Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը խոստացել է «վերադառնալ» Զանգեզուր, Սեւան, Երեւան

Հուլիս 14,2021 18:23

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Արցախյան պատերազմի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին բնակարաններ նվիրելու արարողությանը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծված է, և իրենք կվերադառնան իրենց «հայրենի հողեր»՝ Զանգեզուր, Սեւան, Երեւան:

«Մենք չենք կարող մոռանալ պատմությունը: Մենք չենք կարող ինչ-որ մեկի քաղաքական շահերի գերին դառնալ: Թող գան, բացեն պատմական փաստաթղթերը, քարտեզները, տեսնեն՝ երբ է խորհրդային կառավարությունը կտրել Զանգեզուրն Ադրբեջանից և տվել Հայաստանին: Դա ոչ վաղ անցյալի պատմությունն է՝ տեղի ունեցած 101 տարի առաջ: Այսինքն մենք պետք է ասենք, որ դա չի՞ եղել: Ինչո՞ւ: Մենք ճշմարտությունն ենք ասում»,- ասել է նա:

Ալիեւը նշել է, որ ամբողջ Զանգեզուրը՝ Արևելյան և Արևմտյան՝ «մեր նախնիների հողն է»:

«Հիմա Հայաստանում ասում են, թե Իլհամ Ալիեւը տարածքային նկրտումներ է առաջ քաշում: Եթե կա Արեւելյան Զանգեզուր, ապա կա նաև Արեւմտյան Զանգեզուր: Այո՛, Արեւմտյան Զանգեզուրը մեր պապերի ու նախնիների հողն է: Ես ասել եմ, որ մենք պետք է վերադառնանք այնտեղ: Ես դա ասել եմ դեռ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում կան: Ես ասել եմ, որ այդ հողը մեր նախնիների տարածքն է, և մենք պետք է վերադառնանք այնտեղ, և մենք կվերադառնանք, և մենք վերադառնում ենք: Ոչ մեկը չի կարող մեզ կանգնեցնել: Մենք անպայման կվերադառնանք, քանի որ այլ ճանապարհ չկա: Այժմ, բոլոր հաղորդակցությունների բացումից հետո, մենք, իհարկե, կվերադառնանք, և ադրբեջանական բնակչությունը կվերադառնա իր նախնիների հողեր: Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենի հողեր: Մեր հայրենի հողը Զանգեզուրն է, մեր հայրենի հողը Գյոյչան ու Իրավանն են (նկատի ունի Սեւանն ու Երեւանը- խմբ.): Մենք, իհարկե, կվերադառնանք»,- ասել է Ալիևը:

Ալիեւը հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է. այն լուծել է Ադրբեջանը միակողմանի կերպով:

«Եթե այդ հակամարտությունը լուծված չէ, թող մեզ բացատրեն՝ ինչպես պետք է դրան լուծում գտնեն: Մենք կարծում ենք, որ պատերազմի շրջանն անցյալում է: Չնայած դրան՝ մենք պատրաստ ենք և պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի: Հունիսի 26-ին՝ Զինված ուժերի օրը, ես այդ մասին ասել եմ իմ հայտարարություններում: Մենք իրականացնում ենք մեր բանակի հետ կապված նոր ծրագրեր: Բայց միաժամանակ մեր դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը լուծված է, և մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը… Ի՞նչը լուծված չէ: Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին է, ապա ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղ անունով տարածքային միավոր: Այդ բառակապակցությունն այլևս չի կարող օգտագործվել: Չկա Լեռնային Ղարաբաղ: Կա Ղարաբաղ: Իմ կողմից հուլիսի 7-ին ստորագրված հրամանով ստեղծվել է Ղարաբաղի տնտեսական գոտի: Ղարաբաղի բոլոր շրջանները միավորվել են»,- ասել է Ալիեւը:

Ալիեւը նշել է, որ իրենք պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, բայց Հայաստանի կողմից պաշտոնական արձագանք չկա: «Ոչ պաշտոնական խողովակներով մեզ տեղեկություն է հասել, որ Հայաստանը պատրաստ չէ դրան: Ես կարծում եմ, որ դա շատ մեծ սխալ կլինի»,- ասել է Ալիևը:

Նրա խոսքով՝ հարցը լուծված է, և Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետք է ստորագրվի խաղաղության պայմանագիր, երկու երկրները պետք ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման գործընթաց: «Եթե Հայաստանի չի ուզում դա անել, իրենց գործն է, բայց թող լավ մտածեն, հետո կարող է ուշ լինել»,- սպառնացել է Ալիեւը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Ժամանակավոր պաշտոնակատարներ խնդրում եմ տալ համարժեք պատասխան այս անմեղսունակին: Ժամանակավոր պաշտոնակատար եք, բայց ձեր իրավունքներից օգտվում եք ամբողջությամբ: Խնդրում եմ չմոռանալ, որ ունեք նաև պարտականություններ…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031