Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը հուլիսի 14-ին այցելել է ԱՀ ջրային կոմիտե և կառույցի աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ նախագահ Գեորգի Հայրիյանին։
Հաջողություն և բեղմնավոր աշխատանք մաղթելով Գեորգի Հայրիյանին՝ Կարեն Շահրամանյանը նշել է, որ ԱՀ նախագահի կադրային այս որոշումը պայմանավորված է նրա՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում ունեցած աշխատանքային մեծ փորձով, գիտելիքներով և մարդկային որակներով։
ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը խոսել է նաև հետպատերազմյան շրջանում ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին՝ ընդգծելով, որ խմելու և ոռոգման ջրերի նոր համակարգերի կառուցումն ու բնակչության գյուղատնտեսական և կենցաղային կարիքների համար ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը լինելու են նորաստեղծ կառույցի առաջնահերթությունները։
Այս համատեքստում Կարեն Շահրամանյանը հանձնարարել է ԱՀ ջրային կոմիտեի նախագահին հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտել կազմակերպչական աշխատանքներն ու առկա ջրային համակարգերի գույքագրումը և սկսել նոր համակարգերի կառուցման ծրագրերի իրականացումը։
Կարդացեք նաև
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ