ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում, մտավորականությունը որպես խավ ձևավորված չէ: Ըստ նրա՝ կան առանձին կրթված մարդիկ, և նրանք քիչ են:
Ամեն գնով ձգտում են իշխանության
Ինձ անհանգստացնում է, որ ինչ-որ խումբ է հայտնվել քաղաքական անվան տակ (երեկվա պաշտոնյաներ կլինեն դրանք, թե այլք), որն ամեն գնով ձգտում է իշխանության: Նպատակն իշխանությունն է, ուրիշ որևէ նպատակ չունեն: Նրանք մթնոլորտը լարում են, անհանգստություն են ստեղծում իզուր տեղը և ամեն անգամ գործածում են հետևյալ բառերը՝ «այս վիճակը»: Պարոնա՛յք, նրանց պետք է ասել, այդ վիճակը դուք եք ստեղծում, դուք եք վիճակ սարքել ինքներդ ձեզ համար և այդ վիճակի մեջ խաղում եք: Երկրի տնտեսությունը գործում է նորմալ, տեղի չեն ունեցել գների զգալի բարձրացումներ, դրամի անկում, ուրեմն կյանքը, այսպես ասած, չի համապատասխանում «այս վիճակը» բնութագրումին:
Նախկին նախագահները երկրի մասին չեն մտածել
Կարդացեք նաև
Նախկին նախագահները երկրի մասին չեն էլ մտածել, այլապես ինչո՞ւ պիտի նրանք այդքան հարստանային: Ի՞նչ եք սարքել, ի՞նչ եք ստեղծել, ի՞նչ եք շինել, որ այդքան հարստություն ունեք. Հյուսիսային պողոտա՞ն, իսկ որքա՞ն մարդիկ տներից զրկվեցին: Ո՞ւմ է պետք այդ պողոտան, ո՞ւմ համար է դա: Այդքան մարդ Երևանի կենտրոնում ապրող կորցրեց տունը, և ստացածը ի՞նչ էր: Ինչո՞ւ այդքան մարդու անտուն թողեցիք: Սրանից խոսեք:
Պետք է դաժան լինեն զրկողների հանդեպ
Հայրենիքը փրկելու նպատակ ոչ մեկի մեջ ես չեմ տեսնում, հայրենիքը փրկողը չի հարստանա այդքան, միլիարդների չի հասնի: Կողոպտելո՞վ են հայրենիքը փրկում, կաշառակերությունը զարգացնելո՞վ: Ոմանցից ես այսօր լսում եմ, ասում են՝ գիտեք, կարիք չկար կոռուպցիայի դեմ պայքար սկսելու: Ինչպե՞ս. որտեղ կաշառակերությունն է, այդտեղ քաղաքականություն էլ չի կարող լինել, դա արդեն քաղցկեղ է հասարակության օրգանիզմում՝ ամենամանրից՝ ամենախոշորը: Եվ պիտի այստեղ դաժան լինեն այդ մարդկանց հանդեպ: Առաջին հերթին այն դասախոսների հանդեպ, որոնք կաշառքով գնահատական են նշանակում:
Կարևորը նպատակներն են
Ինձ համար կարևոր է՝ երկրի կառավարման ղեկին բարոյակա՞ն մարդ է, թե՞ ոչ: Կարևորը մարդու նպատակներն են: Այդ մարդու նպատակները բարոյական են (Նիկոլ Փաշինյանի): Մինչդեռ ես լսում եմ խոսքեր, ասում են՝ նա շուլեր է: Ո՛չ, գուցե միամիտ է: Կարող եք չընդունել ղեկավարին՝ ասելով՝ հարմար չէ, դա կարելի է, այդպես կարելի է խոսել, եթե ունես ավելի հարմար օրինակ կամ քո չափանիշները: Այ սա ուրիշ հարց է: Միշտ կարելի է քննադատել, դա հանցանք չէ, դա բնական է, նորմալ: Ընդդիմության հակադրվելը ես բնական եմ համարում, բայց չշփոթենք ընդդիմությունը թշնամության հետ:
Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում