«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանն այսօր ՍԴ նիստում եզրափակիչ ելույթի ժամանակ կրկին անհամաձայնություն հայտնեց այն հանգամանքի առնչությամբ, որ ըստ պատասխանող կողմ հանդիսացող «Քաղաքացիական պայմանագրի»՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո կարող էր շարունակել պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար։
Արա Զոհրաբյանը, դիմելով սահմանադրական դատարանին, հետեւյալ զուգահեռն անցկացրեց․ «Պատկերացրեք, որ Սերժ Սարգսյանը 2018թ․-ին հրաժարական տար, բայց շարունակեր լինել վարչապետի պաշտոնակատար, արդյոք ժողովրդական ճնշումը կթուլանա՞ր։ Հրաժարականը ժողովրդի ճնշման արդյունքում անձի մեկուսացումն է պաշտոնից։ Չէի պատկերացնում, որ հնարավոր էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման պայմաններում թուլացնել կրքերը, բայց դա եղավ, նա չմնաց որպես պաշտոնակատար։ Նա հրաժարական է տվել, իր տեքստի մեջ ասել է, որ թողնում է վարչապետի պաշտոնը։ Սա պարզ հրաժարականի ինստիտուտ է։ Նիկոլ Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող հանդիսանալ վարչապետի պաշտոնակատար»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Կարդացեք նաև
Մյուս խնդիրը, որը մատնանշեց Արա Զոհրաբյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմն է․ «Դա այն կազմն է, որի ժամանակ կազմակերպվել են նաեւ նախորդ ընտրությունները։ Լավ կարծիք ունեմ իրենց մասին, չանձնավորեք, բայց ինչպե՞ս է լինում, որ մինչեւ այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունը եղել են ընտրախախտումներ, կեղծիքներ, ինչպես գործող իշխանությունն է քանիցս ասել, բայց ստացվեց այնպես, որ ԿԸՀ-ն այսօր օրինապահ մարմին է դարձել։ Կամ իշխող ուժը նախկինում մեզ խաբել է, թե այդ պուպուշ կառույցն իրականում ընտրախախտումները չկանխող կառույց է, կամ այսօր ԿԸՀ-ի ծառայությունները պետք են իշխող ուժին։ Այլ հետեւություն չեմ կարող անել»։
Արա Զոհրաբյանը նաեւ հետեւյալ հարցադրումն արեց՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որին ընտրել էր նախկին իշխանությունը, հիմա նախկի՞ն է, թե ոչ․ «Նիկոլ Փաշինյանն ունի՞ ինչ-որ լծակ նրա հանդեպ, որի պատճառով նախագահը զրկված է լիազորություններն իրացնելուց եւ կարեւոր իրադարձությունների ժամանակ անգործության է մատնված։ Իսկ գուցե երկուսն էլ մեկ ուժի՞ են ենթարկվում, եւ մենք գործ ունենք ոչ մեր ազգային շահերից բխող խմբի հետ»։
Վերջում Արա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ 2021թ․-ի ընտրություններն անցկացվել են իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառմամբ, սպառնալիքի գործիքակազմով, եւ իշխանությունը ԿԸՀ-ի կատարմամբ ՀՀ քաղաքացիներին զրկել է ազատ ընտրություն իրականացնելու հնարավորությունից։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ