Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահական չէ, որ «թեժ գծին» միանալիս, հետեւյալ հաղորդագրությունն է հնչում. «Ձեր զանգը շատ կարեւոր է մեզ համար»

Հուլիս 14,2021 13:30

Դասախոսները կփաստեն, որ անհրաժեշտ է հոդվածներ տպագրել։ Կամ պետք է տպագրվես, կամ հեռանաս։ Ուիլյամ Ցինսերը նշել է, որ մենք շատ հաճախ սովորում ենք, ոչ թե երբ կարդում ենք, այլ երբ գրում ենք։ Մենք գրում ենք ոչ միայն այն մասին, թե ինչ գիտենք, այլ նաեւ այն զգացողությունների, դատողությունների մասին, որոնք արթնանում են գրելու ընթացքում։ Հրապարակային ելույթները նույնպես նպաստում են նյութը լավ տիրապետելուն։ Մտքերը բարձրաձայն արտահայտելիս դուք ամեն անգամ նոր բան եք սովորում։ Հրապարակային ելույթների ժամանակ, եթե ուզում եք շահել ունկնդրի սերը, համակրանքը, ապա պետք է նրա հետ հոգեւոր կապ հաստատեք։ Այլ կերպ ասած՝ շփման եզրեր գտնեք։ Մարդիկ չեն ուզում լսել, թե դուք ինչ լավն եք, ինչ հաջողությունների եք հասել, այլ ուզում են իմանալ, թե ինչ անեն, որ իրենք էլ հաջողության հասնեն եւ թե դուք ինչով կարող եք իրենց օգնել այդ հարցում։ Լսարանի հետ ընդհանուր լեզու գտեք եւ գովեք, գնահատեք դիմացինին։

Մենք ուզում ենք, որ մեզ սիրեն, գնահատեն։ Յուրաքանչյուրը դա է երազում։ Անգամ նրանք, որոնք դա չեն խոստովանում։ Աստվածաշնչում գրված է. «Սիրիր մերձավորիդ, ինչպես քո անձը»։

Ըստ Ալբերտ Նալչաջյանի՝ սերը հուզական բարդույթ է։ Կան սիրո տարբեր տեսակներ՝ ծնողական, եղբայրների, քույրերի, ընկերների նկատմամբ սեր։ Սակայն առանձնահատուկ նշանակություն ունի սերը հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ։ Երկու անձնավորությունների փոխադարձ սերն այնպիսի հարաբերություն է, որն ազդում է հոգեկան կյանքի բոլոր կողմերի վրա՝ փոխելով նույնիսկ իմացական գործընթացները։

Մարկ Տվենն ասում է. «Միշտ խղճով առաջնորդվեք։ Ոմանց դա դուր կգա, մնացածն էլ կզարմանան»։

Ոչ ոք, ոչ մի ապրանք եւ ծառայություն չի կարող իդեալական լինել։ Ասեք, որ դուք ամեն ինչ կարող եք, եւ մարդիկ կհասկանան, որ դուք ոչինչ չեք կարողանում անել։ Մարդիկ մասնագետներին են ընտրում։ Դարձեք ինֆորմացիայի աղբյուր։ Այսինքն՝ դուք դա չեք կարող անել, բայց կարող եք մարդկանց ուղղորդել, թե ում դիմեն այդ հարցով։

Մեր կյանքում հաղթում է ամենաարագաշարժը։ Ընկերություններից մեկը տարիներ առաջ իրականացրեց սոցհարցում՝ պարզելու, թե ինչն են ամենաշատը գնահատում հաճախորդները։ Հարցմանը մասնակցեցին 300 հոգի։ Ի զարմանս մասնագետների՝ առաջին տեղում զբաղեցրեց այն հարցը, թե որքան է անձը հետաքրքրված դիմացինի հետ երկարաժամկետ փոխհարաբերություններ հաստատելու եւ զարգացնելու խնդրով։

Երկրորդ տեղում էր այն հարցը, թե որքան արագ է անձը հետ զանգում։ Հաճախորդները միայն մի բան էին ուզում, որ մասնագետներն իրենց անմիջապես արձագանքեն, հետ զանգեն։ Նրանք չէին սպասում խնդրի արագ լուծման, ոչ էլ արագ պատասխանի։ Նրանք պարզապես ուզում էին զգալ, որ որեւէ բան արժեն դիմացինի, այլ անձի համար։

Պատահական չէ, որ «թեժ գծին» միանալիս, հետեւյալ հաղորդագրությունն է հնչում. «Ձեր զանգը շատ կարեւոր է մեզ համար»։ Որքան անհրաժեշտ է կարեւոր լինել որեւէ մեկի համար։ Աշխատեք, որ անձը ձեր ներկայությամբ ներդաշնակ լինի, ունենա ներքին հարմարավետություն։ Դա է բոլոր հարաբերությունների հիմքը։ Յուրաքանչյուր անձ ուզում է զգալ, որ ինչ-որ արժեք ունի դիմացինի համար։ Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է անմիջապես պատասխանել յուրայինին։ Մեր անտարբեր աշխարհում շատ է գնահատվում այն փաստը, որ որեւէ մեկի համար թանկ ես։ Ներքին հարմարավետությունը բոլոր փոխհարաբերությունների հիմքն է։ Շատ է գնահատվում նաեւ հուսալիությունը։ Թե որքանով է անձը հուսալի։

Բարդ խնդիրներ լուծելիս հարկավոր է ուշադրություն դարձնել մանրուքներին։ Դրանցով որոշվում է մեծ խնդիրներ լուծելու ձեր ունակությունը։ Շատ կարեւոր է նաեւ կանխատեսելիությունը։ Դա չի վերաբերում ձանձրալի լինելուն, դա նշանակում է, որ ձեր գործելաոճը եւ գործողությունների հաջորդականությունը կանխատեսելի է եւ իրավաչափ։ Պատահական չէ, որ շատ դժվար է աշխատել թմրամոլների, հարբեցողների, խաղամոլների հետ, քանի որ նրանք անկանխատեսելի են։

Յուրաքանչյուր ընկերություններում կան աշխատասերներ, գործասերներ։ Շահելով նրանց վստահությունը՝ կարելի է հաջողության հասնել։ Մի անտեսեք լավ խորհուրդներ կամ ակնարկներ ստանալու փոքրագույն հնարավորությունը։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ փոխհարաբերություններում մեծ տեղ է գրավում զոհողությունը։ Եթե նկատեք, վատ փոխհարաբերությունների պատճառը հիմնականում զոհողության անհավասարությունն է, իսկ լավ, ներդաշնակ փոխհարաբերությունում, այն հավասար է։ Հոգեբանները նշում են, որ երբ մարդ ինչ-որ բան տալիս է, իր ինքնագնահատականը բարձրանում է։ Օգնելով ուրիշներին՝ դուք ձեզ եք օգնում։ Տվեք որեւէ բան ձեր իսկ համար։ Ժողովուրդն ասում է. «Լավություն արա, գցի ջուրը»։ Մի օր այն անպայման հետ կգա։

Հաջողությունը միշտ մեր կողքին է։ Երբեմն այն գալիս է երկար սպասումներից եւ դժվարություններից հետո, իսկ երբ մենք ճիշտ ճանապարհին ենք, հանդիպում ենք tête-à-tête. Այդ իսկ պատճառով ձեզ ստիպեք գնալ այնտեղ, ուր բոլորովին չեք ուզում։ Եվ կհայտնվեք հաջողության ճանապարհին։

Ամալյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
13.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031