Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը ՍԴ դատավորներին առաջարկեց դիտել «Ինչպես դառնալ բռնապետ» ֆիլմը

Հուլիս 14,2021 14:08

«Որքան էլ ասեն, թե կոնտեքստից կտրած եմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը ներկայացնում, բայց, օրինակ, «չագուճի հետ ծանոթանալու» եւ նման արտահայտությունները չեն կարող տեղ ունենալ ժողովրդավարական երկրում, եւ, որ սարսափելի է, հնչեցվեն երկրի առաջին դեմքը հանդիսացող անձի կողմից»,-ՍԴ նիստում այսօր եզրափակիչ ելույթի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ քարոզարշավի ընթացքում իշխանության կողմից բռնության սպառնալիքների, ատելության մթնոլորտի առիթով մարդու իրավունքների պաշտպանի արձագանքը պետք է առաջինը սթափեցներ հենց իշխանությանը, սակայն ՔՊ-ն ՍԴ-ում փորձեց արժեզրկել ՄԻՊ դիտարկումները․ «Մինչդեռ ՄԻՊ արձանագրած խախտումները զգաստության կոչ պետք է լինեին հենց իրենց համար։ Իսկ վարչական դատարանը հաստատել է, որ Փաշինյանի հայտարարությունները կարող են ընկալվել որպես բռնության սպառնալիք, որը շարունակական բնույթ է կրել»։

Դավիթ Հարությունյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ ՍԴ-ի կողմնորոշումն այս գործով ակնհայտ է․ «Օրերս սկսվեց հեռարձակվել «Ինչպես դառնալ բռնապետ» սերիալը։ Եթե ՍԴ-ի մասին օրենքը հնարավորություն ինձ տար, ապա այս դահլիճում դիտում կկազմակերպեի, եւ բոլորի համար հասկանալի կլիներ, թե ինչի մասին է մեր դիմումը։ Ուստի ուղղակի խորհուրդ եմ տալիս դիտել այդ սերիալը։ Ցավոք, այդ սերիալում կտեսնեք այսօրվա Հայաստանը»։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն այսպես արձագանքեց․ «Պարոն Հարությունյան, մարդկայնորեն հասկանում եմ ձեզ ու ձեր ընտրած մարտավարությունը եւ ՍԴ-ին վարկաբեկելու ձեր փորձերը։ Բայց չեմ ընդունում այն, դա դատապարտելի է։ ՍԴ-ն բարձր դատարան է, որտեղ դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ։ Նման գործերի քննությունը առանձին միավորների կասկածները փարատելու համար չէ։ Այստեղ ընտրությունների հետ կապված վեճ է քննվում։ Այդ ընտրություններին ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է մասնակցել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031