Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղներն է պետք փոխել

Հուլիս 14,2021 10:00

Սահմանադրական դատարանում ընտրությունների հերթական վիճարկումը այս անգամ ունի երեք առանձնահատկություն.

1/ Դիմողների իրավաբանների թիմը ավելի ուժեղ է, քան պատասխանողներինը, նրանց ելույթները տրամաբանության տեսանկյունից ավելի լավ են կառուցված:

2/ Առաջ ՍԴ բոլոր դատավորները իշխանություն կողմից էին, հիմա առնվազն երկուսը ակնհայտորեն համակրում են դիմումատուներին:

3/ Վիճարկողների մեղադրանքների մեխը վարչապետի պաշտոնակատարի «հյութեղ» արտահայտություններն են, որոնք հարիր չեն ոչ միայն պետության ղեկավարին, այլեւ ցանկացած դաստիարակված մարդուն: Բայց թե որքանո՞վ այդ հռետարաբանությունը կարող է հիմք դառնալ ընտրությունների արդյունքները չեղարկելու համար՝ չեմ պատկերացնում: Ինձ թվում է, հայհոյանքներն ու սպառնալիքները բնութագրում են վարչապետի պաշտոնակատարի կուլտուրայի մակարդակը, ղեկավարման ոճը, գուցե Հայաստանում ստեղծված քաղաքական մթնոլորտը, ռեժիմը, բայց ոչ՝ ընտրությունների օրինականությունը:

Բայց դա, բնականաբար, չի նշանակում, որ ընտրություններն անցել են կատարյալ ժողովրդավարության պայմաններում: Փաշինյանը վերարտադրվելու համար օգտագործել է այն «գործիքները», որոնք ստեղծել էին «նախկինները»՝ իրե՛նց վերարտադրվելու համար՝ վարչական ռեսուրս, բանակի քվեարկություն, «տասովշիկներ»: Հանուն արդարության նշենք, որ հիշյալ «գործիքները» այս ընտրություններում որոշիչ դեր չէին խաղում, իսկ ընդդիմադիր ուժերից մի քանիսը սահմանափակ մասշտաբով փորձում էին կիրառել իրե՛նց «ավանդական» միջոցը՝ ընտրակաշառքը: Ինչ խոսք, զվարճալի է հետեւել, թե ինչպես են «նախկինները» Սահմանադրական դատարանում կռիվ տալիս այն համակարգի դեմ, որն իրենք են ստեղծել:

Բայց, մյուս կողմից, ՍԴ քննարկումներից միանշանակ հետեւություն անել, որ պետք է անհապաղ փոխել սահմանադրությունը, նույնպես, կարծում եմ, շտապողականության դրսեւորում է: Բոլոր տեսակ սահմանադրությունների, ընտրակարգերի եւ կառավարման համակարգերի ժամանակ իշխանությունը կեղծել է ընտրությունների արդյունքները՝ վերջին երկու անգամները, թերեւս, ավելի քիչ, քան առաջ: Իսկ Սահմանադրական դատարանը մշտապես դակել է ԿԸՀ-ի որոշումը: Այս անգամ էլ կդակի: Հետեւաբար պետք է օգտվել այն խորհրդից, որը ժամանակին տվել է Պուտինը՝ «պետք է ուղեղները փոխել, ոչ թե սահմանադրությունը»: Քանի իշխանություն պահելը կամ վերցնելը քաղաքական ուժերի համար կյանքի եւ մահու խնդիր է, այս իրավիճակը շարունակվելու է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    «պետք է ուղեղները փոխել, ոչ թե սահմանադրությունը»
    Ուղեղները ստիպված հեռացան, կամ փախան, կամ տարհանվեցին (կամավոր կամ բռնի), կամ որոշեցին արժանապատիվ մեռնել օտար երկրում (որտեղ գերեզմանները չեն անհետանում, չեն լքում, չեն թողնում թշնամուն, որպես «ծաղրանքի» առարկա) …
    Ուղեղ չկա փոխելու համար:
    Մնաց ԼՏՊ-ի ներմուծված Սահմանադրությունը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031