Ալիևը հերթական ճնշումն է սկսել գործադրել Հայաստանի վրա` հայտարարելով, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշված է, թե բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց պատմական բնակության վայրերը, որոնց թվում են Զանգեզուրը, Սևանը և Երեւանը։
Aravot.am-ի հետ զրույցում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը նշեց, որ նման հայտարարություններ առաջին անգամը չէ, որ արվում են. «Այն մասին, որ Զանգեզուրը, Սեւանը, Երեւանն իրենցն է, հայ ազգն իրավունք չունի ապրելու իր հայրենիքում, եւ աշխարհի բոլոր հայերն իր թշնամիներն են՝ Ալիեւն ասում է 90-ական թվականներից: Մեկ ամիս առաջ էլ է ասել, քարտեզներ է հրապարակել… Այդ մարդն ամեն օր նման հայտարարություններ է անում: Մի ժամանակ առաջ էլ ասաց, որ պապական կողմը Երեւանից է, եւ Երեւանն էլ պետք է վերցնեն: Նախկինում ասածներն ուղղակի հերթական անգամ կրկնել է:
Այս ամենից պետք է հասկանալ, որ հայ ազգը լավ չի ընկալում իր թշնամու ասած խոսքերը, ամեն անգամ մոռանում է, որ 27 տարի է՝ մեր թշնամին նույն բանն ասում է, բայց մենք կարծես նորություն լսած լինենք: Ալիեւը հերթական անգամ հաստատեց, որ էլի է ասելու նույն բանը: Այնպես որ, վաղը չէ մյուս օրը, որ նորից ասի, էլ չզարմանաք: Զարմացեք նրա վրա, որ ժամանակին ասում էր, պատասխան էր ստանում, իսկ հիմա պատասխան չի ստանում, այ սա զարմանալի է:
Զարմանալին ինձ համար Ալիեւի խոսքն չէ, վերջին 3 տարիների քաղաքական երեւույթների մեջ դա էլ է սովորական դարձել, որ Ալիեւը ոնց ուզում՝ մատը թափ է տալիս մեր վրա, իսկ մեր կողմից զրո արձագանք է ստանում: Դրանից ավելի կոպիտ բաներ էլ է ասել, եւ էլի զրո արձագանք… 1992 թվականից գտել էինք այս ամենի դեմն առնելու ձեւը, ինքը հասկանում էր միայն ուժի լեզուն, ուժով մեր հաղթանակներն ապահովել էինք, եկավ ժամանակը, երբ ունեցանք ապիկար կառավարություն, որի քաղաքականությունը բերեց պառակտման ազգի մեջ: Մեր ուժը, որ մեր միասնականության մեջ էր, քայքայվեց, թշնամին էլ դրանից օգտվեց: Հիմա այդ նույն կառավարությանը հունիսի 20-ին գնացել՝ վերընտրել են:
Կարդացեք նաև
Թող այդ վերընտրողներն էլ պատասխան տան, թե ինչ ճանապարհ են ընտրել: 30 տարի թշնամին չի փոխվել եւ չի փոխվելու, ու թող տեսնեն տարբերությունը պարտված Հայաստանի ու նախկին Հայաստանի: Ինձ Ալիեւը չի հետաքրքրում, այլ հետաքրքրում է հայ ազգի արձագանքը, թե հունիսի 20-ից հետո ինչ հնարավորություն բաց թողեց կամ ինչ հնարավորություն պարգեւեց թշնամուն:
Այնպես որ մի զարմացեք, ոչ միայն դա է ասելու, այլ Երասխում է կրակելու, որ դիրքը առաջ բերի, 60 օրից ավել է՝ ներխուժել է Հայաստանի Հանրապետություն եւ օկուպացրել է: Արցախի Հանրապետության օկուպացիան մեզ դաս չեղավ, հերթական օկուպացիան էլ դաս չի դառնա: Ինչի՞ վրա ենք այլեւս զարմանում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ