«Նոր կտակարանը մեծագույն գիրքն է այսօրվա եւ ապագա ողջ աշխարհի համար»
Չարլզ Դիքենս
Թարգմանիչն իր համեստ աշխատանքը նվիրել է Արցախյան եռապատերազմի մասնակիցներին. իր զարմիկի՝ Ադամ Սահակյանի, նրա հրամանատարի՝ Ալեքսան Առաքելյանի, Մենուա Հովհաննիսյանի, Քյարամ Սլոյանի եւ պատերազմներում զոհված մեր բոլոր հերոսների հիշատակին: Նրանց սխրանքը եւ հիշատակը անմահ են։
Գիրքը լույս է ընծայվել Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ, Գրիգոր Մովսիսյան եւ Նաիրա Կարապետյան ամուսինների մեկենասությամբ։ Խմբագիրն է պատմաբան, հայագետ Ռուբեն Նահատակյանը, նկարիչը՝ Մայիս Մխիթարյանը…
Համաշխարհային հռչակ վայելող, դասական գրող Չարլզ Դիքենսը Հայաստանում սիրված անուն է։ Նրա ստեղծագործությունները հայ ընթերցողին են ներկայացվել դեռեւս 1882թ.։ 1891թ. հրատարակվել է նրա «Սուրբծննդյան պատմություն» երկը, իսկ 1894թ. Ալեքսանդրապոլում՝ «Օլիվեր Թվիստ» վեպը։ Սրանք եւս վառ վկայություններ են՝ շառաչյուն ապտակներ թուրք-ազերի ելուզակների եւ նրանց անամոթ դաշնակիցների դեմքերին։ Խորհրդային Հայաստանում հրատարակվել են եւս հինգը, այդ թվում՝ «Դավիթ Կոպերֆիլդը», որոնք մեծ արձագանք են գտել հայ ընթերցողների շրջանում։
Ներկայացվող թարգմանությունը՝ «Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքը» հրաշափառ գիրքը հայ բարեպաշտ ընթերցողի համար անգնահատելի նվեր է։ Նպատակը՝ լրացնել մեծանուն գրողի հայերեն թարգմանված գրքերի ցանկը։
Մերի Դիքենսի «Առաջին հրատարակության նախաբան»-ից տեղեկանում ենք (1934). հեղինակն այն վերաշարադրել է 1849թ. բացառապես իր զավակների համար։ Երեխաներին հաճախ է պատմել ավետարանական պատմություններ, նրանց ուղղված նամակներում սուրբգրքային մեջբերումներ կատարել, ամենեւին մտադրություն չունենալով այն հրատարակել, ցանկացել է, որ մշտապես տանն ունենային ընտանիքի հոր կրոնական խոհերի գրառումը, որ այն լավագույնս համապատասխաներ սեփական երեխաների ընկալմանը։ Նախատեսված չի եղել հանրության համար։ Նրա որդին՝ սըր Հենրին, իր կյանքի օրոք չի մտադրվել հրապարակել ձեռագիրը, սակայն իր մահից հետո չհրապարակելու պատճառ էլ չի ունեցել։
Սըր Հենրիի կտակի համաձայն ձեռագիրը կարող էր լույս տեսնել միայն մի պայմանով՝ եթե իր մահից հետո ընտանիքի անդամների մեծամասնությունը հավանություն տար ձեռագիրը դարձնելու մարդկության սեփականությունը։ 1934թ. մարտին այն շարունակաբար լույս ընծայվեց շարքի տեսքով։
Քրիստոֆեր Չարլզ Դիքենսի «1996թ. հրատարակության նախաբանից» էլ տեղեկանում ենք. «…Այստեղ բացահայտվում են նրա մտքերը քրիստոնեության վերաբերյալ՝ ամենաէականի մասին. այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա սույն հոգեշահ գրվածքը գրել է ոչ միայն դեռատի ընթերցողների համար, այլեւ կրկնելու սեփական հավատամքը՝ Աստծո Ավետարանի հանդեպ այն ամրապնդելու համար՝ այսպիսով վերապատմելով Ավետարանական պատմությունը գրավչորեն թեթեւ, բայց ուղիղ ու ճշգրիտ կերպով։
Հրատարակված գիրքն ինքնին կարեւորագույն ուղերձ է աշխարհի բոլոր ընտանիքներին։ Այսօր ես պարզապես ցանկանում եմ ավելացնել այն խոր գիտակցումը, թե Ով էր Հիսուս Քրիստոսը՝ Ով մնում է անփոփոխ մինչ այսօր եւ հավիտյան…»։
Չարլզ Դիքենսի ծոռները հույս են հայտնել, որ «Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքը» գրքի ընթերցանությունը կդառնա յուրահատուկ փոքր ճանապարհորդություն-փորձարարություն, իսկ գրքի ուղերձի անկեղծությունը մեզ բոլորիս կընձեռի Աստծուն առավել լավ հասկանալու կարողություն։ Այստեղ Դիքենսը ցույց է տալիս ոչ միայն քրիստոնեության էությունը, այլեւ քրիստոնյայի, թե ի՞նչ ասել է քրիստոնյա, թե ի՞նչն է քրիստոնյայի կյանքը։
Կարեն Գեւորգյանը թարգմանելով սույն գիրքը՝ «…Հույս է տածում ծառայելու Տիրոջ փառքին, մերձավորին եւ իր նվաստ նպաստը բերելու մեծն Դիքենսի՝ աշխարհը քիչ ավելի բարի դարձնելու ջանքին՝ լծակից դառնալով նրա սկսած աստվածահաճո հարատեւ գործին։ Տա՛ Աստված»։
Հիրավի, թարգմանչի բառերով ասած՝ «Թարգմանությունը նաեւ տուրք է եւ ինքնատիպ խոնարհում մեծ գրողի անմահ հիշատակին»։
Գրքի շնորհանդես-ցուցահանդեսը տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միությունում։ Մասնակցում էին կրթության, գիտության, արվեստի, մշակույթի ոլորտի, հոգեւոր դասի ներկայացուցիչներ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանը, շնորհակալական ուղերձով՝ Անգլիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Ելույթներ ունեցան Արագածոտնի թեմի առաջնորդը, մեկենասը, թարգմանիչը, նկարիչը։ Վերջինիս ելույթից հետո, ծափահարությունների ներքո ներկաները հրավիրվեցին գրքում զետեղված նկարազարդումների մեծադիր կտավների՝ բնօրինակների ցուցադրմանը։
Մայիս Մխիթարյանը մեր ակնառու գեղանկարիչներից է, համեստագույն անձնավորություն։ Նրա վրձնին հատուկ են անկեղծությունը, ազատ մտածելակերպը։ Հաճախ է անդրադառնում հոգեւոր թեմաներին։ Ցուցահանդեսի կտավները ներդաշնակ են՝ «Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքը» գրքի բովանդակությանը, յուրովի արարված պատկերային լրացումներ են, որոնք ավելի մատչելի եւ ընկալունակ են դառնում դիտողի կողմից։ Պայծառ գույներով, լույս ու ստվերի համադրությամբ են ընդգծված մեծ մարդասերի խոհն ու ասելիքը։
Նշենք «Ավետում», «Հրեշտակների այցը հովիվներին», «Նորածնի երկրպագությունը», «Հիսուսի մկրտությունը», «Հիսուսի պայծառակերպությունը», «Եղիցի կամք Քո», «Հիսուսի երկրորդ գալուստը» արարումները, որոնք դիքենսյան շնչով առաջնորդված յուրովի մեկնաբանություններ են։ Հետաքրքիր, հայ ոսկեղենիկ գունային լուծումներով է արված «Մշո ճառընտիր» կտավը։ Մշակութային հոգեւոր խորհրդանիշ-կերպարներ են դարձել աստվածատուր ձայնով օժտված երգչուհիներ Լուսինե Զաքարյանը եւ Հասմիկ Պապյանը, որոնց ձեռքերին է «Մշո ճառընտիրը», մեր սուրբ հայրերի հոգեւոր գանձերը։ Սա էլ է քրիստոնյային վայել գնահատում։
Չարլզ Դիքենսի գրքի՝ «Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի կյանքը» շնորհանդես-ցուցահանդեսը մի յուրօրինակ հավատաքննություն էր, հոգեւոր բավականություն, դարձ ի շրջանս յուր, հաղորդություն առ Աստված։
Գուրգեն ԼՈՌԵՑԻ
«Առավոտ» օրաթերթ
13.07.2021