«Առավոտի» տեղեկություններով, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարվող չարաշահումների մասին տեղեկություններ է տրամադրել Երեւանի դատախազին։ Ըստ էության, քաղաքապետը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։
«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, ըստ հաղորդման, չարաշահել են իրենց պաշտոնական դիրքն ու մի շարք իրավախախտումներ են թույլ տվել՝ պետությանը պատճառելով էական վնաս։ Բացի այդ, ըստ նույն հաղորդման, 2020-2021 թվականներին ՀՈԱԿ-ի աշխատակիցները յուրացրել են 776 հազար 965 դրամ արժողության 2,810 լիտր դիզվառելիք։
Aravot.am-ի հետ զրույցում «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի մամուլի խոսնակն այս առնչությամբ հրաժարվեց պատասխանել հարցերին։ Արդյոք տնօրենը տեղյա՞կ է այս չարաշահումների մասին, մեր այս հարցին ի պատասխան էլ խոսնակն ասաց՝ նշված դեպքի մասին տեղեկություն չունենք եւ որեւէ մեկնաբանություն չենք տալիս։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի ֆեյսբուքյան էջից