Համաձայն ՀՀ կառավարության 2004 թ. հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ Երևանի 33-րդ թաղամասում (Ֆիրդուս) առկա է պատմության և մշակույթի 11 հուշարձան։ 2020 թ. արժևորվել և նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել նաև Ֆիրդուսի 80 հասցեում գտնվող շենքը:
Վերոնշյալ բոլոր շինությունները հուշարձանի կարգավիճակ են ստացել իրենց ամբողջական տեսքով։ Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ հուշարձանների քանդումն արգելվում է, ուստի Երևանի 33-րդ թաղամասի տարածքում գտնվող հուշարձան-շենքերը ևս պահպանվելու են, իսկ ցանկացած միջամտության համար անհրաժեշտ է սահմանված կարգով լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացնել դրանց ամրակայման, նորոգման, վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը։
Միաժամանակ ուսումնասիրություններով բացահայտվել է, որ հուշարձանների տարբեր հատվածներում կան կցակառույցներ, որոնք անհատների կողմից տարբեր տարիների ընթացքում ավելացվել են ապօրինի՝ խախտելով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների օրենքի դրույթները։ Դրանք չեն համաձայնեցվել լիազոր մարմնի հետ և կառուցվել են ինքնակամ՝ մեծ վնաս հասցնելով հուշարձանների պատմական ու գեղարվեստական տեսքին։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկությամբ ավելի ուշ շրջանում կառուցված կցակառույցներն անհրաժեշտ է հեռացնել՝ հուշարձաններին վերադարձնելով իրենց նախկին տեսքը։ Այս համատեքստում Տիգրան Մեծ փողոցի հուշարձանների ներքին բակերի հատվածների վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցապատող ընկերությունների հետ, որպեսզի դրանք վերականգնվեն նախնական տեսքով:
Վերը նշված հուշարձաններից՝ Հանրապետության 46 հասցեում գտնվող հուշարձան-շենքը միակն է, որը գտնվում է կառուցապատման անմիջական գոտում։ 2021 թ․ հունիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդում քննարկվել է նշյալ հուշարձանի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման հայեցակարգը։ Խորհրդի մասնագետների կողմից հնչեցվել են տարբեր կարծիքներ, դիտողություններ և առաջարկություններ, ինչի արդյունքում ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել ներկայացված հայեցակարգին։ Համաձայն պատվիրատուի ներկայացրած տեխնիկական վիճակի մասին եզրակացության՝ նշյալ հուշարձան-շենքը գտնվում է խիստ վթարային վիճակում, իսկ վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։
Կարդացեք նաև
Հանրապետության 46 հուշարձան-շենքի ամրակայման, նորոգման, վերականգնման և համատեղման գիտանախագծային փաստաթղթերը, այդ թվում՝ էսքիզային նախագիծը, համաձայն սահմանված կարգի, անհրաժեշտ է ներկայացնել լիազոր մարմնի համաձայնեցմանը, ինչի մասին պատվիրատուն տեղեկացված է:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան ստորաբաժանումը պարբերաբար կատարում է այցելություններ նշյալ թաղամաս՝ հուշարձան-շենքերի վիճակի մշտադիտարկման, առաջացած խնդիրները տեղում քննարկելու և կառուցապատողներին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելու նպատակով։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ