Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից օգտագործված արտահայտությունները գնահատվել են որպես քաղաքական խոսք». Դատախազ

Հուլիս 14,2021 15:06

Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով:

Հիշեցնենք, որ ՍԴ-ն միասնական վարույթում շարունակում է քննել 20.06.2021թ.-ի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա:

Հարակից պատասխանող Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ իրենց ներկայացրած բացատրություններից հետո դիմողների մոտ որեւէ հարց չառաջացավ. «Շահարկման առարկա դարձավ այն հարցը, որ տարբեր ձեւաչափերով, ստուգողական գործողություններով կատարվել են տարբեր գործողություններ, որոնց նպատակը եղել է հատկապես միակողմանիորեն ընդդիմության կողմնակիցների նկատմամբ հանիրավի քրգործեր հարուցելը: Մենք բացառում ենք այս իրավիճակը: Ընտրախախտումների վերաբերյալ թվային պատկերը փաստում է, որ ուղղակի ցանկության դեպքում այդպիսի վերաբերմունք չեն կարող գտնել»: Նա վստահեցրեց, որ բոլոր ահազանգերի հետեւից գնացել են՝ հաշվի առնելով այդ ահազանգի բովանդակությունը, թե ինչքանով է այն կոնկրետ. «Եթե գործ ունենք հրապարակման հետ, որը վերացական է, ընդհանուր, իրավախախտող անձի, իրավախախտման տեղի, բնույթի վերաբերյալ որեւէ տեղեկություն չի պարունակում, դրանց հետ կապված ձեռնարկվել են ստուգողական գործողություններ»:

Անդրադառնալով բերման ենթարկելու գործողություններին, խուզարկություններին՝ Հովհաննիսյանն ասաց, որ համաչափ գործողություններ են իրականացրել. «Ինչ վերաբերում է տարբեր քրգործերի շրջանակներում մեղադրանքների բացակայությանը, դա ինքնանպատակ չէ: ՔրՕրը հստակ սահմանում է թե երբ, որ սուբյեկտները, ինչ ապացույցների համակցության պայմաններում կարող են առաջադրել մեղադրանք այս կամ այն անձին: Ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու վերաբերյալ դատական ակտերի հիմնավորումների մասով ներկայացվել են վերաքննիչ բողոքներ»: Ուստի նա հորդորեց ժամանակից շուտ չխոսել այդ ձերբակալությունների ապօրինի լինելու մասին:

Խոսելով քարոզարշավի ընթացքում օգտագործված բառապաշարի, հայտարարությունների մասին՝ Սեւակ Հովհաննիսյանն ասաց, որ ստուգվել են ե՛ւ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանի, ե՛ւ երկրորդ նախագահի, ե՛ւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից օգտագործված արտահայտությունները. «Այդ արտահայտությունները գնահատվել են որպես քաղաքական խոսք, որը գտնվում է կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված քաղաքական խոսքի ազատության պաշտպանության ներքո»:

Դատախազն անդրադարձավ նաեւ Ջեմմա Մարտիրոսյանի դեպքին. «Ի սկզբանե այդ դեպքը ներկայացվել էր՝ հիմնավորելու համար 109 հազար ընտրողների անձը հաստատող փաստաթուղթը էլեկտրոնային սարքի միջոցով չկարդալու համատեքստում: Հերքվեց դա ու որեւէ հարցադրում չառաջացավ: Հերքումից հետո հետեւյալ թեզը սկսվեց զարգացնել, լավ, մի պահ ընդունենք, Ջեմմա Մարտիրոսյանի մասով այս խնդիրը չկա, բայց կարո՞ղ էր մնացած 108 հազար 999 քաղաքացիների մասով խնդիրն առաջանար: Ոչ, չէր կարող»:

Դատախազը վստահեցրեց, որ դա ենթադրությունների մակարդակով է: Քվեարկության մասնակիցների թվին անդրադառնալով՝ Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր դեպքերի հետ կապված բացատրություններ են տրվել, մի քանի դեպք է մնացել, որոնք բացատրվում են մարդկային գործոնով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031