«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանն այսօր ՍԴ նիստում եզրափակիչ ելույթի ժամանակ մատնանշեց գործող իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառումը։ «Այս ընտրությունները ՀՀ պատմության մեջ աննախադեպ էին նրանով, որ եւ գործող իշխանությունն է վարչական ռեսուրս օգտագործել, եւ, ըստ վերջինիս տվյալների, նաեւ հակառակ կողմը։ Դա միանշանակ լավ չի ազդել այլ կուսակցությունների վրա։ Ուստի պետք չէ դիտարկել միայն երկու ուժերի տեսանկյունից, մյուս՝ քսանից ավելի կուսակցությունների իրավունքները եւս պաշտպանված պետք է լինեն»,-համոզմունք հայտնեց Արտակ Գալստյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Արտակ Գալստյանի բնորոշմամբ՝ ՍԴ-ում այս վեճի քննարկման ժամանակ անընդհատ հարց է հնչել, թե ինչպես են հաշվարկում վարչական ռեսուրսի չարաշահումը․ «Նայեք՝ 2017թ․-ին ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ձեւավորեց։ Մեկ տարի հետո, զրկվելով իշխանությունից, այսինքն՝ վարչական ռեսուրսից, չհաղթահարեց շեմը։ Սա է վարչական ռեսուրսը ՀՀ-ում։ Վստահ եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը հետեւեր օրենքի կանոնին եւ հրաժարական տալուց հետո չշարունակեր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար, ապա ՔՊ-ն եւս շեմը չէր հաղթահարելու»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ