Անդրանիկ Մանուկյանը՝ մանկավարժության, Աստծո սիրո ու արվեստի մասին
Անդրանիկ Մանուկյանը մասնագիտությամբ մանկավարժ է, ֆիզկուլտուրայի եւ սպորտի մասնագետ։ Երկար տարիներ զբաղվել է կարատե մարզաձեւով, դասավանդել է բուհում, մանկապարտեզում եւ դպրոցում։
«Բուհում դասավանդելու տարիներին հայ ազգային պարեր եմ սովորել եւ առաջին իրականացրածս ծրագիրը պարահրապարակի կառուցում էր Արցախի Քարվաճառի շրջանի Նոր Բրաջուր գյուղում, որը, ցավոք սրտի, հանձնվեց Ադրբեջանին»,-մեզ հետ զրույցում ասում է Անդրանիկ Մանուկյանը:
Ապա հավելում է. «Այնուհետեւ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում դասավանդել եմ Տավուշի մարզի սահմանապահ Մովսես գյուղում՝ որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ»։
Մովսեսում անցկացրած երկու տարիների ընթացքում ընկերների եւ աշակերտների հետ մի քանի ծրագրեր են նախաձեռնել։ Մովսեսից հետո Անդրանիկը վերադարձավ հայրական օջախ՝ Արարատի մարզ։ Այժմ զբաղվում է նոր մասնագիտությամբ՝ կավագործությամբ։ Ամիսներ առաջ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Արտակարգ կրթություն» ծրագրի շրջանակներում կավագործություն է դասավանդել Արարատի մարզի Դաշտավան եւ Զորակ համայնքներում բնակվող Արցախից տեղահանված երեխաների հետ։
Կարդացեք նաև
Այժմ «Սեւանի երիտասարդական ակումբ» հ/կ-ի նախաձեռնությամբ Սեւան քաղաքում եւ «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Տավուշի մարզի սահմանապահ Բերդավան համայնքում անցկացնում է կավագործության դասեր, նպատակ ունենալով պատրաստել ուսուցիչներ, ովքեր կաշխատեն տեղի երեխաների հետ եւ սեփական արտադրանք կստեղծեն։
«Որպես հայ քրիստոնյա՝ ինձ ոգեւորում է Աստծո սերը, իսկ ուղղակի որպես մարդ` երեխաներն ու իրենց գրանցած հաջողությունները։ Ինձ մոտիվացնում է իմ կողակիցը, ով իր անմնացորդ նվիրվածությամբ ու սիրով շատ ավելի գեղեցիկ է դարձնում կյանքս»,-ասում է Անդրանիկն ու ժպտում։ Զրուցակցիս խոսքով կավի աշխատանքը շատ հետաքրքիր ու բազմաբեւեռ է. դու կարող ես կավով քանդակ անել, աշխատել միայն ձեռքերով կամ գրտնակով ու ձեռքերով, կարող ես օգտագործել բրուտանիվը կամ գիպսե կաղապարով ստանդարտ իրեր ստանալ։ Սա ընդամենը մի մասն է, իսկ ամեն մի վարպետ գտնում է կավով աշխատելու իր սրտին մոտ ու հավանած տարբերակը։ Իսկ ինչ վերաբերում է ենթարկվելուն, Անդրանիկն ասում է, որ կավը ազատ կամք ունի, ինչպես եւ մարդը. ամեն պահի այն կարող է անակնկալներ մատուցել։
Կավը նաեւ մի շարք բուժիչ հատկություններ ունի։ Խոսելով դրանց մասին, կավագործ ու մանկավարժ Անդրանիկ Մանուկյանը պարզաբանում է. «Կավի տարբեր տեսակներ կան, ուստի կարծում եմ, որ ավելի խորը բժշկական մասնագիտացում է հարկավոր բուժական հատկությունները ուսումնասիրելու համար։ Ես ավելի շատ թերապեւտիկ նշանակությունն եմ ուսումնասիրում, այսինքն՝ կավի հետ աշխատանքի դրական ազդեցությունը մարդկանց վրա»։ Անկեղծանում է` երբեք լիաթոք չի ստեղծագործել։ Դրա համար իրեն մեծ խաղաղություն է հարկավոր՝ զբաղվածության տեսանկյունից։
«Արվեստը եփվում է իմ հոգում, մտքում ու մի օր այն անպայման կժայթքի։ Արվեստի եւ հատկապես կավագործության ոլորտում շատ կարեւոր մարդկային հատկանիշներ են համբերատարությունն ու նվիրվածությունը, որոնք իրենց դրական արդյունքը միանշանակ տալիս են»,-ասում է նա։ Տաղանդ ասվածի մասին միշտ խուսափում է խոսել։
Մեկ տարուց մի քիչ ավելի է, ինչ նշանածի՝ Անիի հետ կավագործության գիտելիքներ եւ կարողություններ են ձեռք բերել ու իրենց փոքրիկ գործը դրել։ «Առանց Անիի ոչինչ չէր ստացվի,-փաստում է Անդրանիկը` շարունակելով պատմել,֊ «Սաղմոս Կերամիկա» ապրանքանիշի ներքո պատրաստում ենք կավե տարբեր իրեր, ինչպես օրինակ՝ զարդեր, սպասք, հուշանվերներ եւ ինտերիերի դետալներ։ Մեր հիմնական արտադրանքը զարդերն են։ Արվեստն ինձ համար կյանքի ձեռագիր է։ Այն ինձ համար ավելի շատ գաղափար է, իսկ նյութը` միջոց»։
Անդրանիկն ասում է, որ շուտով պատրաստվում են նոր ու հիմնական արվեստանոց հիմնել, որտեղ կանցկացնեն կավագործության դասեր եւ նոր արտադրանք կունենան, որն էլ աշնանը կներկայացնեն մարդկանց։ Նաեւ կշարունակեն ծրագրեր իրականացնել մարզերի երեխաների համար, ինչպես նաեւ նպաստել ոլորտի զարգացմանը։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
13.07.2021