Շրջիկ պատվաստման կետ եկավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Պատասխանելով այն հարցին, թե նախարարությունը տեղեկություն ունի, թե տուրիստական գործակալությունները գումար են շորթում իրանցիներից Հայաստանում նրանց պատվաստվելու համար, արդյոք տեղեկություն ունեն, որ նրանցից ոմանք բուժքույրերին կաշառք են տալիս, նախարարը խնդրեց՝ բուժաշխատողներին չվերագրել տուրիստական կազմակերպությունների աշխատանքը. «Մարդիկ ազատ են իրենց գործում և փորձում են Հայաստանի բոլոր հնարավոր առավելությունները օգտագործել զբոսաշրջիկների համար մեր երկիրը գրավիչ դարձնելու համար: Բայց մեր նպատակը կոնկրետ զբոսաշրջությունը զարգացնելը չէ, մեր նպատակն է հանրային վտանգավոր հիվանդությանը համարժեք պատասխան տալ՝ անկախ նրանից, թե վիրուսի դեմ պատվաստվողները մեր քաղաքացիներն են, օտարերկրյա քաղաքացիներն են, օտարերկրացիներ են, ովքեր ունեն Հայաստանում կացության քարտ: Սա շատ ճիշտ քաղաքականություն է, ՀՀ ոչ մի քաղաքացի խնդիր չունի պատվաստվելու, ցանկացած անձ կարող է մոտենալ և պատվաստվել»,- ասաց նա, հավելելով, որ օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ, բացի հուլիսի 15-ին ուժի մեջ մտնելիք որոշումից, դեռևս այլ որոշում և սահմանափակում նախատեսված չէ և չի քննարկվում:
Անդրադառնալով այն հարցին, որ օտարերկրյա քաղաքացիները պատվաստվում են միայն Աստրազենեկա պատվաստանյութով, Ավանեսյանը նշեց՝ մեր պատվաստանյութերի հասանելիությունը բխում է այդ պահին մեզ մոտ առկա պատվաստանյութերի քանակներից, հիմա նպատակահարմար են գտել օտարերկրացիների շրջանում պատվաստումն իրականացնել Աստրազենեկայով, հաջորդիվ կդիտարկենք մեր հնարավորությունները:
Ըստ նախարարի՝ միջազգային որևէ կազմակերպության կողմից, որոնք Հայաստանին նվիրաբերել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները ոչ մի արձագանք չկա, թե ինչու են մեր երկրում առկա պատվաստանյութերից ՀՀ քաղաքացիներից շատ օգտվում օտարերկրյա քաղաքացիները: Նրա խոսքով՝ Հայաստանում վերջին 20 օրերին գրանցվել է պատվաստման գործընթացի աճ, որը, նախարարի վստահեցմամբ որևէ կապ չունի իրանցիների պատվաստվելու հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում