Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման ՍԴ նիստերը թեւակոխեցին ավարտական փուլ: ՍԴ-ն մինչեւ հուլիսի 17-ը պետք է հրապարակի իր որոշումը: Իսկ այսօր հերթը եզրափակիչ ելույթներինն էր:
Aravot.am-ը կողմ հանդիսացող մասնակիցներից հետաքրքրվեց, թե գերծանրաբեռնված ռեժիմով աշխատելը, որի պարագայում երբեմն ստիպված են ՍԴ նիստերի դահլիճում գտնվել ժամը 10:00-ից մինչեւ 24:00-ն եւ երկրի ճակատագրի համար կարեւորագույն նշանակություն ունեցող խնդիրներ քննարկել, այդ արդյո՞ք չի անդրադառնա աշխատանքի արդյունավետության եւ որակի վրա:
Դավիթ Հարությունյան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ. «Գործադիր իշխանությունում աշխատելու իմ փորձն այնպիսին է, որ հոգնածություն չես զգում, անգամ մինչեւ գիշերվա ժամը 12-ն աշխատելով: Բայց բնական է, ինչպեսեւ ցանկացած մարդու մոտ, ուշադրությունդ սկսում է ավելի թուլանալ: Հասկանում եմ՝ ինչի է Սահմանադրական դատարանը այս ոճը ընտրել: Մյուս կողմից, կարծում եմ, կարելի էր ավելի լավ նախապատրաստել նիստը, որպեսզի այն ավելի արդյունավետ լիներ: Օրինակ, ապացույցների հետ կապված միջնորդությունները պետք է ավելի վաղ փուլում քննարկվեին, ՍԴ-ն պետք է սկզբունքորեն ուղղորդեր կողմերին, որպեսզի հստակեցնեն, թե ինչ են ապացուցում, կոնկրետ ինչ դրվագ եւ ինչի հիման վրա: Եվ հակափաստարկները լսելիս ոչ թե թույլ կտար, որ հակառակ կողմը ընդհանուր դատողություններ աներ, ինչը դիմող կողմը չի բարձրաձայնել եւ դրանով վատներ ժամանակը: Այսինքն, աշխատանքի արդյունավետության տեսանկյունից, իհարկե, կարելի էր անհամեմատ ավելի արդյունավետ կազմակերպել»:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը ձեռնպահ մնաց նախապես ասել, թե ինչ որոշում է ակնկալում Սահմանադրական դատարանից:
Արամ Վարդեւանյան, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. «Իրականում գրեթե անմարդկային պայմաններում ենք մեր աշխատանքը ծավալում, բայց ուզում եմ ընդգծել՝ թե դատավարության մասնակիցները, թե ՍԴ աշխատակազմը այդ մասով որեւէ մտահոգություն չեն ներկայացնում: Մենք բոլորս հասկանում ենք, որ ունենք ֆիքսված օրենքով եւ սահմանադրությամբ ժամկետ: Սահմանադրական դատարանում ընտրությունների վերաբերյալ վեճերը պետք է արագ լուծում ստանան՝ ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում: Բայց մյուս կողմից ունենք իսկապես առավել քան ծավալուն հարցեր, խնդիրներ, որոնք ներկայացրել ենք եւ պետք է պատասխաններ ստանանք: Այդ առումով գործընթացը համարում եմ բարդ, բայց միաժամանակ նաեւ՝ բնական: Տեսեք, ի վերջո, այս պրոցեսի ընթացքում մենք ունեցանք մեր կողմից ներկայացրած որոշ ընտրախախտումների արձանագրում, որ դրանք գոյություն են ունեցել: Այլ հարց է, թե դրանք ինչ պատճառներ են ունեցել: Դա արդեն բարձր դատարանը կքննարկի: Օրինակ, ստորագրությունների կամ ցուցակի էջերի կրկնման դեպքերի հետ կապված պատասխանող կողմը արձանագրեց դրանց հավաստիությունը: Այսինքն, մենք այդ առումով վեճ չունենք: Խնդիրն ուրիշ է, թե դրանք ինչ ազդեցություն, հետեւանք են ունեցել: Դա արդեն բարձր դատարանը կգնահատի: Այդ հանգամանքները միայն այսպիսի նիստի ընթացքում կարող են պարզ դառնալ: Այսինքն, չէր կարող կարճ նիստի դեպքում այս բոլոր հարցերի հանգամանալից պարզումը կատարվել:
Ես, իհարկե, գտնում եմ, որ ճիշտ կլիներ միջնորդությունները ավելի վաղ քննության առարկա դարձնել հենց իրենց ծավալից ելնելով: Մեկ էլ կարծում եմ, որ կարելի էր նիստերի աշխատանքները սկսել ավելի վաղ: Բայց դա էլ իր օբյեկտիվ պատճառները կունենա, թե ինչի սկսեցինք ամսի 9-ից ու առանց ընդհատման»:
Պարոն Վարդեվանյանը նաեւ ավելացրեց. «Մենք եկել ենք այն տրամաբանությամբ, որ իրականացվի սահմանադրական արդարադատություն: Կարծում եմ, հանրության մի ստվար հատվածի համար արդեն իսկ պարզ է, որ ընտրությունների ընթացքում եղել են ընտրախախտումներ: Սա արդեն որպես փաստ է արձանագրվել: Մենք համոզված ենք, որ դրանք իրականում ունեցել են լուրջ, էական ազդեցություն ընտրությունների ելքի վրա: Պատկերը լրիվ այլ կլիներ, եթե այն խախտումները, որոնք մենք բարձրաձայնում ենք, առհասարակ չլինեին:
Մենք ՍԴ կազմի մեկ դատավորի մասով մեր դիրքորոշումը արտահայտել ենք: Մնացած մասով, կարելի է ասել, որոշումը կլինի դրա արտացոլումը մտահոգությունների փարատման կամ հաստատման իմաստով»,-ասաց նա:
Սեւակ Հովհաննիսյան, ՀՀ դատախազության ներկայացուցիչ. «Այս ռեժիմով աշխատելը կանխորոշված է ՍԴ մասին սահմանադրական օրենքի կանոնակարգումներով: Դատարանն ու կողմերը ստիպված են այս ռեժիմով աշխատել եւ մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ձեր նշած հետեւանքները մենք չունենանք: Վստահաբար, աշխատել ենք բարդ ռեժիմով: Բայց, այնուամենայնիվ, առավելագույն ջանքեր գործադրվել են եւ փաստարկները եւ հակափաստարկները ներկայացնելու եւ դատարանի կողմից այդ ամենը պատշաճ գնահատելու համար: Մի խոսքով, այս ռեժիմով աշխատելը մեր՝ դատախազության, աշխատանքի որակի վրա չի ազդել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ