ՀՀ կառավարությունն ապրիլի 29-ի նիստում որոշեց 500 մլն դրամ հատկացնել «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամին»՝ մարզային եւ համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաեւ բնակչության համար սոցիալական եւ կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն եւ հրատապ ծրագրերի իրականացման համար: Եվս 500 միլիոն էլ հատկացվել էր բոլոր մյուս մարզերին՝ միասին վերցրած։ Այս գումարներն ուղղված էին նախընտրական շրջանում քաղաքացիների սիրտը շահելուն։ Սյունիքին ավելին հատկացվեց՝ որպես հականիկոլական մարզի, որն ամենից շատ է տուժել պատերազմի հետեւանքներից։
Երեկ ասուլիսում Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով այս թեմային, նշեց, որ այդ 500 մլն-ից Սյունիքի մարզպետն օգնություններ ու պարգեւավճարներ է բաժանել իր շրջապատին, այդ թվում՝ այն համայնքապետերին, որոնք դեմ չեն այս իշխանություններին։ Եվ առաջարկեց բացվածքը ուզել գումարների ծախսման, եւ կտեսնենք, թե ուր են գնացել դրանք։
Հետաքրքրեց, թե ինչի վրա է ծախսվել Սյունիքին հատկացված 500 մլն դրամը։
Զանգահարեցինք Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին։ Նա անգիր արած ասաց՝ գրավոր դիմեք, հետո կցկտուր մի երկու բառ ասաց, թե տարբեր կարիքների համար ծախսել են՝ ըստ անհրաժեշտության, դեռ ծախսում են, գումարի մի մասը մնացել է։ Հարցին՝ անհատ մարդկանց գումարներ տվե՞լ են, ասաց, որ ճիշտ կլինի դիմել այս հարցերով ստեղծված հատուկ հանձնաժողովի նախագահին, որը Նիկոլ Փաշինյանի խորհրդական, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանն է։ Իսկ երբ փորձեցինք զուգահեռ անցկացնել, որ դա կարող է ընտրակաշառք դիտվել՝ ճիշտ այնպես, ինչպես ընտրակաշառք են դիտել Որոտան, Քարահունջ համայնքների ղեկավարների կողմից որպես սոցիալական օգնություն տրամադրված գումարները, Պողոսյանը չցանկացավ պատասխանել եւ անջատեց հեռախոսը։
Կարդացեք նաև
Զանգահարեցինք Կալավանի նախկին գյուղապետ Ռոբերտ Ղուկասյանին, որը ղեկավարում է աշխատանքային խումբը եւ մի քանի ամիս գտնվում էր Սյունիքում։ Նրա խոսքով՝ գումարը ծախսվել է բոլոր այն ոլորտներում առկա հրատապ խնդիրների լուծման վրա, որոնց գերատեսչությունների փոխնախարարներն ընդգրկված են խմբում՝ սկսած ԶՈՒ ԳՇ-ից եւ ուժային կառույցներից։
«Էս գումարն ինքը շտապօգնության պես է, այսինքն՝ ինքը ոչ թե ռազմավարական հարցերի լուծման վրա է գնում, այլ հրատապ ծախսերի համար է»,- ասաց Ղուկասյանը։ Փորձեցինք հստակեցնել․ դիցուք՝ պատերազմի հետեւանքով մեկի տանիքն է վնասվել, մյուսի՝ մեքենան, երրորդն ուղիղ ֆինանսական աջակցության կարիք ունի․ նման բաների վրա ծախսվե՞լ է։
«Չէ, սովորաբար էդպես չենք տալիս, էդպիսի գումարներ՝ եթե լինի, կարող է մեկ-երկու բացառություն լինի, վստահ չեմ։ Բայց էդպիսի վճարումներ չունենք, որովհետեւ, ըստ էության, միայն Դավիթ Բեկում է գույքային վնաս եղել, եւ դրանք մինչ այդ արդեն մարդկանց փոխհատուցվել էին։ Այսինքն՝ էդպիսի հետեւանքներ ունեցող, որ գույքային վնաս պատճառված լինի, էս պահի դրությամբ չկան։ Էնտեղ կա հողերի հետ կապված խնդիր, որ չեն կարող էսօր գնալ մշակել, չիրացված եկամուտների փոխհատուցման հարցն է քննարկվում՝ վերջնական փուլում է, որպեսզի էդ նույն խնդիրն ունեցող բոլոր մարդկանց իդենտիֆիկացնենք ու նոր վճարենք։ Բայց դրանք հանրային պետք է լինեն, ոչ թե առանձին անհատների։ Եվ, բնականաբար, ամենածանր աշխատանքն ամբողջ տվյալների բազան ձեւավորելն է, որն ամենաբարդ աշխատանքն է, որի վրա ամիսներ եմ անձամբ ես ծախսել»,- ասաց նա՝ նորից ընդգծելով, որ խոսքը ոչ թե սոցիալական աջակցության մասին է, այլ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում