Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նախիջևանի ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին, հրաձգություն է տեղի ունեցել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր ժամը 10:00-ի մոտակայքում հայկական զինված ուժերը «տարբեր տրամաչափի զենքից կրակ են բացել ադրբեջանական բանակի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Մարդանլը Իբադուլլա Մաղսուդ օղլուն:
Նշվում է, որ «հակառակորդը լռեցվել է պատասխան կրակով»:
Հիշեցնենք, Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն Երասխի ուղղությամբ այսօր ադրբեջանական կրակից կա մեկ զոհ:
Կարդացեք նաև
Միջադեպից հետո հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ վերջին օրերին պարբերաբար կրակոցներ են տեղի ունենում:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք այն, որ վերջին օրերին հետևողականորեն կրակի տակ պահելով ադրբեջանական բանակի դիրքերը՝ հայկական կողմը փորձում է խախտել տարածաշրջանում փխրուն խաղաղությունը»,- ասված է մեկնաբանության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Հայաստանը ցուցաբերում է «անընդունելի ապակառուցողական մոտեցում», այն դեպքում, երբ Ադրբեջանը «քայլեր է ձեռնարկում տարածաշրջանում խաղաղության, գործակցության և կայուն առաջընթացի համար:
«Տարածաշրջանում իրավիճակի այդպիսի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանը»,- ասվում է տեքստում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ