրամանով հունիսի 18-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Լճավան համայնքի բնակիչ Աննա Մանուկյանին հատկացվել է հիսուն հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա՝ հունիսի 18-ի մեկ այլ որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով Կարճաղբյուր համայնքի բնակիչ Ատոմ Սարգսյանին հատկացվել է վաթսուն հազար դրամի միանվագ օգնություն: Իսկ հունիսի 17-ի որոշմամբ՝ սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է երկու հարյուր իննսունհինգ հազար դրամ՝  14 քաղաքացու: Մի շարք անհատական հատկացումներ են եղել նաեւ այլ քաղաքացիների:

Լոռու մարզպետի ԺՊ Արամ Խաչատրյանի որոշմամբ հունիսի 17-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 3 քաղաքացու տրամադրվել է իննսուն հազար դրամ միանվագ օգնություն: Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է չորս հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն : Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 60 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն երեք հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն : Մարզպետի ԺՊ-ի հունիսի 8-ի որոշմամբ՝ 5 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր երեսուն հազար դրամ միանվագ օգնություն: Հունիսի 2-ի որոշմամբ ՝ 7 քաղաքացու տրամադրվել է երկու հարյուր տասնհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Կոտայքի մարզպետի ԺՊ Ահարոն Սանոսյանի որոշմամբ հունիսի 16-ի որոշմամբ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 270 հազար դրամ միանվագ օգնություն: Հունիսի 15-ի որոշմամբ՝ 17 քաղաքացու տրամադրվել է 310 հազար դրամ միանվագ օգնություն: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ ՝ 12 քաղաքացու տրամադրվել է 240 հազար դրամ միանվագ օգնություն: Հունիսի 10-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 2 քաղաքացու տրամադրվել է հարյուր հազար դրամ միանվագ օգնություն: Հունիսի 9-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 8 քաղաքացու տրամադրվել է 260 հազար դրամ միանվագ օգնություն:

Շիրակի մարզպետի ԺՊ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ Շիրակի մարզպետի ԺՊ-ի հունիսի 4-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 49 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր քառասուն հազար դրամ միանվագ օգնություն:

Սյունիքի մարզպետի ԺՊ Մելիքսեթ Պողոսյանը հունիսի 14-ին դրամական օգնության երկու որոշում է ստորագրել. մեկով տրամադրվել է երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար դրամ օգնություն, մյուս որոշմամբ՝ տրամադրվել է  մեկ միլիոն երկու հարյուր ութսուն հազար դրամ օգնություն:

Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Արարատ Գրիգորյանի հունիսի 15-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 55 քաղաքացու տրամադրվել է մեկ միլիոն հինգ հարյուր հիսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն: Հունիսի 1-ի որոշմամբ՝ աջակցության նպատակով 56 քաղաքացու տրամադրվել  է երկու միլիոն ինը հարյուր իննսունհինգ հազար դրամ միանվագ օգնություն:

Արմավիրի մարզպետը պարզաբանում է`ՏԻՄ-երի կողմից օգնության տրամադրման ընթացակարգը տարբերվում է տարածքային կառավարման մարմինների կողմից տրամադրվող օգնության ընթացակարգից: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրվող օգնությունների համար որոշումներ կայացնում են ՏԻՄ օրենքի համապատասխան եւ յուրաքանչյուր համայնք հաստատում է օգնության տրամադրման կարգը`որոշմամբ: Եթե ՏԻՄ մարմնի ղեկավարը ինքնուրույն է նման որոշում կայացրել`ապա օրենքի խախտում է: Իսկ տարածքային կառավարման մարմինների կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունն իրականացվում է կառավարության կողմից հաստատված ընթացակարգով: Արմավիրի մարզպետը նկատում է, որ այս առումով, ՏԻՄ մարմինները բավական լայն լիազորություններ ունեն, մինչդեռ տարածքային կառավարման մարմինները առաջնորդվում են կառավարության հաստատած կարգերով: Նաեւ մարզպետարանները բյուջետային հիմնարկ չեն, իսկ ՏԻՄ-երը բյուջետային են, ինչը եվս լիազորությունների առումով առավելություն է տալիս ՏԻՄ-երին:

Հարցին`քանի որ մարզպետներն էլ ընտրություններից առաջ եւ հետո են որոշումներ ստորագրել բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար, դա չի՞ կարող որեւէ կերպ դիտարկվել իբրեւ ընտրակաշառք, ո՞րն է տարբերությունը`բնույթի առումով, ոչ թե կարգի, Համբարձում Մաթեւոսյանը պատասխանեց. «Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի: Կարեւոր սկզբունքից շեղվում ենք, ես ՏԻՄ ներկայացուցիչ չեմ, տարածքային կառավարման ներկայացուցիչ եմ»:

Ապա հավելեց, որ մարզպետների ստորագրած որոշումների մեջ խախտում չկա. «Որովհետեւ այն ընթացակարգը, որով մարզպետները որոշումներ են կայացնում՝ սոցիալական աջակցություն տրամադրելու, դա մարզպետների անհատական որոշումները չեն, դրա համար կա հատուկ գործող հանձնաժողով, հատուկ բաժին`սոցիալական աջակցության կենտրոնների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա են որոշումներ կայացվել: Գործընթացը ամբողջությամբ թափանցիկ է, որը լուսաբանվում է մարզպետարանի կայքում»:

Մարզպետը հավելեց, որ իրենք նաեւ հաշվետվություններ են ներկայացնում` լիազոր մարմնին, վարչապետի աշխատակազմին, ՀԿ-ներին, ուստի, անօրինական բան այդ գործընթացում գտնել անհնար է. «Շատ էլ ուզեն՝ չեն կարող գտնել, որովհետեւ օրենքով հստակ սահմանված է ընթացակարգը»:

Նկատեցինք, որ հայտնի քրեական գործով անցնող Սյունիքի համայնքապետերի որոշումներում էլ ինքնագործունեություններ կամ կամայականություններ չկա, նրանք էլ այդ օգնությունները տրամադրել են տարիներ շարունակ, այս դեպքում էլ առկա են շահառուների համապատասխան դիմումները , եւ մարզպետին հստակեցնող հարց տվեցինք` խնդիրը ընթացակարգերի մեջ չէ, այլ բնույթի, հետեւաբար, ինչո՞ւ մարզպետարանների միեւնույն գործունեությունն ընտրություններից առաջ ընտրակաշառք չի դիտարկվում, իսկ ընդդիմադիր ուժի անդամ համայնքապետերինը դիտարկվում է: Մարզպետը հայտարարեց, որ մարզպետարանները ընտրություններից առաջ օգնություններ չեն բաժանում`հարցը գցելով կառավարության գրպանը. «Մարզպետարանները չեն, այլ՝ այն հանձնաժողովները, որոնք զբաղվում են դրանով, եւ օգնությունները տրամադրվում են տարին 12 ամիս»:

Դիտարկմանը, որ այն դեպքում էլ կան ընթացակարգեր, եւ տարին 12 ամիս տրամադրվող օգնություններ, մեր զրուցակիցն արձագանքեց. «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, ես ոնց որ դատարանում հայտնվեմ կամ պատասխանողի դերում լինեմ Սյունիքի չարաշահումներով զբաղվող համայնքապետերի գործով: Սյունիքի համայնքապետերը թող իրենք իրենց համար պատասխան տան: Փառք Աստծո, ՀՀ-ում օրենքի գերակայություն կա: Իրենք թող գնան իրենց փաստաբաններով իրենց կարծիքը բարձրաձայնեն: Ես, որպես Արմավիրի մարզպետ, չգիտեմ ի՞նչ ձեւ կարող եմ մեկնաբանել»:

Հարցին էլ`քաղաքական հայացքների տարբերություններն այստեղ դեր խաղո՞ւմ են, մարզպետը կարճ պատասխանեց. «Ոչ»:

Իսկ դիտարկմանը`տարօրինակ զուգադիպությամբ միայն «Հայաստան» դաշինքի անդամ համայնքապետերի դեմ է գործը եւ միայն Սյունիքում, արձագանքեց. «Ես տարօրինակ ոչ մի բան չեմ տեսնում: Ես վստահ եմ, քաղաքական ոչ մի պրոցես էս ամեն ինչի մեջ ընդգրկված չի»: Նա նաեւ հավելեց, որ գործող կառավարությունը, Սյունիքի մարզպետարանը`հանձինս մարզպետի, աջակցության մեծ ծրագրեր է փորձել բերել Սյունիք, եթե քաղաքական խնդիր լիներ`չէին բերի:

Aravot.am-ը նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն է հարցում ուղարկել: Դատախազությունից հետաքրքրվել ենք`բացի Սյունիքի նշյալ համայնքներից, այլ մարզերում եւ Սյունիքի այլ բնակավայրերում, որտեղ համայնքների ղեկավարները «Հայաստան» դաշինքի անդամներ կամ համակիրներ չեն, սոցիալական աջակցության ծրագրերի ստուգումներ իրականացվե՞լ են: Ի՞նչ արդյունքներ կան պարզված, կա՞ն այլ քաղաքական ուժի անդամ կամ այլ քաղաքական ուժերին հարող համայնքապետեր, որոնք նույնպես ընտրություններից առաջ կամ հետո, սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացրել համայնքներում, ինչը կարող է դիտարկվել իբրեւ ընտրակաշառք: Դատախազությունում մեր հարցմանը կարձագանքեն գրավոր ընթացակարգով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031