Aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նշանակումը ԱԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնում՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանն ասաց. «Իսկ գումարելիների տեղը փոխելիս գումարը փոխվո՞ւմ է»: Ապա հավելեց, որ ժողովրդավարությունն ունի մի կարեւոր գաղափար, որը պատասխանատավությունն է. «Հատկապես, եթե ժողովրդավարությունը քաղաքական կատեգորիա է, պատասխանատվությունն էլ պետք է լինի ոչ միայն քրեական, այլեւ քաղաքական: Եթե այն քաղաքական իշխանությունը, որը բերել է պարտության, չի կրել իր քաղաքական պատասխանատվությունը, ապա ի՞նչ տարբերություն, թե ում որտեղ կնշանակի»:
Նա նաեւ հավելում է, որ, ըստ արարողակարգի, Հայաստանում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը 4-րդ մարդն է, եւ եթե որեւէ միջոցառում է լինում, ըստ արարողակարգի, այդ մարդը 4-րդն է կանգնում` նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից հետո: Թեւան Պողոսյանը կարծում է, որ նշանակումը պետք է բացատրվի` ելնելով պատասխանատվության սկզբունքներից. «Եթե մարդու աշխատանքը գնահատել են այնքան վատ, որ իջեցրել են, ըստ արարողակարգի, դիցուք 56-րդ դիրք, թող բացատրեն: Գուցե աշխատանքից դժգոհ են, գործերը ձախողել է: Իսկ եթե աշխատանքից գոհ էին, դրա համար են նման կերպ վարվել, ուրեմն ինքն իր մեջ պետք է մտածի, թե ինչ օրի են գցել, որ այդպես է եղել»:
Թեւան Պողոսյանի ձեւակերպմամբ՝ սա հանրության համար հերթական մանիպուլյացիան է, երբ մարդ են նշանակում, որը չունի դիվանագիտական կարգավիճակ, ու վարվում են այնպես, ինչպես արել են նախկինում. ինչ-որ տեղ տեղակալ են նշանակում, կարգավիճակ տալիս, որ հետո մի շաբաթ կամ մի որոշ ժամանակ անց ավելի բարձր պաշտոնի նշանակեն. «Նման փորձ արդեն ունեցել ենք… Նշանակում էին քննչականի տեղակալ, որ հետո տանեին ԱԱԾ պետ եւ այլն…Այս պրակտիկան կար նախկին իշխանությունների մոտ, ներկա իշխանություններն էլ կատարելագործել են մինչեւ վերջին աստիճանը: Բայց ընդհանուր գաղափարն այն է, որ բնության օրենքներին դեմ չեն գնա, եւ գումարելիների տեղը փոխելով նույն գումարն ենք ստանալու… Այս իշխանությունն ունակ չէ կառավարելու… Այսօր ի՞նչ ունենք, խաղաղությո՞ւն, թե զոհ, դիրքերի առաջացում եւ գերիներ կամ անհայտ կորածներ… Էլ ավելի պառակտելու ի՞նչ հնարավորություն կա, մտածում են մի 20 հոգու էլ ձերբակալենք, վիրավորենք, ինչ-որ բան անենք, ու դրանից մեր թշնամիներն են օգտվում: Երեւի ամեն օր մոմ են վառում, ասում են շնորհակալություն այս կառավարությանը»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ