Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

NAY 374-ը զանգվածային մարմնակրթության եւ առողջ ապրելակերպի շարժում է սկսում

Հուլիս 14,2021 13:00

Ռեփերն այդ նպատակով համերգ է ունեցել եւ դրամահավաք է սկսելու

Հուլիսի 1-ին «Մեցցո» ակումբում կայացավ մոսկվաբնակ ռեփ կատարող, հասարակական գործիչ NAY 374-ի՝ Դավիթ Աղաջանյանի, NAYMESIS խորագրով բարեգործական համերգը՝ կենդանի նվագախմբով։

Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց Դավիթ Աղաջանյանը, համերգի տոմսերի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Երեւանում Workout տիպի մեծ մարզահրապարակի կառուցմանը, որի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում զանգվածային մարմնակրթության խթանումն ու զարգացումը։

Դավիթը հույս ունի, որ իր նախաձեռնությունը վարակիչ կլինի այլոց համար նույնպես, եւ շատերը կմիացնեն իրենց ջանքերը այդ նպատակի իրականացման համար: NAY 374-ն ընդգծեց, որ համերգն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել ինչպես երաժշտական ու մարզաշխարհի մարդկանց, այնպես էլ հանրային գործիչների շրջանակում:

Ռեփ կատարողը հավաստիացրեց, որ կառուցվելիք մարզահրապարակը մատչելի կլինի նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց համար եւ այդ առումով կլինի տեսակի մեջ առաջինը մեր երկրում:
Առայժմ համերգի տոմսերի վաճառքից հավաքվել է գումարի մի մասը, Դավիթն ասում է, որ պատրաստվում են դրամահավաք իրականացնել, բնականաբար, նաեւ այլ համերգներ կլինեն, ու լավ կլինի, եթե թեկուզ փոքր մասնաբաժնով, պետությունն էլ մասնակցի: Համերգից գոհ է, սպասելիքներն արդարացել են, առողջ ապրելակերպի ու զանգվածային սպորտի թեման շատերին է հետաքրքրել:

Համերգին ներկա են եղել ինչպես սպորտի՝ մասնավորապես ըմբշամարտի օլիմպիական հավաքականի ներկայացուցիչներ, չեմպիոն մարզիկներ, այնպես էլ շոու-բիզնեսի աստղեր, հասարակական գործիչներ, թեման էլ լայնորեն հանրայնացվել է:

Դավիթ Աղաջանյանը Մոսկվայի օրինակն է բերում. 2010թ. Մոսկվայի բոլոր բացօթյա մարզահրապարակներում տղամարդիկ հավաքվում ու գարեջուր էին խմում, գոռգոռում, իսկ 2019-2020 թվականների Մոսկվայում լրիվ այլ պատկեր էր՝ մարզահրապարակներն այլեւս անհրապույր վայրեր էին գարեջուր խմողների եւ հրապուրիչ վայրեր՝ մարզվողների համար:

«Այդ ամենը իմ աչքով տեսնելուց հետո մտածեցի, որ կարելի է նույնը անել Հայաստանում: Համերգից հետո լիքը մարդ հետաքրքրված է, արդեն սա ձնագնդիի պես մեծանալու է: Կարծում եմ՝ առաջիկա հինգ տարում այդ հարցը կլուծվի, հենց Երեւանում հունի մեջ ընկանք, կանցնենք նաեւ մարզերին: Արդեն մի քանի թաղապետերի հետ պայմանավորվածություններ ունենք, մարզահրապարակների կառուցման համար ընտրելու ենք հատկապես այնպիսի վայրեր, որտեղ ոչինչ չկա, տարիներով անմխիթար վիճակ է եղել, ու նման «չոլերի» մեջ կկառուցենք մարզահրապարակներ, կտնկենք ծառեր, կբարեկարգենք տարածքը: Պատկերացրեք, եթե առաջինը կառուցվի, ու ամեն ինչ լավ լինի, ինչքան մարդ կհավատա, որ դա հնարավոր է»,-ասաց մեր զրուցակիցը: Նա նորից շեշտեց, որ իրենց համերգի նպատակն է խթանել Հայաստանում զանգվածային մարմնակրթությունը եւ առողջ ապրելակերպը՝ կառուցելով նոր բազմաֆունցիոնալ անվճար մուտքով մարզահրապարակներ։

Հավելենք, որ համերգի ժամանակ NAY-ի հետ միասին բեմում էին Բագրատ Տերտերյանը (Dj Beatman), Արման Մնացականյանը (Drums), Էդգար Ավետիսյանը (Bass), Արեգ Օրդյանը (Guitar), Վահե Մարտիրոսյանը (Keyboard), Դավիթ Մելքոնյանը (Saxophone), Դանիել Մելքոնյանը (Trumpet)։ Համերգը վարել է Armcomedy-ի սիրված հաղորդավար Սերգեյ Սարգսյանը, որը համերգի գաղափարի առաջին օրերից դարձել է նախաձեռնող խմբի անդամ։ Իրենց երգերով հանդես են եկել Karlos Saha-ն, Միսակ Ոսկանյանը, Անդրանիկ Հարությունյանը, Armenian Beatbox Association-ի տղաներից՝ Հայկ Սնխչյանը: Էրիկ Հմայակյանն ու Ռոբերտ Հակոբյանն էլ ներկայացրել են կենդանի բիթբոքս։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Արամ Կարապետյանի եւ Ինգա Ավանեսովայի

«Առավոտ» օրաթերթ
13.07.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031