ՍԴ նիստում այսօր եզրափակիչ ելույթի ժամանակ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն իր խոսքը սկսեց՝ գործընթացը շաղկապելով Արցախի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարության հետ։ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը հայրենիքի կորուստ է ենթադրում, հազարավոր զոհեր, բարդ ներքաղաքական իրավիճակ։ ՀՀ-ն նոյեմբերի 9-ից հետո անվտանգ չէ։ ՀՀ քաղաքացիներն անվտանգ չեն, սահմաններն անառիկ չեն։ ՍԴ-ում գործի քննության ընթացքում գիտակցում ենք, որ սահմաններից թշնամին ներս է թափանցում։ Նման խնդիր երբեւէ չենք ունեցել։ Այս կոնտեքստի բացահայտման մեջ կարեւոր է իրադարձությունների հետեւանքը՝ ՀՀ վարչապետը փաստացի վերածվել է միապետի, որը նույնիսկ ՀՀ նախագահի լիազորությունն է յուրացնում»,-համոզմունք հայտնեց Արամ Վարդեւանյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում շարունակում է քննել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները:
Արամ Վարդեւանյանը նշեց՝ իր շեշտածն այս քննության ընթացքում չհերքվեց․ «Նման գործընթաց կարող էր տեղի ունենալ ճնշման միջոցով։ Երբ ՀՀ նախագահն առաջին անգամ իրացրեց իր լիազորությունը եւ բարձրաստիճան զինվորականին պաշտոնանկ անելու դիմումը վերադարձրեց, նրա հրաժարականի հարցը սկսեց քննարկվել։ Ուստի միամտություն է խոսել, թե ճնշում չի եղել նրա հանդեպ»։
Կարդացեք նաև
Արամ Վարդեւանյանը, դիմելով բարձր դատարանին, նաեւ ընդգծեց, որ իրենք փաստել են նաեւ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումը, իսկ իրենց դաշինքի անդամների հանդեպ հետապնդումները փաստերով են ներկայացրել․ «Իրավապահ համակարգը չունեցավ անկախություն։ Կունենար, եթե վարչապետի պաշտոնը ապօրինի չզբաղեցվեր»։
Ըստ Արամ Վարդեւանյանի՝ իշխանության կողմից քարոզարշավի ժամանակ հնչած ատելության խոսքը եւս փաստ է, որն արձանագրել է վարչական դատարանը․ «Համատարած ատելության խոսքն անգերազանցելի է լինելու ՀՀ պատմության մեջ։ Պնդեցի, որ քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը ցածր, միջին խորապատկեր ունի։ Ցավ եմ ապրում այդ խոսքերի համար։ Բարձր դատարանի դատավորներից մեկը հետաքրքրվեց, թե որտե՞ղ են 2017թ․-ին եղած մոտ 300 000 ընտրողները։ Իսկ հնարավո՞ր է, որ նրանք լսում են «ասֆալտին փռելու», «մատներ կտրելու», «արյան վրեժ անելու» խոսքերը եւ ուղղակի վախենում են։ Ինչու դա բնական արձագանք չէ՞, մարդուն վախը բնորոշ չէ՞։ Այս հռետորաբանությունը սկիզբ է առել 2018թ․-ին, կատարելագործվել՝ 2021թ․-ին։ Այսպես խաթարվեց ընտրողների կամքը։ Իսկ այդ թիվը որոշել հնարավոր չէ, դա անորոշ զանգված է»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ