Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԻՖ-ը և Էյր Արաբիան կստեղծեն նոր հայկական ազգային ավիաընկերություն

Հուլիս 14,2021 19:04

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող՝ Էյր Արաբիան, այսօր հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին: Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն, և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Ստորագրման արարողությունն ու մամուլի ասուլիսը տեղի են ունեցել այսօր «Զվարթնոց» օդանավակայանում։ Ներկա են գտնվել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Էյր Արաբիայի տնօրենների խորհրդի նախագահ Ն.Գ. Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին։

Նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ:

Այս կապակցությամբ ԱՆԻՖ-ի գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ հիմնում ենք նոր ազգային բյուջետային ավիափոխադրող, որը զգալի արժեք կստեղծի տնտեսության համար և էլ ավելի կակտիվացնի երկրում զբոսաշրջությունը: Այս գործարքը վերահաստատում է մեր հանձնառությունը՝ միջոցները ներդնել այնպիսի մասշտաբային ներդրումային ծրագրերում և նախաձեռնել այնպիսի համագործակցային նախագծեր, որոնք շոշափելի ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա: Էյր Արաբիան ունի բյուջետային ավիափողադրողների գործարկման և շահագործման տարիների հաջողված փորձի պատմություն։ Այսօր հնարավորություն ունենք այդ գիտելիքն ու փորձը վերածելու մեր նոր ավիաընկերության համար շոշափելի առավելության»:

Էյր Արաբիայի գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալին իր հերթին նշեց. «Շատ ուրախ ենք համագործակցել ԱՆԻՖ-ի հետ՝ նոր հայկական ազգային բյուջետային ավիաընկերության հիմնման շրջանակներում: Մեծ ներուժ ենք տեսնում Հայաստանում ավիացիոն ոլորտի աճի համար, որը նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաև ճանապարհորդության և տուրիզմի ոլորտների զարգացման միջոցով իր զգալի ազդեցությունը կունենա տնտեսության վրա: Մենք շնորհակալություն ենք հայտնում ԱՆԻՖ-ին և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին վստահության համար և անհամբեր ենք մեկնարկել ավիաընկերության զարգացման ուղղությամբ ամենօրյա աշխատանքը, ինչի շնորհիվ ՀՀ քաղաքացիները և Հայաստան այցելուները կունենան որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության տարբերակ»:

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասաց. «Մեր տեսլականն է զգալիորեն բարելավել օդային հաղորդակցությունը և արդյունքում ապահովել տնտեսական աճ և աշխատատեղեր երկրի համար: Հզոր ազգային ավիափոխադրողի առկայությունը շատ կարևոր է Հայաստանի օդային տրանսպորտի ոլորտի զարգացման համար՝ հատկապես որպես COVID-19 ճգնաժամից ավելի արագ վերականգնվելու գործիք։ ԱՆԻՖ-ի և Էյր Արաբիայի համագործակցությունն այս տեսլականի արտացոլումն է: Էյր Արաբիայի փորձը մեծապես կնպաստի ավիափոխադրողի անխափան գործունեությանն ու աճին: Վստահ ենք, որ Հայաստանի նոր ազգային ավիաընկերությունը մեծ հաջողություններ է ունենալու»:

Ավիաընկերության անվանումը որոշվելու է ՀՀ քաղաքացիների կողմից բաց մրցույթի միջոցով, որը կմեկնարկի այսօր։ Մասնակցել ցանկացողները կարող են ավիաընկերության անվանման իրենց առաջարկությունները չորս շաբաթվա ընթացքում ուղարկել [email protected] հասցեին ինչպես նաև՝ ԱՆԻՖ֊ի ֆեյսբուքյան էջին: Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը ս.թ. օգոստոսի 14-ն է, ինչից հետո ընկերության տնօրենների խորհուրդը կընտրի վերջնական անվանումը։

Նոր ավիաընկերությունը կաշխատի Էյր Արաբիայի կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Շուտով սկիզբ կդրվի օդային օպերատորի սերտիֆիկատի ստացման աշխատանքներին, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:
Անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: 2019թ.-ին զբոսաշրջության ոլորտը կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը:

ԱՆԻՖ֊ի մասին
ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։ ԱՆԻՖ֊ի համար առաջնահերթ ոլորտներն են` էներգետիկ ոլորտը, մետաղները և հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, լոգիստիկան և ենթակառուցվածքները, ֆինանսական ծառայությունները, առողջապահությունը, ՏՏ-ն, արդյունաբերությունը, սպառողական ապրանքները և տուրիզմը։ ԱՆԻՖ-ը համատեղ ներդրումներ է իրականացնում փորձառու գործընկերների, մասնագետ օպերատորների հետ: Երկրի ներսում ԱՆԻՖ֊ը տրամադրում է ծրագրերի ֆինանսավորում նոր և արդեն իսկ գործող ընկերություններին (www.anif.am):

Էյր Արաբիայի մասին
Էյր Արաբիան ցուցակված է Դուբայի ֆինանսական շուկայում և հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի բյուջետային առաջատար օպերատոր: Էյր Արաբիան սկսել է իր գործունեությունը 2003թ.-ի հոկտեմբերին և ներկայումս շահագործում է 58 նոր A320 և A321 ինքնաթիռներ՝ սպասարկելով ԱՄԷ-ի, Մարոկկոյի և Եգիպտոսի հինգ հանգույցներից մոտ 170 երթուղիներ: Էյր Արաբիան տրամադրում է հարմարավետ, հուսալի և մատչելի օդային ճանապարհորդություններ (www.airarabia.com):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031